«Բավարարված ենք, քանի որ դատարանն ամենակարևոր խնդրին է անդրադարձել, որ ի սկզբանե քննությունը վարվել է միակողմանի, որպես հիմք է ընդունել հենց այն ոստիկանների վարկածը, որոնք նույն սենյակում են եղել։ Այսինքն՝ իրենք պոտենցիալ կասկածյալներ են։ Հաշվի չեն առնվել իրավապաշտպանների և պաշտպանական կողմի հիմնավոր պնդումները, փաստաթղթերը առ այն, որ տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ ինքնասպանության իմիտացիա և մահվան իրական պատճառը հենց բռնությունն է եղել՝ մասնավորապես գլխին ստացած հարվածը», – «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ոստիկանության բաժանմունքում մահացած Խալաֆյանի գործով ՄԻԵԴ վճռի ազդեցությունը համակարգի վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում Վահան Խալաֆյանի ազգականների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը։
Հիշեցնենք՝ Չարենցավանի ոստիկանության բաժնում 2010-ին մահացած Վահան Խալաֆյանի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ 12 տարի առաջ Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում խախտվել են 24-ամյա Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները։ Ստրասբուրգյան դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է եռամսյա ժամկետում 50 հազար եվրո վճարել Խալաֆյաններին՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Արա Ղազարյանն ասաց՝ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումից գոհ են ու նշեց․ «Կարևոր է գործի վարույթի վերաբացումը։ Գոհ ենք դատական ակտից, թեև որոշ մասերով մերժել է, բայց ամենակարևոր խնդիրը դատարանն արձանագրել է»։
Հարցին՝ իրավական պաշտպանության մեխանիզմներն այսօր որքանո՞վ են հղկվել, Արա Ղազարյանը պատասխանեց․ «Ամենամեծ խոչընդոտը, որին բախվելու են այս և հինգ-վեց այլ գործեր, վաղեմության ժամկետներն են, օրենքի հետադարձ կիրառումը։ Ստացվել է Վճռաբեկի կողմից ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը Վիրաբյանի գործով։ Այս գործերով բախվելու են այն խնդրի հետ, որ եթե նոր նախաքննություն լինի, մեղադրանք առաջադրվի խոշտանգման հանցակազմով, անպայման պաշտպանական կողմը միջնորդելու է կարճել, վաղեմության ժամկետ կիրառել։ Այս իրականությանն ենք բախվելու։ Գուցե արտադատական լուծումեր են պետք՝ փոխհատուցում՝ անգամ, եթե ՄԻԵԴ-ը տվել է փոխհատուցում։ Այս պահի դրությամբ այդ խնդիրները վերջնական լուծված չեն, և օրենքով էլ վերջնական դեռ չենք սահմանել, թե ինչպես ենք հաղթահարելու այս երկու հիմնարար օրենքների բախումները, երրորդն էլ է ավելանում՝ կրկնակի դատապարտման արգելքը։ Եթե քննություն նորից իրականացվի, չի ասվում, որ ոստիկանները նույն արարքի համար են դատվում։ Ոստիկանները ստացել են թեթև պատիժ․ մի քանի ամիս են գտնվել այդ ոստիկանները կալանքի տակ։ Նրանց նկատմամբ կիրառվել է համաներում, իսկ համաներում չի կարող կիրառվել խոշտանգման հանցակազմով դատապարտված անձանց նկատմամբ։ Նման գործերը, որոնք վերաբացվում են 10-12 տարի հետո, նման խնդիրների հետ են բախվում։ Նույնիսկ Եվրոպայում մինչև վերջ պարզ չէ, թե այդ խնդիրներն ինչպես են լուծվելու։ Բայց այն, որ արդեն նման գործերը ազդելու են, կանխելու են նման դեպքերի կրկնությունը, դա փաստ է»։
Կարդացեք նաև
Արա Ղազարյանի կարծիքով՝ քննչական մարմինների` նման գործերը քննելու մեթոդաբանության մեջ զարգացումներ կան։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի


















































