Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծագործելիս կրկին վերապրում եմ անցյալը: Չեմ կորցնում հույսս, որ Արցախում նորից հայեր են ապրելու. Արծիվ Լալայան. «Ապառաժ»

Սեպտեմբեր 09,2024 16:26 Share

«Ապառաժ». Կրկնակի տեղահանված Արծիվ Լալայանի կյանքի պատմությունն սկսվում է Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից, որտեղ ծնվել, հասակ է առել, տունուտեղ դրել, անուն ձեռք բերել։

Գեղանկարիչ Արծիվ Լալայանի հոգում 44-օրյա պատերազմն իր ծանր հետևանքներով խոր ազդեցություն է թողել։ Հանդարտ, մեղմ ձայնով նա պատմում է այդ աղետալի օրերի մասին։ Անցել է 4 տարի, սակայն այդ ամենը վերհիշելուց՝ դողում է նրա ձայնը։

-2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, կամավոր մեկնեցի առաջնագիծ՝ Հադրութի գնդի կողմից պահվող տարածք։ Ստանալով զենք ու զինվորական հագուստ՝ նույն երեկոյան հասա դիրքեր։ Երկու օր նույն դիրքում մնալուց հետո՝ տեղեկություն ստացանք, որ թշնամին անցել է մեր թիկունք, պետք է փոխենք մեր տեղը։ Որպես տեղանքը լավ իմացող՝ առաջարկեցի մնալ ժամկետային զինվորների կողքին, ու ես տղաների հետ գնացի 112 դիրքը։

Գրեթե բոլոր ընտանիքները տեղափոխվել էին Հայաստան։ Խոսում էին, որ հոկտեմբերի 8-ին թշնամին մտել է Հադրութ ու արդեն տիրում է ողջ քաղաքին։ Գյուղի հետ կապ էի պահում․ լուրեր էին հասնում, որ գյուղում մնացել է միայն իմ ընտանիքը՝ ծնողներս, կինս ու 4 զավակներս։ Ընտանիքս տեղափոխելու համար ստիպված գնացի գյուղ՝ նախապես թույլտվություն ստանալով վաշտի հրամանատարից։ Հոկտեմբերի 12-ին հասա գյուղ, հաջորդ օրը մորս, կնոջս և երեխաներիս հասցրի Գորիս ու հետ դառա։ Հայրս ու երկու եղբայրներս մնացին գյուղում։ Երբ եկա գյուղ, արդեն հնարավորություն չկար դիրքեր բարձրանալու։ Եղբորս՝ Գառնիկի և մի քանի համագյուղացիների հետ միացանք Հայաստանի խաղաղապահ գումարտակին՝ մեր գյուղից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Գոմեշատտու գյուղի պաշտպանական բնագծերը պահելու նպատակով։

Մի երկու օր հետո լսեցինք, որ թշնամին Դրախտիկում է։ Մեզ ասացին, որ պետք է հետ քաշվել մեր նոր դիրքից։ Արդեն հոկտեմբերի 21-ն էր, երբ եկանք գյուղ։ Հաջորդ օրը ինձ՝ որպես ուղեկցող, հատուկ ջոկատայինների մի փոքր խմբի հետ ուղարկեցին գյուղի արևելյան մասում գտնվող Լուսավորչի քերծ կոչվող սարը։ Անտառի միջով անցնելիս, մեզանից հեռու, ականանետից արձակված ռումբի պայթյուն լսեցինք, որից հետո հատուկ ջոկատայինները հրաժարվեցին բարձրանալ սարը և հետ դարձան։ Այդ տարածքը մնաց առանց վերահսկողության, որտեղից էլ հետո թշնամին մտավ Թաղեր։

Այդ ընթացքում սկսեցին գյուղը ռմբակոծել։ Հրահանգ եկավ՝ դուրս գալ գյուղից։ Ես գյուղի վերևի մեր տանն էի, իսկ հայրս ու եղբայրներս՝ Վահրամը և Գառնիկը, ներքևի։ Վահրամը այդ պահին եկավ իմ մոտ ու երկուսով հայտնվեցինք դիպուկահարների նշանառության տակ։ Հենց այդ պահին եղբայրս ասաց՝ վիրավորվեցի։ Ոտքի գլխավոր երակն էր կտրվել։ Միանգամից կորցրեց գիտակցությունը, արյունաքամ լինելով՝ մահացավ իմ ձեռքերի մեջ։

2020-ի պատերազմից հետո Մեծ Թաղերից բռնատեղահանված Լալայանների ընտանիքը բնակություն է հաստատել Ստեփանակերտում։

– Ստեփանակերտում նորից սկսեցի նկարել, նոր գործեր ստեղծել։ Այստեղ ևս նկարում եմ։ Ստեղծագործելու պահին ես կրկին վերապրում եմ անցյալը, հիշում ամեն ինչ։ Երբեք չեմ կորցնում հույսս, որ Արցախում նորից հայեր են ապրելու և այն հայկական է լինելու։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30