Երբ «Ալի Բաբան և քառասուն ավազակները» հեքիաթի հերոսը գանձերով լի քարանձավը մտնելու համար արտասանում էր «Սիմ-սի՛մ, բացվիր» կախարդական բառերը, թերևս չէր էլ ենթադրում, որ սիմ-սիմը, նույն ինքը սեզամը կամ քունջութը շատ ավելի կարևոր դռներ կարող է բացել՝ առողջության ու երկարակեցության «դռները», որոնց առջև խամրում են աշխարհի բոլոր գանձերը։
Սակայն արդարության համար նշենք, որ սեզամի՝ քունջութի օգտակարության մասին մարդկությունը գիտեր մեզնից դեռ 5000 տարի առաջ և ամենատարբեր եղանակներով օգտագործում էր քունջութի սև ու սպիտակ, կարմիր ու դեղին սերմերը՝ դրանցից պատրաստելով գինի, մածուկներ, տարատեսակ յուղեր և ուտեստներ։ Քունջութի մասին հիշատակվում է աշխարհի հնագույն հիշատակարաններում, որոնք, օրինակ, պատմում են, որ քունջութի գինին ասորական աստվածների սիրելի ըմպելիքն էր, իսկ քունջութի այրված սերմերից պատրաստված մածուկը՝ արևելքի գեղեցկուհիների հարդարանքի պարագան, որն օգտագործում էին իրենց սև ու արտահայտիչ աչքերի գրավչությունն ընդգծելու համար։
Իսկ այ Բաբելոնի բնակիչները համարում էին, որ սեզամի սերմերով է լցված անմահության ճանապարհը։ Իհարկե, գուցե սա մի փոքր չափազանցված պատկերացում է, այնուամենայնիվ, քունջութի օգտակար հատկությունները բավականին շատ են այն արժեքավոր մթերքների շարքին դասելու և խոհանոցում կարևոր տեղ տալու համար։
Կարդացեք նաև
Քունջութը մինչև 2 մետրի հասնող բույս է, որն աճում է Աֆրիկայում, Հնդկաստանում, Հեռավոր Արևելքի երկրներում և Միջին Ասիայում։ Սպիտակ կամ վարդագույն ծաղիկներով ու նուրբ բույրով այս բույսը շատ դիմացկուն է և կարողանում է դիմակայել թե՛ երաշտին, թե՛ անդադար անձրևներին։
Սակայն այն նաև քմահաճ է և ուշադրություն է պահանջում, քանի որ սերմերով լի տուփիկները կարող են հասնել ու շատ արագ պայթել՝ շուրջբոլորը տարածելով քունջութի արժեքավոր սերմերը։
Քունջութի սերմերը լինում են սպիտակ, սև ու կարմիր․ գույնը կախված է ինչպես բույսի տեսակից, այնպես էլ մշակման եղանակից։ Ավելի շատ տարածված են սև ու սպիտակ սերմերը, որոնց միակ տարբերությունը մշակման աստիճանն է։ Սակայն սև՝ այսինքն ամբողջական՝ չկեղևազրկված սերմերը գնալով ավելի մեծ տեղ են գրավում խոհարարության մեջ, քանի որ վերջիններս պահպանում են կեղևում առկա վիտամիններն ու օգտակար նյութերը։
Սակայն կարևոր է իմանալ, որ քունջութի բոլոր օգտակար հատկություններն ամփոփված են հում սերմերում, իսկ ջերմային մշակման ենթարկվելիս դրանք համեղ, բայց և ոչ այնքան օգտակար համեմունք են։
Քունջութը հանքանյութերի գանձարան է
85 գրամ քունջութի սերմերը պարունակում են՝
- պղինձ (օրական նորմայի 73,5%-ը),
- մագնեզիում (օրական նորմայի 44,5%-ը),
- կալցիում (օրական նորմայի 35,1%-ը),
- ֆոսֆոր, ցինկ, սելեն։
Այս բաղադրության շնորհիվ քունջութը շատ օգտակար է ռևմատոիդ արթրիտ ունեցող մարդկանց համար, ինչպես նաև հատկապես խորհուրդ է տրվում այն մարդկանց, որոնք կաթնամթերք չեն օգտագործում։
Քունջութը հատուկ բջջանյութի աղբյուր է
