Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավոք, հետո պարզվեց, որ դա բոլորովին էլ «պանթեոն չէր», այլ` մի տարածք, որտեղ պարզապես թաղում է կատարվել»

Մարտ 24,2022 14:00

Երեւանի հիվանդանոցներից մեկում իր երրորդ երեխային վաղաժամ լույս աշխարհ բերած Շուշանը, ով չէր հասցրել տեսնել իր նորածնի դեմքը, հոկտեմբերի 23-ին ծնողների ու եղբոր հետ շտապում էր Սիսիան` հոկտեմբերի 24-ին պանթեոնում հուղարկավորելու զոհված ամուսնուն` Վահե Քարամյանին, բայց շտապող մեքենան Գորայք գյուղի մոտակայքում ողբերգական վթարի է ենթարկվում, ու Շուշանը դառնում է ավտովթարի զոհ:

Սիսիանի Պանթեոնից հեռու, քաղաքային նոր գերեզմանատան մոտ, մի առանձին տեղում, 44-օրյա պատերազմի նահատակ Վահե Արսենի Քարամյանի շիրմաքարն է: Նրանից առաջ այդ նույն վայրում հուղարկավորվել է նրա հորեղբոր տղան` Սիսիանի զորամասի պայմանագրային զինծառայող, 25-ամյա սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանը, ով մահացել էր 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, Սիսիանի պաշտպանական դիրքերում՝ մնալով ձնահոսքի տակ: Նույն վայրում, սակայն, մեկ ուրիշ գերեզման էլ կա. 44-օրյայի նահատակ Վահե Քարամյանի կնոջ` Շուշանի գերեզմանն է: Այս պարզ շարադրանքի տակ, սակայն, մի մեծ, դաժան ու անասելի ցավոտ ողբերգություն է «թաքնված», անձնական, ընտանեկան, ազգային եւ համամարդկային ողբերգություն, որը 44-օրյա պատերազմի հրեշավոր կողմերից մեկն է, սահմռկեցնող, իրական ու դաժան դեմքը:

Առաջնագծի պատերազմին համազոր մի «պատերազմ» էլ սա էր, բայց` թիկունքում: Ողջ երկիրը ցնցվեց զուգահեռ ընթացող երկսայրի այս պատերազմից, որը, ով գիտե, ինչպես Վահեի մայրն է ասում, պատմության մեջ հարյուր տարին մեկ անգամ լինի, կամ` չլինի. Շուշանի ավտովթարի զոհ դառնալը…: Լուրը կայծակնային արագությամբ պայթում է օդում ու … «սպանում» ապրողներին: «Պատերազմը» առաջնագծից «տեղափոխվել էր» թիկունք` տակնուվրա անելով բոլորին: Հոգեկան ցնցումը համակ էր, երկրով մեկ, աշխարհով մեկ, ցավը` անչափելի, իրավիճակը` ծայրահեղ բարդ, դեպքը` մարդկային բանականության մեջ չտեղավորվող… ու ողջ դառնությամբ հառնում է երկմտանքը` ինչպես հուղարկավորել նահատակ զինվորին եւ նրա կնոջը:

«Մենք հոգեկան ցնցման մեջ էինք: Ինչպես ասում են` դեռ չէինք գիտակցում` ինչ է կատարվել: Մի կողմից` Վահեն, մյուս կողմից` Շուշանը: Մեզ ասացին, որ Վահեի տեղն արդեն փորված է Սիսիանի պանթեոնում, բայց կնոջը չեն կարող նրա մոտ հուղարկավորել, քանի որ տեղ չկա: Վահեն ու Շուշանը եզակի զույգ էին, իրար անսահման սիրող, իրար նվիրված, ու մեղք կլիներ նրանց իրարից բաժանելը, Աստծո միավորածը մարդը չպիտի բաժաներ, պիտի միասին հուղարկավորվեին, ուստի մեզ առաջարկեցին նրանց հուղարկավորել Վահեի հորեղբոր տղայի` Հայկի մոտ, քանի որ, ըստ հուղարկավորման կազմակերպիչների, դա նույնպես պանթեոն էր:

