Անժելա Էլիբեգովան՝ Պրահայում կայացած հանդիպումների առիթով
«Եթե ԵՄ-ի՝ Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելությունը սահմանափակվում է երկու ամսով, ապա կարելի է ենթադրել, որ երկու ամիս քիչ, թե շատ իրավիճակը կլինի ավելի խաղաղ»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով մեկ օր առաջ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին:
Հիշեցնենք՝ Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումից հետո ԵՄ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵՄ-ն «քաղաքացիական առաքելություն» կուղարկի Հայաստան՝ օգնելու Ադրբեջանի հետ սահմանազատման գործում:
Առաքելությունը կսկսվի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակն է վստահություն ձեւավորել եւ իր զեկույցների միջոցով աջակցել սահմանային հանձնաժողովներին:
Ըստ Անժելա Էլիբեգովայի՝ սա էլ փաստ չէ, որ իրավիճակը կլինի ավելի խաղաղ: Նա օրինակ բերեց. «Մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ նախկինում Մինսկի խմբի համանախագահների դիտորդները, երբ գալիս էին առաջնագիծ՝ Արցախ, հայ-ադրբեջանական շփման գիծ, եւ հենց իրենց այցելության ընթացքում Ադրբեջանը խախտում էր հրադադարի ռեժիմը: Այսինքն՝ նույնիսկ ինչ-որ առաքելության ներկայություն Ադրբեջանին սովորաբար զերծ չի պահում սադրանքներից: Դա երաշխիք չէ: ԵՄ առաքելության ներկայությունը լավ է, եթե իրենք հետաքննեն՝ ով է մեղավորը, հարձակվող կողմն ու ագրեսորը եւ արձանագրեն միջազգայնորեն արդեն ֆիքսված փաստին, բայց շատ մեծ հույսեր կապել, որ դա կկանգնեցնի Ադրբեջանին, նույնպես պետք չէ»:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ արդյունքներ կարելի է առանձնացնել Պրահայում տեղի ունեցած հանդիպումներից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամենակարեւորը մեզ համար այն է, որ Ադրբեջանը մեր ինքնիշխան տարածքից դուրս բերի իր զորամիավորությումները, որոնք արդեն ամրացել, դիրքավորվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Մինչեւ իրենք զորքերը դուրս չբերեն, առաջնագծից հետ չքաշեն, չլինեն մեր անվտանգության երաշխիքները, բանավոր պայմանավորվածությունները ցանկացած պահի Ադրբեջանը խախտելու է: Չգիտեմ՝ փակ դռերի հետեւում գուցե դա քննարկվել է, բայց այն տեքստում, որը հանրայնացվել է, մենք չունենք որեւէ երաշխիք նրա վերաբերյալ, որ Ադրբեջանը համաձայնվել է մեր տարածքից դուրս բերել իր զորքերը»:
Կարդացեք նաև
Անժելա Էլիբեգովայի համոզմամբ՝ քանի դեռ Ադրբեջանը դա չի արել, ցանկացած այլ ինչ-որ պայմանավորվածություն դիտարկել հօգուտ մեզ, դժվար է: Ըստ նրա՝ դիտորդները կգան, կհետաքննեն, կգնան, բայց այսօր ամենակարեւոր հարցն է, թե ով եւ ինչպես է ստիպելու Ադրբեջանին դուրս բերել իր զորքերը ՀՀ տարածքից: Ուստի մինչեւ այդ հարցի պատասխանը չլինի, թե ինչ մեխանիզմներով ենք Ադրբեջանին պարտադրելու դա անել, մնացած բանավոր պայմանավորվածություններն առանձնապես լավատեսություն չեն ներշնչում:
Մեր հիշեցմանը՝ Իլհամ Ալիեւը ակտիվ ելույթներ է ունենում, վստահեցնում, որ իրենց զսպվածությունը ժամանակավոր է, հասնելու են իրենց ցանկալիին, Անժելա Էլիբեգովան արձագանքեց. «Պրակտիկ գործողություններն այլ բան են, հայտարարություններն ու խոստումները՝ այլ: Պրակտիկայում ունենք իրականություն, երբ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել մեր տարածքները: Եվ ունենք պաշտոնական հայտարարություն, որտեղ ասում են, որ կգան, կհետաքննեն եւ կփորձեն գոնե այս իրավիճակը սառեցված պահել: Թե ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 13-14-ի պատճառով, դրա հետեւանքներին, թե ով պետք է արձագանքի, ինչպես պետք է Ադրբեջանին պարտադրեն սանկցիաների ճնշումով, թե դիվանագիտորեն, մենք պրակտիկորեն այդ ազդեցությունը չենք տեսնում: Ադրբեջանական զորքերը դուրսբերված չեն: Ավելին, Ալիեւը շարունակում է սպառնալ, ռազմական հայտարարոթյուներով հանդես գալ, շարունակում է իր հռետորաբանությունը»: Հավելեցինք՝ ավելին, Պրահայում Ալիեւը շատ բարձր տրամադրություն ուներ, փորձագետը նշեց. «2020-ի նոյեմբերի 9-ից հետո, ճիշտն ասած, Ալիեւին վատ տրամադրությամբ չեմ տեսել: Դա իր կայուն հոգեվիճակն է մեզ համար»:
Փաստեցինք՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ համագործակցության դաշտ տեսնում է, խաղաղության դարաշրջանի հետ կապված ունի դրական ակնկալիքներ եւ նկատեցինք՝ Պրահայում տեղի ունեցած հանդիպումներից հետո Ալիեւի հռետորաբանությունը չի փոխվել ու հարցրինք՝ սա չի՞ նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, Անժելա Էլիբեգովան պատասխանեց. «Նույնիսկ փոքր երեխային է պարզ, որ այդ խաղաղության օրակարգը տապալված է դեռ չսկսված: Եվ համառորեն շարունակել պնդել, որ Ադրբեջանի հետո հնարավոր է խաղաղության պայմաններոմ համակեցություն ունենալ, երբ թշամին անընդհատ շարունակում է նոր պահանջներ ներկայացնել հայկական կողմին եւ ուժով պարտադրել այդ պահանջներն իրականացնել, մանկամտություն կլինի դա որակել՝ որպես խաղաղություն: Դա բնավ խաղաղություն չէ եւ չի էլ կարող լինել: Իսկ Ադրբեջանը ճնշելու է այնքան ժամանակ, քանի դեռ ունի հնարավորություն պատերազմում պարտված իշխանություններին նորանոր պահանջներ ներկայացնել եւ այդ պահանջների բավարարումը ստանալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.10.2022


















































