ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱՆԿԱԽՈւԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ
Եթե մեր երկրում ամեն մարդ զբաղվի իր գործով, ապա մեր երկիրն ու մեր ազգը զգալի առաջընթաց կգրանցեն: Սակայն, չգիտես ինչու, որոշ մարդիկ, իրենց բանուգործը թողած, զբաղվում են այնպիսի հարցերով, որտեղ ոչ միայն ասելիք ու անելիք չունեն, այլև իրենց դիլետանտությամբ տվյալ հարցում առկա անորոշությունն ավելի են խորացնում: Նման մարդիկ հիմնականում ունեն մեկ գլխավոր նպատակ. իրենց արտասովոր ասելիքով, անգամ եթե դա անհեթեթություն է, լինել առաջինը:
Օրերս ՀՀ դե ֆակտո վարչախմբի ներկայացուցիչներից մեկը բառացիորեն ասել է հետևյալը. «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել»:
Ի գիտություն նրա և բոլոր նման կերպ մտածողների՝ հարկ եմ համար հայտնել հետևյալը. Հայաստանի Հանրապետությունն ունեցել է առնվազն չորս հարմար հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը: Առաջին հարմար հնարավորությունը եղել է 1991թ., երբ Արցախի Հանրապետությունը հռչակել էր իր անկախությունը, ի պատասխան որի Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ, երկրորդ հարմար հնարավորությունը եղել է մինչև 1994թ. մայիսի 12-ի հրադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումը, երբ Ադրբեջանը չէր դադարեցնում ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ, երրորդ հարմար հնարավորությունը եղել է 2016թ., երբ օկուպանտ Ադրբեջանը նույն թվականի ապրիլին երկրորդ անգամ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ և չորրորդ հարմար հնարավորությունը եղել է 2020թ., երբ օկուպանտ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ նույն թվականի սեպտեմբերին երրորդ անգամ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:
Կարդացեք նաև
Ցավոք, բոլոր չորս հարմար հնարավորություններն էլ Հայաստանի Հանրապետությունը բաց է թողել օրվա իշխանության քաղաքականապես անհեռատես և անհիմն հաշվարկների արդյունքում:
Այս ամենի հետ միաժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ ունի բավարար հիմք ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը: Բանն այն է, որ օկուպանտ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակում՝ հայտարարելով, որ ադրբեջանա-արցախյան հակամարտությունն արդեն լուծված է: Սակայն, փաստն այն է, որ հակամարտությունը դեռևս կարգավորված չէ: Հետևաբար, սա լիովին հիմք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ


















































