Զինծառայող Վահե Թորոսյանից սեպտեմբերի 13-ից լուր չկա, հարազատները պնդում են, որ տեղը գիտեն, բայց նրանց չեն թույլատրում մոտենալ տեղանքին։ «Առանց տեղանքին ծանոթ լինելու՝ մենք 4 օր ման ենք եկել անտառներում, ստեղ ում ասում ես՝ ասում են թուրքի հսկողության տակ է, չենք կարում մտնենք․․․Բա ո՞նց եղավ, 2 ամսվա ծառայող զինվորը ճանապարհ գտավ, դուրս եկավ, մեր զինվորականները, որ քաջ ծանոթ են էդ տարածքին, չեն կարողանում»,-ասաց զինծառայողներից մեկի բարեկամը։
Ապա հավելեց․ «Էդ օրերին փոխհրաձգություն է եղել, մենք էլ ներկա ենք եղել, իրիկվա ուշ ժամ էր, անգամ օգնել ենք ու փամփուշ ենք տարել դիրք․․․Իրենք 101 դիրքից են եղել, որոշ մասը փրկվել է, որոշ մասը՝ ոչ։ Ինչ մնում է էն երեխեքին, որ չեն կարողանում հանել անտառից, բա ո՞նց եղավ, որ 2 ամսվա ծառայող զինվորը ծանոթ չի տարածքին, դուրս է եկել, մնացածը՝ ոչ։ Անգամ որ ինձ թույլ տային, ես կմտնեի այդ տարածքը»։
Իր երեխայից լուր չունեցող ծնողն էլ նեղսրտած նշեց․ «Բա մեզ վստահեցնում էին՝ ուժեղ հետախուզություն ունենք, ո՞ւր է, դե տվեք իմ երեխուն ու իմ երեխու նման լիքը երեխեքի․․․Ո՞վ կպատասխանի, դե ասեք, ուր են»։
Մեկ ուրիշն էլ շեշտեց․ «Եթե երեխուն մեկ օր ուշ ներկայացնես զինկոմիսարիատ, կբռնեն՝ կդատեն մեզ էլ, մեր երեխեքին էլ։ Բայց ամիսը լրանում է՝ ոչ մեկը տեղից իրար չի գալիս, լուր չունենք»,-ասաց իր ընկերոջ որդուն փնտրող տղամարդը։ Նրանք հավաստիացնում են, որ տղաների կոորդինատները փոխանցվել են Պաշտպանության նախարարություն, բայց նախարարությունը տեղից չի շարժվում։
Կարդացեք նաև
«Նախարարությունից ասում են՝ բանակցում են, որ թողնեն մտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածք ու փնտրեն, Կարմիր խաչն էլ ասում է՝ երբ վստահ լինենք, որ չեն կրակի՝ նոր կմտնենք որպես խաղաղապահ ու դիտորդ։ Ես էլ ասացի՝ էդ դեպքում, ինձ պետք չի, ես իմ գյուղացիներով կգնամ, կհանեմ, ինչ է նշանակում՝ վստահ լինեմ․․․»,- ասում է սեպտեմբերի 13-ից որդուց լուր չունեցող հայրը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































