Իրանի չորսօրյա հանգստյան օրերից հետո մամուլը հրատարակվեց 9 հոկտեմբերին․ այդ չորս օրերը մեզ համար կարևոր էին տարածաշրջանային լուրերի և իրանական կողմի տեսակետներին ծանոթանալու համար։ Ուսումնասիրել եմ տասից ավելի օրաթերթ․ մեզ հետաքրքրող երեք նյութ կա։
Կառավարության պաշտոնաթերթ «Իրանը» մանրամասնորեն ամփոփել է արտաքին գործերի նախարար Աբդօլլահյանի այցը Մոսկվա, «Արմանե Մելլի» օրաթերթը Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ հարցազրույց է վարել նախկին դիվանագետ և միջազգային հարցերի փորձագետ ֆերեյդուն Մաջլեսիի հետ (), իսկ «Է՛թեմադ» օրաթերթը հրապարակել է փորձագետ Համիդ Ռեզա Ազիզիի հետ հարցազրույց Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ։ Հայաստանում այդքան աղմուկ հանած Բաքու-Նախիջևան թռիչքների մասին ոչ մի անդրադարձի չեմ հանդիպել։
Շաբաթ օրվա մամուլի հիմնական թեմաներն եղել են․ Իրանի միջուկային թնջուկը, ատոմական ծրագրի սահմանափակման վեցյակի հետ բանակցությունների ձգձգումը: Շիա աղոթարարների սպանությունը Աֆղանստանում՝ Գանդահարի մզկիթի պայթյունը: Կորոնայի շարունակվով ավերները, երկրում ամեն տեսակի բժշկի պակասը: Իրանի նավթային գումարների սառեցման խնդիրը Հարավային Կորեայի բանկերի կողմից, առաջնորդ Խամենեիի հրամանով որպես պատիժ այլևս Հարավային Կորեայից Samsung ու LG տեխնիկա չի ներմուծվելու, կարող է հարավ-կորեական սերիալներն էլ այլևս չցուցադրվեն, մանուկները զայրացած են ամբարտավան կորեացիների ձեռքից: Արտգործերի նախարարի լիբանանյան այցը հաջող է ընթանում։
11 տարի տնային կալանքի տակ գտնվող նախագահի թեկնածու Քառուբին խոսեց՝ ասելով պահպանել իսլամական պետությունը, բայց բարեփոխել: Ցենզուրայի տակ գտնվող շրջանավարտ նախագահ Խաթամին ևս խոսեց ասելով մենք շեղվել ենք հանգուցյալ Իմամ Խոմեյնու գծած ուղուց: ԱՄՆ-ն Իրանի տնտեսական հսկաներից՝ Մամութի դեմ պատժամիջոցը հանեց: Իրանի առաջին նախագահի մահվան լուրը հրապարակվել է մամուլը տպագրվելուց հետո, ուստի որևէ անդրադարձ չէր կարող լինել։
Կարդացեք նաև
***«Արմանե Մելլի» օրաթերթի շաբաթ 9 հոկտեմբերի համարում Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ հրապարակել է հարցազրույց նախկին դիվանագետ և միջազգային հարցերի փորձագետ ֆերեյդուն Մաջլեսիի հետ։ Հարցազրույցից ներկայացնում եմ հատվածներ․ Մաջլեսիի կարծիքով «Իրանի և Ադրբեջանի միջև եղած կոնֆլիկտը կապվում է Իրանի ատոմային ծրագրերի սահմանափակման միջազգային բանակցություններին և ՆԱՏՕ-ին։ Ադրբեջանի դեմ մեկ կրակոցն անգամ ընկալվելու է որպես պատերազմ ՆԱՏՕ-ի դեմ։ Ադրբեջանն իրավաբանորեն ոչ մի հակաիրանական քայլ չի կատարել և Ադրբեջանի կողմից Հայաստանի մի հատվածի հավանական գրավումը, բավարար հիմք չէ ռազմական գործողություններ սկսելու համար։ Ռուսաստանը սահմանների անվտանգության երաշխավորն է․ Նախիջևանն ուզում է ճամփա ունենալ դեպի մայր հող և Հայաստանն էլ ճամփա ունի դեպի Ադրբեջանի հայանիստ՝ Ղարաբաղ հատված։ Դա այդ երկրների իրավունքն է և ոչ մի ճանապարհ չի փակվում։
Իրանի նոր իշխանությունները կարծր թևից են, միշտ էլ դեմ են եղել ատոմային ծրագրերի միջազգային սահմանափակման և հիմա էլ ժամանակ են շահում, որպեսզի իրենց փորձարկումները տրամաբանական ավարտի հասցնեն և հաղթական դիրքով ներկայանան բանակցություններին։ Մյուս կողմն էլ սեղմում է Իրանի շրջափակման օղակը, չի բացառվում նաև ռազմական գործողությունները։ Այդ շրջափակումը մենք տեսնում ենք նաև երկրի հյուսիս-արևմուտքում․ փաստացի դրան մասնակից են Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը և անգամ Հայաստանը։ Ուզում են Իրանի ելքերը փակել․ Պակիստանը ևս այս խմբում է, նա ԱՄՆ-ի օգնությամբ հեղաշրջում կազմակերպեց Աֆղանստանում և այստեղից էլ շրջափակման օղակը սեղմվում է։ Թուրքմենիայի հետ ևս մեր հարաբերությունները