Մենք, թվում է շատ բան գիտենք մեր անվանի, աշխարհահռչակ արվեստագետների, այս դեպքում` օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի մասին: Խոստովանենք, որ դա չափազանց քիչ է իր արած համաշխարհային նշանակության գործի և ունեցած միջազգային վաստակի համեմատությամբ: Ամեն ինչ ներառող համացանցային տեղեկությունները իրականում մեծ արտիստի գործունեությունը ներկայացնող փշրանքներ են, որի մեջ հազիվ տեղ են գտնում հիմնականում միայն հսկայածավալ դերացանկերը, որոնցից ամեն մի անուն մեծ պատիվ ու հռչակ կբերեր կատարողին: Մինչդեռ մաեստրո Գրիգորյանի դեպքում գործնականում չկա հատուկ նրա համար գրված հայ և աշխարհում հայտնի որևէ կոմպոզիտորի ստեղծագործություն:
Արդարության դեմ չմեղանչելու համար փաստենք, որ Հանրային ռադիոյի ֆոնդում տենորի կատարմամբ տեղ է գտել ընդամենը մեկ ձայնագրություն` զինվորական, փոխգնդապետ Ռաֆիկ Աբրահամյանի «Երևան» երգը: Բոլորովին այնպես չէ, որ ճանաչված երգչի ստեղծագործական ուղին, ձեռքբերումներն ու նվաճումները եղել են իր բնական տաղանդի համար հեշտ ու հանգիստ ճանապարհով: Դա տասնամյակներով հատկապես սեփական անվան ու անձի համար փակված ճանապարհ էր խորհրդային ժամանակներում և միայն 90-ականներից սկսած, երբ արտիստը բոլորել էր կյանքի ավելի քան չորս տասնամյակը, դրանից հետո միայն բացվեցին խորհրդային ծանր դարպասները, որից հետո «ազատ աշխարհում» գործունեության տասը տարիները բավական եղան Գեղամ Գրիգորյանին դասելու բոլոր ժամանակների լավագույն տենորների շարքը: Նա պաշտոնապես ճանաչվեց 20-րդ դ. լավագույն տենորներից մեկը, որոնց ցանկը բացում է Կարուզոն, հետո գալիս են Բենիամինո Ջիլին, Ֆրանո Կորելին և այլն:
Կոչումներ, պատվոնշաններ, մրցույթներ, բազում ու բազմազան փառատոներ, դափնիներ ու մրցանակներ իհարկե ունի մաեստրոն, ինքն անձամբ շատ վաղուց արդեն ոչ մի տեսակի գնահատանքի ու գնահատականի կարիք չուներ, բայց ոչ իր համար, այլ մեզ համար, մեր հետագա սերունդների համար, արժե վերջապես մեկ անգամ հանգամանալից անդրադառնալ մեծ արվեստագետին, որի մասին Հայաստանում գիտեն որպես ճանաչված տենորի և Երևանի օպերային թատրոնի ղեկավարի, որն իր գործունեության շատ կարևոր, թերևս իր համար ամենասրտամոտ, բայց ոչ ամենափառահեղ հատվածն է և մեր երկրում տարածված վատ սովորության համաձայն՝ արտիստին գնահատում են անձնական ծանոթության գավառամիտ չափանիշերով:
Սակայն, բարեբախտաբար, մեծ վարպետը, նրա հզոր գենը մեր օրերում ապրում է ոչ միայն իր գործերով, այլ մեկը մյուսից ավելի տաղանդավոր իր զավակներով: Թվում է, թե մարդն իր կյանքի օրոք հնարավոր ամեն ինչ արել է զավակների կրթությունն ու մասնագիտական ուղղվածությունը ապահովելու համար, սակայն անգամ Գեղամ Գրիգորյանին չճանաչող մարդկանց համար պարզից էլ պարզ է, որ մշտապես խիտ հյուրախաղերով ծանրաբեռնված արվեստագետը պարզապես ժամանակ չէր կարող ունենալ «տանը լինելու և երեխաներով զբաղվելու», այն էլ օպերային արվեստի` թերևս արվեստի ոլորտի ամենաբարդագույն ասպարեզում: Բայց արի տես, որ գենի զորությունը և հզոր հոր ազդեցությունը ավելի խոր ու ազդեցիկ կամ ամենախորազդեցիկ ներգործությունն են ունենում զավակների վրա, քան «ճիշտ ուսում ստանալու» օրուգիշերային քարոզները և, այսօր Գեղամ Գրիգորյանը ապրում է իր հետմահու կենդանի կյանքը իր զավակներով` արդեն միջազգային մեծ բեմեր գրաված, հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի շքեղ տաղանդով, Լատվիայում սկսված և Երևանի օպերային թատրոնում 2022 թվականից գործունեություն ծավալող դիրիժոր Վարդան Գրիգորյանի տաղանդով:
Կարդացեք նաև
Օրերս էլ, առաջին անգամ Երևանի օպերային թատրոնի բեմ բարձրացավ, նույնիսկ մասնագետների լայն շրջանակի համար անսպասելի Գեղամ Գրիգորյանի կրտսեր զավակը` 25-ամյա օպերային երգիչ Տիգրան Գրիգորյանը Շոնարի դերերգով` Պուչինիի «Բոհեմ» օպերայում և միանգամից գերեց հանդիսատեսին ոչ միայն իր ազատ ու շքեղ բարիտոնով, այլ իր ցայտուն արտահայտված բեմական բարետեսությամբ, որով օժտված է Հասմիկ Գրիգորյանը նույնպես:
Այդ տեսակի մասին թատրոնական մասնագիտական աշխարհում ընդունված է ասել՝ լուսարձակող դերասաններ: Դա այն դեպքն է, երբ բեմում գտնվող հարյուրավոր արտիստների մեջ, առանց որևէ կերպ շեշտելու՝ հմայքով ու մագնիսական անհասկանալի գրավչությամբ միանգամից հանդիսատեսի հայացքը գամվում է տվյալ արտիստի վրա, նույնիսկ դեռ չերգած, դեռ իր դերը չկատարած, բայց մի անհայտ զորությամբ հայտնվում է հազարավոր հանդիսատեսի ուշադրության կենտրոնում: Իսկ հետո, դերերգի կատարման ընթացքում հաստատվում է ենթագիտական անվրեպ զգացողությունը:
Ժամանակից առաջ չանցնենք, բայց առավել քան վստահ ենք, որ հանձին երիտասարդ օպերային երգիչ Տիգրան Գրիգորյանի՝ գործ ունենք գենետիկորեն բացառիկ տաղանդի հետ, որին մեր կամեցողությամբ պիտի ցանկանանք մեծ դերեր ու գործունեության լայն ասպարեզ: Համոզված ենք, որ այսուհետ նաև երիտասարդի անունը շատ հաճախ ու հիացմունքով ենք լսելու, ինչպես հիացումով ենք լսում Գեղամ Գրիգորյանի, Հասմիկ Գրիգորյանի, Վարդան Գրիգորյանի անունները: Ահա թե ինչպես է մեծ մարդը անմահ մնում իր գործով, իր անձնական օրինակով և գենետիկ զորությամբ օժտված տաղանդավոր զավակներով:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում` Տիգրան Գրիգորյանն իր գործընկերների հետ «Բոհեմ» օպերայում:





















































