«Ես հրաժարական չեմ տվել, ինձ հեռացրել են այս պաշտոնից՝ զրկելով մեր ժողովրդին իր քվեից։ Երևանցիները «Իմ քայլը» դաշինքին էին տվել քվե և Հայկ Մարության քաղաքապետին, այնինչ ՔՊ-ն ուզուրպացրել է այս պահին իշխանությունը քաղաքապետարանում, որովհետև ՔՊ-ին երևանցիները երբևիցե չեն տվել քվե, որ իրենք կազմեն քաղաքային իշխանություն։ Այսինքն՝ դուռը շխկացնելու մասին պարզ էր պատասխանը»,-Երևանի Նոր Նորք վարչական շրջանում բակային հանդիպումներից առաջ լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի՝ իր մասին արված հայտարարություններին։
Հայկ Մարությանը հանդիպմանը ներկայացավ նախապես հայտարարված ժամից շուրջ 35 րոպե ուշացումով։ Նա լրագրողներին պարզաբանեց, թե հրդեհի պատճառով ոստիկանությունը փակել էր ճանապարհը, ինքն էլ հայտնվել էր էպիկենտրոնում։

Կարդացեք նաև
Aravot.am-ն էլ հորդորեց՝ գուցե տա՞ք այդ ուժերի անունները, լուսավորե՞ք երևանցիներին, որ դրանցից հեռու մնան, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Երևանցիները և հայաստանցիները լավ կարող են գնահատել։ Դրա համար են ընտրությունները, որ գնահատեն ու հասկանան, ըստ դրա՝ իրենց ընտրությունը կատարեն»։
Հարցին՝ Ձեր նշած ուժերը կա՞ն Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցողների շարքում, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Ցավոք, այդ ուժերը միշտ կան։ Լավ կլիներ, որ դրանք չլինեին, բայց Հայաստանում, մասնավորապես, այդ ուժերը կան, քանի որ մեզ մոտ շատ սուր են քաղաքական գործընթացները»։
Հայկ Մարությանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իրենք ակնկալում են 50+ ձայներ հավաքել, ևս մեկ անգամ կրկնեց՝ չի համագործակցելու ՔՊ-ի և հին իշխանությունների հետ։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