Վահեին ու Շուշանին հուղարկավորեցինք միասին` այդ «պանթեոնում»: Ցավոք, հետո պարզվեց, որ դա բոլորովին էլ «պանթեոն չէր», այլ` մի տարածք, որտեղ պարզապես թաղում է կատարվել: Երբ մեր ընտանիքի հետ պատահած շոկից մի քիչ ուշքի եկանք, փորձեցինք հասկանալ` ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ զինվորական պարտականությունները կատարելու ժամանակ մահացած պայմանագրային զինծառայողը, ինչպես հարկն է, չի հուղարկավորվել քաղաքային զինվորական պանթեոնում, այլ` իրենց ասած` «պանթեոն-2»-ում, մեզ «պարզաբանեցին», իբր, Հայկը «թուրքի գյուլլից չի ընկել»: Բայց պանթեոնում բոլոր հուղարկավորվածնե՞րն էին «թուրքի գյուլլից ընկել», մինչդեռ` Հայկը իր «հաճույքի համա՞ր էր» ձնահոսքի տակ մնացել: Հետո փորձեցինք գտնել «սովորական տարածքի»` պանթեոն համարվող պաշտոնական որեւէ փաստաթուղթ, որեւէ որոշում, բայց նման բան չկար: Այս կամայականությունը, ցավոք, տարածվել է նաեւ Վահեի նկատմամբ: Եվ ստացվում է, որ հայրենյաց նահատակին պանթեոնում հուղարկավորելու առաջնահերթությունը ստորադասվել է «չի թույլատրվում կնոջը պանթեոնում հուղարկավորել» սին արդարացմանը: Այնինչ` Վահեին ու Շուշանին պիտի հուղարկավորեին հենց Սիսիանի պանթեոնում` իրար կողք, ի տես բոլորի, բոլոր ժամանակների, որ տասնամյակներ հետո էլ մարդկանց տեսանելի լինի պատերազմի իրական արհավիրքը, հրեշավոր դեմքը, անդառնալի կորուստները, մարդկության նկատմամբ իրագործված ոճրի ծանր հետեւանքները: Ով գիտի` պատմության մեջ էլի՞ նման դեպք կա, գուցե հարյուր տարին մեկ նման դեպք պատահի, ինչն ինքն իրենով արդեն պատերազմի մերժումն է»,- մի քիչ վրդովված, մի քիչ` նեղսրտած ասում է Վահե Քարամյանի մայրը` Մարինե Վարդանյանը, հետո հավելում, որ աթոռներ զբաղեցնող որոշ մարդիկ այնքան էին կորցրել մարդկային դիմագիծը, որ շղթայական կապով մեկը մեկի վրա բարդեց մեղքը` իր սեւերեսությունը փրկելու համար, բայց դրանից ոչինչ չփոխվեց եւ խնդիրը չլուծվեց:

Այդքանից հետո նույնիսկ «երեսատեղ ունեցան», զանգահարել իրենց եւ առաջարկել առձեռն ստանալ նահատակների գերեզմանները բարեկարգելու համար պետության կողմից հատկացրած գումարը, ինչը կտրուկ մերժել են: «Սիսիանի քաղաքապետարանից զանգահարողին հարցրեցի` հիմա էդ տեղը պանթեո՞ն է, թե՞ պանթեոն չի… Եթե պանթեոն է, ինչո՞ւ եք գումարը մեզ առաջարկում, երբ այն տրված է նահատակների գերեզմանը բարեկարգելու համար, եթե պանթեոն չի, ինչու էիք անազնվորեն մեզ խաբում` մեր նահատակներին այնտեղ հուղարկավորելով… Եթե մեզ չխաբեին, կարող էինք նրանց հուղարկավորել հայրենի Բռնակոթի պանթեոնում»,- զայրացած ու վրդովված ասում է տիկին Մարինեն, հետո հավելում, որ ամբողջ աշխարհից սատարել են իրենց, ծանոթ-անծանոթ մարդիկ կանգնել իրենց թիկունքին, հատուկ ֆոնդ բացել, որտեղ գումարներն են փոխանցել անգամ Չինաստանից, իրենց անհայտ` Աֆրիկյան երկրներից, եւ հանգանակված գումարներով բնակարան են գնել երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար: Մարդիկ հասկացել են իրենց ընտանիքի հետ պատահած ողբերգության չափը, օգնել են նաեւ սիսիանցիներ, բայց հարազատ Սիսիանում որոշ պաշտոնյաներ եւ պատասխանատուներ այնքան անտարբեր եւ անհաղորդ էին պատմության մեջ երբեւէ չեղած իրենց ողբերգության հանդեպ, ինչի պատճառով մտադիր են ժամանակի ընթացքում Վահեի եւ Շուշանի աճյունները տեղափոխել եւ վերահուղարկավորել Եռաբլուրում: Միայն այդ ժամանակ, գուցե, մի քիչ խաղաղվի իրենց տանջված ու անմխիթար հոգին:

«Շուշանը շատ լավ աղջիկ էր, մեզ համար հարս չէր, մեր չորրորդ դուստրն էր: Ինքն աշխատում էր պոլիտեխնիկ ինստիտուտում, Վահեն պայմանագրային էր խաղաղապահներում, դժվարին օրերը ետեւում էին մնացել, ես ու ամուսինս մտածում էինք վերադառնալ Սիսիան, բայց պատահեց այս ողբերգությունը, ու մեր ուսերին մնաց երկկողմանի ծնողազուրկ 3 երեխայի խնամքը, պահել-մեծացնելը»,-ասում է Մարինեն եւ հավելում, որ թեեւ չեն կարող լրացնել ծնողների բացը, բայց հիմա եւ ծնող են, եւ տատ ու պապ, ինչը իրենց ուսերին դրված մեծ ու պարտավորեցնող պատասխանատվություն է: Տիկին Մարինեն պատմում է, որ փոքրիկը, որին հայրը չտեսավ, նրա ցանկությամբ հորեղբոր տղայի հիշատակին Հայկ են անվանել, արդեն տարի չորս ամսական է, քայլում է, խոսում, սովորել է պապա-մամա կանչել, բայց դեռ չի հասկանում` պատերազմն ինչ անդառնալի հարված է հասցրել իրեն: Վահեի առաջնեկը` վեցամյա Մարինեն հասկանում է, որ ծնողները չկան, կարոտում է, Արցախի ցանկացած տեղանվան մասին լսելիս ասում` պապաս այնտեղ է զոհվել, այս տարի դպրոց է գնալու, եւ իրենք մեծ պատասխանատվությամբ են սպասում այդ օրվան: Երկրորդ զավակը` հնգամյա Արսենը հաջորդ տարի կգնա դպրոց: Մարինեի եւ նրա ամուսնու` նախկին զինվորական Արսեն Քարամյանի կյանքի նպատակն ու իմաստը այս երեխաներին պահել-մեծացնելն է, դա է նրանց ապրելու ուժ տալիս, այս փոքրիկներն են նրանց դեմքին ուրախ-տխուր ժպիտ բերում, նրանց հոգին լուսավորում…

Վահեն ծնվել է 1988 թվականի մարտի 31-ին, Սիսիանում: Մայրը պատմում է, որ շատ չարաճճի երեխա էր, աշխույժ, ուրախ, հոգատար, անվախ, մտքին ինչ դներ, պիտի աներ: Նար-Դոս 2-ի իրենց ողջ շենքը սիրում էր Վանեին: Հաճախել է Սիսիանի 2-րդ միջնակարգ դպրոց, ապա սովորել Սիսիանի պետական քոլեջի մաքսային բաժնում: Զինվորական պարտքը կատարել է Արցախում, ծառայել Ասկերանում: Բանակից վերադառնալուց հետո մի երկու տարի ապրել են Երեւանում, նորից վերադարձել Սիսիան, Վահեն պայմանագրային ծառայության է անցել Սիսիանի զորամասում, իսկ երբ հայրը` Արսեն Քարամյանը Սիսիանի զորամասում 20 տարի ծառայությունից հետո անցել է հանգստի, 2012-ին ընտանիքը տեղափոխվել է Երեւան, ապրում էին վարձով: 2016-ին Վահեն նորից մտել է պայմանագրային ծառայության, մասնակցել քառօրյա պատերազմին, ենթասպա էր, բայց քանի որ արդեն ամուսնացել էր, նախապատվությունը տվել էր խաղաղապահ զորքերում ծառայությանը ու 44-օրյա պատերազմին նույնպես մասնակցել խաղաղապահների կազմում: Մարինեն պատմում է, որ սեպտեմբերի 27-ին Վահեն հերթապահ էր, առավոտյան զանգահարել է, ասել` գնում են Արցախ, բայց չէր ասել` ինչու: Սկզբում տարել են Երասխ, ինժեներական աշխատանքներ կատարելու:

