Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական կողմը նպատակ ունի ցուցադրելու աշխարհին, թե մենք հայկական կողմի հետ բավական հաջող գործընթաց ունենք․ «Առերեսում»

Հուլիս 16,2022 23:19

2020–ի աշնանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե «Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը» եւ «Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո», նաեւ հետո հրապարակավ հարցնում էր Ադրբեջանին եւ Թուրքիային․ «Իրենք ուզո՞ւմ են Հայաստանը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնեն, թե՞ չէ, իրենք ուզո՞ւմ են հայ ժողովրդի ցեղասպանությունը շարունակել եւ ավարտին հասցնել, թե՞ չէ»։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ հարցին, թե արդյոք դրանից հետո Թուրքիայի քաղաքականության մեջ փոփոխությո՞ւն է արձանագրվել՝ պատասխանեց․ «Որեւէ դրական փոփոխություն չկա՝ միայն կայուն բացասականն է։ Եվ այդ կայուն բացասականը համեմված է ատելության խոսքի դասական դրսեւորումներով, որոնց կրողներն են Թուրքիայի ԱԳ նախարարն ու Թուրքիայի նախագահը, որոնց հրապարակային ելույթներում լիուլի է ատելության խոսքը։ Եվ թիրախավորվում են ինչպես Հայաստան պետությունը, այնպես էլ հայ ժողովուրդն ու ՀՀ քաղաքացիները»։

Հուլիսի 1-ին Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը չորրորդ հանդիպումն են անցկացրել Վիեննայում․ «Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»։ «Լեռը մուկ ծնեց»,– այս պայմանավորվածությունն այսպես գնահատեց հաղորդման մյուս հյուրը՝ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը, որը Սեւծովյան Տնտեսական համագործակցության կազմակերպության Ստամբուլի գրասենյակում ՀՀ ներկայացուցիչն էր 5 տարի շարունակ։ Նա նշեց, թե չի կարծում, որ հայ դիվանագետները գնացել էին բանակցելու երրորդ երկրների քաղաքացիների սահմանային տեղաշարժի դյուրացման շուրջ։ Կարեն Միրզոյանն, ի դեպ, հիշատակեց, որ սա նոր գաղափար չէ․ «Տարբեր փուլերում ՀԿ–ների, ոչ պաշտոնական ներկայացուցիչների մակարդակով այդ գաղափարը քննարկվել է, բայց բոլորովին այլ համատեքստում՝ որպես տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման գործիք»։

Սակայն կան վերլուծություններ, թե այս դեպքում առաջին հասցեատերը հենց Ադրբեջանն է, ինչպես «Հրապարակին» արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն էր ասել․ «Որովհետեւ այլ երկրների քաղաքացիների համար Թուրքիա մեկնելու ամենակարճ ճանապարհը Հայաստանը չէ»։ Կարեն Միրզոյանն արդարացված համարեց հնչող մտահոգությունները․ «Ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է եւ կարոտ է հավելյալ պարզաբանման իրենց կողմից։ Այն պարզաբանումները, որոնք հնչեցվել են՝ բավարար չեն, այլ հակառակը՝ ավելի են խառնում պատկերը եւ ուժեղացնում տագնապներն ու մտահոգությունները մարդկանց մոտ»։

Ռուբեն Մելքոնյանը հավելեց․ «Երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացելը ՀՀ քաղաքացիների համար որեւէ շահ չի ենթադրում, ավելին՝ ավելացնում է անվտանգային ռիսկերը, քանի որ ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիները, այլ նաեւ կարող են այլ երկրների քաղաքացիներ փորձել Հայաստանով անցնել Թուրքիա։ Եվ Հայաստանը փաստորեն վերածվում է միջազգային միջանցքի․ այսինքն՝ մենք ոչ թե Հայաստան պետություն ենք, այլ Հայաստան միջանցք»։

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի վերլուծությամբ՝ սա դիվանագիտական հաջողություն չէ, այլ ուղղակի արված քայլ է ցույց տալու, թե «ամեն դեպքում, մեռյալ կետից կես քայլ արել ենք, չնայած դուք այդ կես քայլը չեք զգալու՝ հարգելի հպարտ քաղաքացիներ, բայց այնուամենայնիվ՝ արել ենք»։

Հայտնի դարձավ, որ Կարսի նահանգի գյուղերից մեկում՝ հայ-թուրքական սահմանի մոտ ականազերծման աշխատանքներ են տարվում։ Սա ներկայացվում է որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների արդյունք։ Սակայն Կարեն Միրզոյանը նշեց․ «Թուրքիայի սահմանների ողջ երկայնքը՝ սառը պատերազմի տարիներից եղել է ականապատված։ Եվ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ Թուրքիայի՝ հատկապես այդ ուղղությամբ սահմանները սկսեցին բացվել՝ բավական լուրջ խնդիր էր։ Մեկ այլ՝ խիստ ականապատված հատված էր նաեւ Թուրքիա–Սիրիա սահմանը։ Մոտ 10-15 տարի առաջ Թուրքիան սկսել է սահմանների ականազերծման մեծ ծրագիր, եւ այդ ծրագրում բավական ակտիվ են իսրայելական ընկերությունները»։ Այս համատեքստում՝արդեն հայ–թուրքական սահմանի ականազերծումն ընդգծելն նա ավելի շատ կապում է «թուրքական իշխանությունների ձգտման հետ՝ ստեղծել մի տպավորություն, թե այս գործընթացում կա որեւէ առաջընթաց»։ Արտակարգ եւ լիազոր դեսպանի կարծիքով՝ «Այս ամբողջը թուրքական կողմից նպատակ ունի ցուցադրելու աշխարհին, թե մենք հայկական կողմի հետ բավական հաջող գործընթաց ունենք եւ արդեն ձեռքբերել են բավական կարեւոր պայմանավորվածություններ»։

Զուգընթաց գործընթացը Հայաստանում «Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,5 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն են։ Ռուբեն Մելքոնյանն այս առնչությամբ հեգնեց․ «Ինչպես իրենք են ասում՝ փոխադարձ դրական ուղերձներ են ստանում։ Ենթադրում եմ՝ չեն տեսնում «դրական» Բայրաքթարները, տեսնում են միայն դրական ազդակները։ Այնտեղ ականազերծում է, այստեղ՝ ասֆալտապատում։ Ես ենթադրում եմ՝ այս շարքը շարունակվելու է»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031