Բոլորին է հայտնի, թե որքան օգտակար է բջջանյութը մարսողության համար, սակայն քունջութը պարունակում է նաև հատուկ տեսակի մանրաթելեր, որոնք անվանում են սեզամին ու սեզամոլին․ սրանք լիգնանների խմբին պատկանող մանրաթելեր են, որոնք
- կարգավորում են օրգանիզմում խոլեսթերինի մակարդակը,
- իջեցնում են զարկերակային ճնշումը,
- վերականգնում ու բարելավում են մարսողությունը,
- պաշտպանում են լյարդը օքսիդատիվ վնասվածքներից,
- նպաստում են վիտամին Е-ի ավելի լավ յուրացմանը (հոգալով մաշկի, մազերի ու եղունգների առողջության մասին)։
Քունջութի սերմերը բարձրակարգ ֆիտոստերիններ են պարունակում
Ֆիտոստերինները բույսերում հանդիպող միացություններ են, որոնց քիմիական կառուցվածքը շատ նման է խոլեսթերինի կառուցվածքին։ Եվ որքան էլ դա պարադոքսալ թվա, ֆիտոստերիններն օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, բարելավել իմունային համակարգը, կանխարգելել քաղցկեղի որոշ տեսակների զարգացումը։
Ֆիտոստերինները հատկապես օգտակար են դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց համար, նպաստում են հորմոնալ հավասարակշռության կարգավորմանը, հանգստացնում նյարդային համակարգն ու պաշտպանում կրծքագեղձի քաղցկեղի զարգացումից։
100 գ քունջութը մոտ 400 մգ ֆիտոստերիններ է պարունակում։
Քունջութն օգտակար է սթրեսի ու հոգնածության դեպքում
Մագնեզիումը կարևորագույն դեր է խաղում օրգանիզմի նյութափոխանակության գործընթացներում, կարգավորում է նյարդային համակարգը, իսկ մագնեզիումի բարձր պարունակության շնորհիվ քունջութը հակասթրեսային ազդեցություն է գործում։
Քունջութը սպիտակուցների ու ամինաթթուների հարուստ աղբյուր է և կարող է հատկապես օգտակար լինել բուսակերների համար։
Պատահական չէ, որ հնուց ի վեր քունջութը լայնորեն օգտագործվում է բուսակերությամբ հայտնի երկրների խոհանոցում, օրինակ՝ Հնդկաստանում։
Քունջութը լայնորեն կիրառվում է նաև ժողովրդական բժշկությունում
Հնուց ի վեր քունջութի սերմերը, թուրմն ու յուղն օգտագործվել են առողջական մի շարք խնդիրների դեպքում։
- Քրոնիկ հազի և ասթմայի դեպքում քունջութի յուղն ու թուրմը նվազեցնում են ցավային զգացողությունները, շնչուղիների կծկումն ու բորբոքային երևույթները, օգնում անգինայի ու ֆարինգիտի դեպքում։
- Քունջութը հայտնի է հակաճիճվային ու լուծողական ազդեցությամբ։ Այն օգտակար է մակաբույծների դեմ պայքարում, փորկապության, աղեստամոքսային համակարգի խնդիրների բուժման ժամանակ։
- Քունջութի յուղը նպաստում է արյան մակարդելիության բարելավմանը։
- Քունջութի յուղով ճակատի ու քունքերի մերսումը դրական ազդեցություն է գործում անքնության դեպքում։
- Քունջութի յուղի ու ալոեի խառնուրդը օգնում է թեթևացնել մաշկի գրգռվածությունն ու կարմրությունը։ Քունջութի յուղը նաև շատ լավ պաշտպանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից․ այն կարող է ծառայել որպես արևապաշտպան միջոց լողափում։
- Քունջութի յուղով մերսումը դրական է անդրադառնում լնդերի վիճակի վրա։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ





















































