Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելանք է դրվել Սուրիկ Խաչատրյանին պատկանած գույքի վրա, եւ բանկը չի կարողացել այն գրանցել

Մարտ 03,2023 20:11

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր «ՀՀ դատախազությունն ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի եւ մյուսների» գործով նիստն էր։ Դատախազությունը հայց է ներկայացրել ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հետ փոխկապակցված անձանց՝ որդիներ Տիգրան Խաչատրյանի ու Տրդատ Խաչատրյանի, Լորետա Բարսեղյանի, Վարդան Բարսեղյանի, Մանվել Մալինցյանի, Էրիկ Համբարձումյանի, Լուսինե Բարսեղյանի եւ Նորայր Մնացականյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այս հայցով դատարանին պահանջ է ներկայացվել հօգուտ ՀՀ-ի բռնագանձել․

-5 անշարժ գույք՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն(երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն,  3 տրանսպորտային միջոցներ(անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ),

 

-Մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում,

-614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,

-2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:

-Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4.450.350.364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,

-օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10.098.300.000 ՀՀ դրամ ներդրման գումարը:

Հայցադիմումը շուրջ մոտ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու պահանջով է։

Այսօրվա նիստում քննարկվեց նաեւ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ներկայացրած միջնորդությունը, որով բանկը խնդրում է ներգրավվել որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ։ Սուրիկ Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանն անհամաձայնություն հայտնեց, որ այս միջնորդությունը քննվի այս փուլում․ «Ես ունեմ իրական մտավախություն եւ մի քանի նիստ անց որոշակի միջնորդություններ կանեմ։

Մտահոգություն ունեմ, որ դրանք կմերժվեն՝ դատավարական  նորմերին չհամախատասխանելու պատճառաբանությամբ։ Կարծում եմ՝ այս միջնորդությունը նույնպես չպետք է քննվի այդ պատճառաբանությամբ։ Ես ինքս էլ ինչ-որ պահի ներկայացնելու եմ այլ անձանց՝ որպես երրորդ անձ ներգրավելու միջնորդություններ»։

Դատարանը, նկատի ունենալով, որ առարկությունները բովանդակային չեն, դրանք համարեց ոչ հիմնավոր։ Նիստը հետաձգվեց։

Դատախազության ներկայացուցիչ Գեւորգ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ է ենթադրում «Հայբիզնեսբանկ»-ի միջնորդությունը։ «Բանկում գույքը գրավադրված է եղել 2017թ․-ին, եւ ստացվել է վարկ։ Վարկային պարտավորությունները չեն մարվել։ 2019թ․-ին բանկը դիմել է սնանկության դատարան՝ Սուրիկ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջով։

Դատարանը Սուրիկ Խաչատրյանին սնանկ է ճանաչել՝ այդ պարտավորությունները չմարելու համար։ Եւ քանի որ վարկային պարտավորություններն այդ գրավով՝ գույքով ապահովված են եղել, այդ գույքը սնանկության վարույթի շրջանակում հանվել է հրապարակային սակարկությունների։ Աճուրդով բանկը ձեռք է բերել այդ գույքը, վճարել սնանկության կառավարչին։ Այդ վճարված գումարով մարվել են վարկային պարտավորությունները, բայց քանի որ այդ ընթացքում արդեն արգելանք է դրվել այդ գույքի վրա՝ որպես Խաչատրյանին պատկանող ապօրինի գույք, կադաստրային գրանցումը կատարել բանկը չի կարողացել»,-նախ նշեց Գեւորգ Քոչարյանը։

Այսինքն, ինչպես ասաց նա, բանկը վճարել է այդ գույքի դիմաց, բայց չի կարողացել կադաստրում գրանցել իր սեփականության իրավունքը․ «Մեր հայցապահանջի մեջ եւս կա այդ գույքը, բայց, ըստ էության, այն վիճելի գույք է։ Նախքան մեր ուսումնասիրությունը՝ բանկն արդեն իսկ այդ գույքի հանդեպ իրավական պահանջներ է ունեցել։ Բանկը վճարել է դրա համար, բայց այն բանկինը չէ, քանի դեռ պետական գրանցում չկա։ Բանկն ասում է, որ այդ գույքի համար վճարել է, բայց չի կարողանում այն օգտագործել՝ իրացնել սեփականության իրավունքը»։

Հավելենք, որ խոսքը Այասի փողոցում գտնվող հասարակական նշանակության օբյեկտի մասին է։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031