բարեկամական չեն։ Հարավում ևս Իսրայելի ներկայությունը շոշափելի է, արաբական երկրները միացել են Իսրայելի հետ խաղաղության «Աբրահամ» նախագծին։ Մեզ մոտ ծայրահեղական խմբեր կան, որոնք գրգռություններ են առաջացնում։ Թուրքիայի քայլերը միայն քարոզչական արժեք ունեն և ներքին սպառման ու թուրքալեզու ժողովուրդներին բավարարելու համար են։ Թուրքիան երբեք Իրանի նման առևտրային լավ շուկան ձեռքից բաց չի թողնի, համ էլ նրանց ընտրությունները մոտ են և Էրդողանը ազգայնականության չափաբաժինը պետք է շատացնի․ նա միշտ էլ իր երկրի մասսաների ազգայնական զգացմունքները չարաշահում է։ Մենք հանես ենք գալիս որպես աշխարհի շիա մուսուլմանների պաշտպան, Թուրքիան էլ հավակնում է աշխարհի թուրքալեզու ժողովուրդների պաշտպանի դերին։ Թուրքիան Իրանի դեմ ոչ մի խնդիր չունի»։
***«Է՛թեմադ» օրաթերթի շաբաթ 9 հոկտեմբերի համարում էլ հրապարակել է փորձագետ Համիդ Ռեզա Ազիզիի հետ հարցազրույց Հարավային Կովկասի հարցերի վերաբերյալ։ Հարցազրույցից ներկայացնում եմ հատվածներ․ Ազիզիի կարծիքով «Իրանի դեմ Արբեջան-Թուրքիա-Իսրայել միասնական դավադրության տեսությունը չափազանցություն է։ Ադրբեջանում հակաիրանական տրամադրությունները սահմանափակվում են մի շարք կազմակերպություններում․ պետական շրջանակներում նման միտում չի նկատվում։ Իրանը մտահոգ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների համար, բայց դա իր հողային ամբողջականությանը չի սպառնում։ Ադրբեջանը Իրանի անվտանգությանը և հողային ամբողջականությանը սպառնալու քաղաքական-ռազմական հնարավորություն և մտադրություն չունի։ Իրանի մտահոգությունը տարածաշրջանում Իսրայելի և իսլամ ծայրահեղ վարձկանների ներկայությունն է, իսկ Թեհրանը Բաքվի հետ իր հարցերը պետք է լուծի դիվանագիտական խողովակներով։
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած հարցերը չպետք է նույնացնել և առանձին մոտեցումներ են պետք։ Իրանի ԱԳՆ նախարարը Մոսկվայում ակնկալել է Ռուսաստանի առավել ակտիվությունը տարածաշրջանում․ ինչու՞ չի ստացվում։ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակ է փոխվել, նոր խաղացողներ են հայտնվել, ակտիվացել են Թուրքիան և Իսրայելը, Ռուսաստանի դերը նվազել է։ Մոսկվան արտոնել է, որ Չինաստանը մտնի Միջին Ասիա, իսկ Թուրքիան՝ Հարավային Կովկաս։ Ռուսաստանը չի ցանկանում, որ Իրանի ազդեցությունը տարածվի այս շրջանում։ Նա մինչ այժմ երեք անգամ՝ 1990-ականներին, 2016-ին և 2020 թվականին խանգարել է Թեհրանի միջնորդական ջանքերը։ Իրանի միջուկային հավակնությունների սահմանափակման միջազգային ծրագրերը խանգարում են, որպեսզի Թեհրանը ակտիվանա Հարավ-Կովկասում։ Ադրբեջան-Թուրքիա կամ Ադրբեջան-Թուրքիա- Պակիստան (երեք եղբայր) զորավարժությունների թիրախը Ռուսաստանն է և ոչ թե Իրանը․ չմոռանանք, որ այս զարգացումները տեղի են ունենում Սիրիայի Իդլիբ նահանգի շուրջ տեղի ունեցող մարտերի ֆոնին։ Սա մրցակցություն է և ոչ թե կոնֆլիկտ։ Ռուսաստանը Իսրայելի տարածաշրջանային ազդեցության չեզոքացման հարցով միայն մի դեպքում մեզ կօգնի․ նա առևտրի մեջ կմտնի Իրանի հետ հետևյալ բանաձևով՝ Դուք հեռացեք Իսրայելի հարևան Սիրիայից, Իսրայելն էլ կհեռանա Իրանի հարևան Ադրբեջանից։ 44-օրյա պատերազմի օրերին իշխանությունները մեզ չլսեցին․ մենք ասացինք կվտանգվի մեր կապը Հայաստանի հետ և Թուրքիայի ազդեցությունը կշատանա։ ԻԻՀ-ն հաղթողին պաշտպանեց այն հույսով, որ հետո հաղթանակից բաժին կստանա։ Ալիևը պատերազմի ավարտին հատուկ շնորհակալություն հայտնեց Թեհրանին, բայց հիմա ասպարեզը տվել է Թուրքիային։ Մենք որևէ մասնակցություն չունենք պատերազմից տուժած շրջանների վերականգնման գործում, ԻԻՀ-ն նեղացած է, որ իր ակնկալիքները չարդարացան»։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ


















































