Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.
Հարց էի գրել իմ էջում անցնող տարին բնորոշելու ու գալիքը նկարագրելու համար: Մարդիկ տարբեր բառերով բնորոշել էին անցնողը որպես կորստաբեր, ցավալի, իսկ գալիքի մեջ սպասում են սթափություն ու հաղթանակ:
Ասեմ, որ մեկ բառով նկարագրելու դեպքում անցնող տարին ինձ համար «անզորության» տարի էր, ես անզոր նստած էի, երբ Արցախում սովի էին մատնում, իսկ հետո սպանում էին իմ հայրենակիցներին, ես անզոր էի, երբ Արցախից արտաքսում էին իմ հայրենակիցներին, ես անզոր էի, երբ ինձնից խլում էին իմ ինքնության ու հայրենիքի մի կարևոր բաղադրիչ, ես այդպես չեմ զգացել անգամ 2020 թվականի ժամանակ…իսկ ես իմ ողջ էությամբ ատում եմ ու հակադրվում անզորությանը, քանի որ ես պատրաստ եմ իմ բաժին ցանկացած բեռի, ցանկացած աշխատանքի ու չարչարանքի, իմ բաժին զոհողության, որպեսզի չլինի այդ անզորությունը, բայց ինձ ու մեզ բոլորիս շարունակ դրդում են անզորության…
Արցախում տեղի ունեցածը զուտ «ցավալի» չի, դա անպատկերացնելի է, ես իրոք մեկ–մեկ չեմ կարողանում պատկերացնել այն ամբողջ սարսափը, ինչի միջով անցել են Արցախում ապրող իմ հայրենակիցները ու այն բոլոր հայերը, որոնք սերունդներով պայքարել այդ հողի՝ հայկականության պահպանման ու մեր արմատի համար, ինչքան զոհողություն, կյանք ու կռիվ են դրել, որ կրկին չդառնայինք մազապուրծ ու հայրենազուրկ…:
Կարդացեք նաև
Այդքանով հանդերձ՝ մենք պետք է ապրենք, արարենք, առաջ նայենք՝ հանուն կյանքի…
Ծանոթ ու անծանոթ Արցախի իմ հայրենակիցներ, կներեք մեզ մեր անզորության, մեր կռիվը չհարգելու ու չպաշտպանելու անկարողության համար, կներեք, որ դուք այս խորհրդանշանակ երեկոն ձեր տներում չեք դիմավորում, որ ձեր սրտում այդքան տխրություն ու կարոտ կա, որ դուք Սուրբ Ծննդից հետո չեք կարող այցելել ձեր հարազատների շիրիմներին: Շնորհակալ եմ ձեզ ձեր ուժի, Արցախը պահելու ու դրանով իսկ տասնամյակներ շարունակ Հայաստանը անխոցելի դարձնելու զոհողության ու կամքի համար: Գիտեմ ծանր է, հատկապես հիմա, հատկապես այս տարին, ուստի խնդրում եմ սըխ կացեք, դուք կռո պոպոք հայեր եք…իմացեք, որ այս ծանրությունը միայն ձերը չի, հայրենիք կորցրել եմ նաև ես ու ինձ պես շատ շատերը…
Ուզում եմ 2024–ը լինի զորեղության տարի, ուզում եմ մենք սովորենք իրար ներել ու հանդուրժել, հասկանանք, որ մեզ հատուկ են բաժան–բաժան անում, քանի որ այդպես թույլ ենք, անկարող։ Մեզ պետք է իրար հետ լեզու գտնել, մեզ պետք է ամենակարևոր հարցերի շուրջ ունենալ հստակ որոշում ու հավատարիմ մնալ այդ որոշմանը:
Ուզում եմ հաղթենք այս բարոյազրկության, անարժեքության, անտրամաբանության քարոզչական շղթան, որը մեզ պարտադրվում է ներսից ու դրսից: Ուզում ենք մենք մեր ուժը զգանք, հասկանանք, որ խառը ու բարդ ժամանակներ են, բայց որ այդտեղ մենք տուժողը չլինենք, մենք որպես պետություն մեզանից պետք է բան ներկայացնենք, եթե շարունակենք իներտ նստել ու սպասել, թե հետո ինչ կլինի, մեր «հետո»–ն կորոշվի առանց մեզ ու դժվար թե այդ որոշումները մեզ դուր գան:
Թող 2024–ը դառնա այս կորստաբեր շղթան կտրելու ու մեր ազգային արժանապատվությունն ու զորությունը վերգտնելու տարի: Մեզանից շատ բան է կախված, շատ ավելի, քան մենք ուզում ենք հավատալ:
Խելք, իմաստություն ու խաղաղություն մեզ ու մեր պետությանը, այնպիսի խաղաղություն, որի դեպքում Երասխում մետաղաձուլական գործարան ենք կառուցում, մեր գերիները Բաքվի բանտերում չեն, մենք Արարատին կարող ենք նայել բաց սրտով ու պարզ հայացքով…այնպիսի խաղաղություն, որտեղ իմ ու քո ինքնությունն ու մեր պետությունը վտանգված չէ:
Շնորհավոր Ամանոր ու Սուրբ Ծնունդ, թող առողջություն ու սեր լինի բոլորիս ընտանիքներում: Սովորենք իրար պինդ պահել, որովհետև եթե մենք իրար չպահենք, դժվար թե ուրիշներն ուզենան մեզ սատար կանգնել այս բարդ ժամանակներում…


















































