ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը 4 «կողմ» մեկ «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ այսօր հավանություն տվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում եւ հարակից 11-ից ավել օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծին։ Այսպիսով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կվերանվանվի Մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովի։ Առաջարկվող փոփոխությամբ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նոր գործառույթ է ստանձնում, այն է՝ սպառողների շահերի պաշտպանությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հարցը զեկուցելիս՝ ասաց, որ այս փոփոխությունը Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման շրջանակներում է եւ ԵՄ բոլոր ցուցումները մեխանիկորեն ներդրվել են՝ առանց տեղայնացման կամ համապատասխանեցման փորձի, քանի որ «եթե որոշել ենք այդ ճանապարհով գնալ․․․»։
Ուշագրավ էր, որ ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը եւ Ծովինար Վարդանյանը վերապահումներ արտահայտեցին, նրանք կարծում են, որ շահերի բախում կա տնտեսվարողի եւ սպառողի շահի՝ միեւնույն մարմնի կողմից պաշտպանության մեխանիզմում։
Ի՞նչ է տալու այս փոփոխությունը տնտեսվարողին, ի՞նչ է պալու սպառողին՝ Արուսյակ Մանավազյանի հարցերին, նախարար Գեւորգ Պապոյանն այսպես պատասխանեց՝ սպառողներին տալիս է իրավունքների պաշտպանություն՝ պրոակտիվ իրավունքների պաշտպանություն, ոչ թե իրավունքի խախտվելուց հետո իրավունքների պաշտպանություն, այլ կանխարգելում։ Այն տնտեսվարողներին, ովքեր սպառողների իրավունքների ոլորտում խնդիրներ չունեն, բարեխիղճ են, տալիս է՝ լավ տնտեսական մրցակցություն եւ բարենպաստ գործարար միջավայր։ Իսկ ոչ բարեխիղճ տնտեսվարողներին հնարավորություն է տրվում ուղղել իր սխալը, այդ թվում նաեւ տույժ-տուգանք վճարելով, խախտման արձանագրման հետ համաձայն չլինելու դեպքում՝ վիճարկել այն դատական կարգով ու այս ամենը հնարավորություն կտա պետությանը՝ տնտեսական միջավայրի չձեւախեղման։
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն էլ համաձայն է՝ արդար մրցակցությունը բերում է սպառողների իրավունքների պաշտպանության, բայց հետաքրքրվեց՝ քանի՞ մարդու է վերաբերվում այս օրենքը, քանի որ պայմանական ասած՝ ՀՀ բոլոր քաղաքացիները սպառող են, գրեթե բոլոր տնտեսվարող սուբյեկտներն էլ այս կամ այն կերպ սպառողի իրավունքին են առնչվում իրենց գործունեությամբ։ Օրենքում կարգավորումների բարելավումը նա կարեւոր է համարում, բայց ավելի կարեւոր է իրավակիրառ պրակտիկան, որը հաճախ մխիթարական չէ։
Պարզաբանվեց՝ սպառողների իրավունքների պաշտպանության մասով նորություն չկա, այդ գործառույթը նախկինում էլ էր հանձնաժողովի վրա դրված էր, բայց՝ «տակը բան չկար»։ Հիմա, գործադիրի ներկայացուցիչները վստահեցնում են՝ գործառույթ-ինստիտուտ-լիազորություն շղթայում միանգամայն այլ իրավիճակ ենք ունենալու սպառողների պաշտպանության տեսանկյունից։ Նաեւ հավելում, որ հանրային շահի պաշտպանության տեսանկյունից են դիտարկում փոփոխությունները, ոչ թե մեկ-երկու անձի առանձին դեպքերով։ Թադեւոս Ավետիսյանը կարծում է՝ ՀՀ քաղաքացին մնում է մեն մենակ, քանի որ «հանրային շահ» ձեւակերպմամբ ընդհանրական դիտարկումներ են արվում եւ եթե ասվում է, որ համակարգը զարգացնում ենք, ապա ի՞նչ զարգացման մասին է խոսքը, եթե ինստիտուտի կարողությունները զարգացած չեն։ Հիշեցնում է՝ էներգետիկ խմիչքների մասով էլ բուռն քննարկումներ եղան, վստահեցումներ, բայց ինքը հիմա տեսնում է՝ էներգետիկ խմիչքները դպրոցականներին վաճառվում են։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