Տնեցիներին չէր թողնում` զանգեին իրեն, ինքն էր զանգահարում: Վահեի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 18-ին, Կարմիր Շուկայից, երբ մայրը հարցրել է իրավիճակից, Վահեն ասել է` էստեղ հարսանիք ա… ու այլեւս ոչ մի կապ: Հոկտեմբերի 19-ին Դրախտիկ գյուղի մոտ տեղի ունեցած թեժ մարտերի ժամանակ ընկել են շրջափակման մեջ, Վահեն երկու տեղից վիրավորվել է, ոտքի արյունահոսությունը դադարեցրել են, բայց երկրորդ վիրավորումը չեն նկատել ու երբ հասցրել են բուժկետ, արյունաքամ է եղել: Երկու օր փնտրելուց հետո հոկտեմբերի 20-ին 32-ամյա Վահեի աճյունը գտել են Գորիսի դիահերձարանից: Հայրը` Արսեն Քարամյանը պատմում է, որ Վահեն սիրում էր զինվորական գործը, որոշել էր զինվորական դառնալ եւ Վազգեն Սարգսյանում հաջողությամբ հանձնել էր ընդունելության քննությունները, բայց վերջին` ֆիզկուլտուրայի քննությունից առաջ, ինչը հեշտ հաղթահարելի էր իր համար, կտրականապես ետ էր կանգնել իր որոշումից եւ ընդունվել Վանաձորի պետական համալսարանի մասքային բաժին, սովորում էր 4-րդ կուրսում, հեռակա ուսուցմամբ: Արսեն Քարամյանը խիստ զինվորական է եղել, սիրել կարգ ու կանոն, 12 տարի ղեկավարել նորակոչիկների հետ տարվող պատասխանատու աշխատանք ու միակ տղային էլ դաստիարակել նույն ոգով: Որդին գնացել էր հոր ճանապարհով: Զինվորական լինելով հանդերձ` Վահեն անչափ բարի էր, ընկերասեր, երեխայասեր: Դիրքի պատասխանատու էր: Պատահել է, որ Սիսիանի խստաշունչ ձմռանը մնացել են ձյան պաշարման մեջ, կտրվելով արտաքին աշխարհից ու սննդից: Վահեն փորձել է համառությամբ իր զինվորներին դուրս բերել ձյան կալանքից, բայց զինվորական հայրը հորդորել է համբերել, դիմանալ, այլապես` դասալիքի պիտակ կկպներ նրան, ինչը հետո ամբողջ կյանքում «մաքրել չէր լինի»:

Զինվորական Վահեն այսպես էր կայացել, այսպես էր դիմակայել զինվորին բաժին ընկած դժվարությունները, ու գուցե նաեւ դա էր պատճառը, որ երբ պատերազմի ժամանակ հրամանատարությունը լսել էր Վահեի տղայի ծննդյան լուրը, առաջարկել էին իջնել դիրքերից, գնալ որդուն տեսության, ինչին Վահեն պատասխանել էր` երբ որ ամեն ինչ վերջանա, միասին կիջնենք… Վահեն «իջավ դիրքերից», որ հետո բարձրանա հավերժական բարձունքներ, որ անմահանա երկնքում, որ շարունակի ապրել հայոց պատմության հերոսամարտի էջերում, որ իր զավակների համար հպարտություն դառնա, որ հավերժորեն փարված մնա իր սիրած Շուշանին, ու երբ խոսք լինի 44-օրյա պատերազմի նահատակ Վահե Քարամյանի մասին, տարեգրությունը նրա կողքին դնի նաեւ Շուշանին` գրառելով` այնքան շատ էին սիրում իրար, որ մահն անգամ չկարողացավ բաժանել նրանց: Երբ պատերազմի մասին ֆիլմեր նկարվեն, ռեժիսորները թող չմոռանան այս պատմությունը, երբ պատմագիրները գրեն 44-օրյա պատերազմի պատմությունը, մտապահեն այս փաստը, երբ գրողները վեպեր գրեն մարդկության գլխին կախված մեծագույն աղետի` պատերազմի մասին, հիշեն միասին հուղարկավորված այս գեղեցիկ զույգին ու անիծեն պատերազմը:

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031