Լեւոն Զուրաբյանը՝ Ալմա Աթայի հռչակագրին հղում կատարելու առիթով
«Դա ընդամենը դիվանագիտական հնարք է, որը Նիկոլ Փաշինյանը կիրառում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացը 1991 թվականին վերագրելու համար»,- «Առավոտի» հարցին՝ տարիներ անց Ալմա Աթայի հռչակագրին հղում կատարելն ինչպե՞ս կգնահատեք, այսպես պատասխանեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
Հիշեցնենք՝ մեկ օր առաջ Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումից հետո ԵՄ տարածած հաղորդագրության մեջ հղում է կատարվում Ալմա Աթայի հռչակագրին, որն ուժի մեջ է մտել 1991-ի դեկտեմբերի 21-ից։ Պրահայում ընդունված հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատել են իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը եւ Ալմա Աթայի 1991թ. հռչակագրին, որոնց միջոցով երկուսն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։
Լեւոն Զուրաբյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանն ընդամենը դիվանագիտական հնարք է կիրառում՝ ուզենալով ասել, որ սա նոր բան չէ, ինքը նոր չպետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը։
ՀԱԿ փոխնախագահից հետաքրքրվեցինք՝ ՀՀ խորհրդարանը 1991-ին այս հռչակագիրը վերապահումո՞վ էր ընդունել, նա պատասխանեց. «Հայաստանը որ միջազգային կազմակերպություն ընդունվել է, պարտադիր է, որ այդ պետությունները փոխադարձ ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը։ ՄԱԿ-ի անդամ էլ էինք դարձել, դա ընդունել ենք, ԵԱՀԿ անդամ էլ էինք դարձել, դա ընդունել ենք։ Վերապահումը կապված է ղարաբաղյան հիմնախնդրի՝ չկարգավորված լինելու հետ։ Եվ 1997-ին մենք պարզ գրել էինք, որ տարածքային ամբողջականությունը կճանաչենք միայն, երբ որոշակիություն լինի ԼՂ վերջնական կարգավիճակի հարցում»։ Մեր հարցին՝ հիմա, երբ Պրահայում ընդունված հայտարարության մեջ հղում է կատարվում այդ հռչակագրին, սա ի՞նչ է նշանակում, Լեւոն Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Իսկ ինչո՞ւ եք ինձ հարցնում դա։ Հարցրեք Նիկոլ Փաշինյանին»։
Կարդացեք նաև
Լեւոն Զուրաբյանը փաստեց՝ ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերով, որտեղ, օրինակ, Մերձդնեստրը ճանաչվել է Մոլդովայի մաս, Աբխազիան եւ Օսեթիան ճանաչվել են Վրաստանի մաս, Ղարաբաղը երբեք չի ճանաչվել Ադրբեջանի մաս։ Նա շարունակեց. «ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում կարող եք նայել, նման բան չկա։ Այնպես որ, մեր մոտեցումը միշտ այդ է եղել, որ խնդիրն այստեղ տարածքային ամբողջականությունը չէ, մենք ոչ մի ոտնձգություն չունենք Ադրբեջանի տարածքի վրա, դա կոնֆլիկտ է նախկին խորհրդային Ադրբեջանի ներսում։ Հռչակագրում որ մի քիչ էլ փնտրեք, կգտնեք նաեւ՝ ազգերի ինքնորոշման իրավունքն ենք ճանաչել։ Ուզում եմ ասել, որ այդտեղից ինչ-որ եզրակացություններ անել, թե ոնց պիտի լուծել Ղարաբաղի հարցը, չի կարելի։ Այսինքն՝ հիմա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կարող է ճանաչվել, բայց նաեւ ֆիքսվի, որ հակամարտությունը կարող է լուծվել այնպես, որ փոխադարձ համաձայնությամբ ստեղծվի մեկ այլ անկախ պետություն։ Դա տեսականորեն կարող է, չէ՞ լինել։ Այսինքն՝ այստեղ հարցը տարածքային ամբողջականության խնդիրը չէ, այլ այն, թե ինչպես են պատկերացնում ԼՂ խնդրի լուծումը»։
Մեր հարցին՝ Նիկոլ Փաշինյանի կիրառած այս դիվանագիտական հնարքը կարդարացնի՞ իրեն, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես նորից եմ ասում։ Այստեղ ամենեւին կարեւոր չէ, թե ինչ դիվանագիտական տրյուկներ եք կիրառում, կարեւորը հետեւյալն է՝ որն է լինելու Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը։ Սա է կարեւոր։ Այդ հարցում մենք ունենք միայն հետընթաց Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք։ Բացառապես եւ միայն հետընթաց ունենք, եւ այդ հարցը պետք է արդեն տալ իշխանություններին՝ իսկ իրենք ո՞նց են պատկերացնում Լեռնային Ղաաբաղի խնդրի լուծումը։ Եթե չեն պատկերացնում որեւէ կերպ, կամ իրենց կարծիքով՝ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում, թող այդպես էլ ասեն։ Անկեղծ, ազնիվ ասեն մեր ժողովրդին։ Դա թող անեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.10.2022


















































