Կոնսերվատորիայի Կոնստանտին Սարաջևի անվան ուսանողական սիմֆոնիկ նվագախումբը նշեց իր 100-ամյա հոբելյանը մեծ համերգով: Դիրիժոր Նատալի Գալստյանի ղեկավարությամբ հնչեցին Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիան և Շուբերտի «Մագնիֆիկատը», որը Հայաստանում կատարվում է առաջին անգամ։
Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում օրերս կայացած համերգին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, կոնսերվատորիայի խմբավար, շրջանավարտ Դանիել Դանիելյանը։
Մեզ հետ զրույցի սկզբում երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Նարինե Ավետիսյանը նախ մեջբերեց հիշյալ սիմֆոնիայի մասին ֆրանսիացի դրամատուրգ Ռոմեն Ռոլանի խոսքը. «․․․ մաքուր անկեղծություն է, ազատություն և զորություն։ Սա հզոր, անմարդկային ուժերի խելահեղ վատնում է՝ վատնում առանց որևէ մտադրության, զվարճանքի համար՝ ափերից դուրս եկած վարարուն գետի զվարճանք», ապա նշեց, թե կոմպոզիտորն ինքը բարձր է գնահատել սեփական երկն անկեղծանալով. «Իմ լավագույն ստեղծագործությունների շարքում կարող եմ հպարտությամբ նշել Լյա մաժոր սիմֆոնիան»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե ինչու է հեղինակը հատկապես բարձրաձայնել, ավելին` հպարտացել, սեփական գործով, երաժշտագետը պատասխանեց. «Սիմֆոնիայի ծնունդը կարծես նախատեսված էր ճակատագրի կողմից։ Երաժշտության մեջ լսվող հանդիսավորությունն ու ազգային ցնծությունը տանում են հանճարեղ կոմպոզիտորին դեպի իր թիվ 9 սիմֆոնիայի «Ձոն ուրախությանը», որում հնչում է ողջ մարդկությանը ուղղված «Գրկախառնվեք, միլիոնավորներ» կոչը:
Ապա անդրադառնալով կատարմանը հատուկ շեշտեց. « Շատ մեծ էր դիրիժոր Նատալի Գալստյանի պատասխանատվության բեռը ուսանողական նվագախմբի ուժերով կատարել Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիան»։ Իսկ Շուբերտի «Մագնիֆիկատի» կատարմանը նվագախմբին միացավ կոնսերատորիայի «Կոմիտաս» երգչախումբը (խմբավար Գայանե Սահակյան) և մենակատարներ, ուսանողներ Մարիամ Գրիգորյանը, Սյուզաննա Կարապետյանը, Հովհաննես Օրդանյանը և Սամվել Եփրեմյանը։
Մեր զրուցակցին խնդրեցինք ներկայացնել, մեզ մոտ առաջին անգամ կատարվող Շուբերտի «Մագնիֆիկատը»: Տիկին Ավետիսյանը նախ տեղեկացրեց, թե ավստրիացի կոմպոզիտորն իր կյանքի օրոք համարվել է գեղեցիկ, մեղեդային երգերի հեղինակ, հրատարակվել են միայն նրա մի քանի երգը ձայնի և դաշնամուրի համար, նրա մեծակտավ ստեղծագործությունները մնացել են ձեռագիր և միայն 20-րդ դարում են հավաքագրվել ու հրատարակվել։
«Ինչ վերաբերում է «Մագնիֆիկատին», որը գրված է մենակատարների, երգչախմբի և նվագախմբի համար, ասեմ, որ այն պատկանում է Շուբերտի ստեղծագործության վաղ շրջանին և դասվում անհետ կորած ձեռագրերի շարքին, որն, ի դեպ, վերականգնվել է 1989 թվականին»,- հայտնեց երաժշտագետը:
Անկասկած, մեծ պատիվ էր, ավելին` համարձակություն, իրականացնել ստեղծագործության հայաստանյան պրեմիերան կոնսերվատորիական ուժերով։ Նարինե Ավետիսյանին խնդրեցինք հակիրճ ներկայացնել ավելի քան 100-ամյա կոնսերվատորիայի ուսանողական սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի պատմությունները, որոնք սկիզբ են առնում ու շարունակվում բուհի պատմությանը զուգահեռ։
«Հարյուր տարի առաջ, նորաստեղծ կոնսերվատորիայում կազմակերպել նվագախումբ անիրագործելի երազանք էր թվում։ 1925 թվականին, ռեկտոր Արշակ Ադամյանը գրել է, թե Երևանի կոնսերվատորիան իր գոյության չորրորդ տարում նվագախումբ ստեղծելու խիստ անհրաժեշտություն է զգում։ Նա մեծ ջանքեր գործադրեց իր գաղափարը իրականացնելու համար։ Նրա համար նաև շատ կարևոր էր, որ նվագախումբը կազմավորվեր ամբողջությամբ տեղացի կատարողներով։ Եվ շատ կարճ ժամանակահատվածում նվագախումբը հաղթահարեց բարդ դասական ծրագիրը և առաջին համերգով հանդես եկավ 1925 թվականի մարտի 20-ին։ Համերգը կազմակերպեց և ղեկավարեց հենց ինքը՝ Արշակ Ադամյանը», ներկայացրեց երաժշտագետը:
Մենք էլ փաստենք, որ 20-րդ դարի սկզբին Հայաստանում դասական երաժշտությունը և արվեստի այս ոլորտին վերաբերող ամեն ինչը ստեղծվում էր, ինչպես ասվում է՝ «դատարկ տեղում»։ Սակայն դրսում ուսում առած հայ երաժիշտների նվիրյալ աշխատանքի շնորհիվ դասական երաժշտությունն ու կատարողական արվեստը սկսեցին զարգանալ և դրա վառ օրինակներից է կոնսերվատորիայի ուսանողական նվագախմբի պատմությունը։
Նարինե Ավետիսյանը բարձրաձայնեց նվագախումբն առաջին օրվանից ղեկավարած, հայ երաժշտամշակույթի ամենանշանավոր ներկայացուցիչների անունները. պրոֆեսորներ, արվեստի վաստակավոր գործիչներ, ժողովրդական արտիստներ՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Գևորգ Բուդաղյան, Սուրեն Չարեկյան, Կոնստանտին Սարաջև, Արամ Քաթանյան, Միխայիլ Մալունցյան, Զարեհ Սահակյանց, Յուրի Դավթյան, Վիլեն Չարչողլյան, Դավիթ Հարությունյան, Ռուբեն Ասատրյան…, ներկայումս էլ ղեկավարում է դիրիժոր Նատալի Գալստյանը։
Համակարծիք լինելով դիտարկմանը՝ բարդ աշխատանք է ենթադրում ուսումնական նվագախումբ ղեկավարելը՝ երաժշտագետը շարունակեց. «Ի տարբերություն պրոֆեսիոնալի, որի հիմնական նպատակը համերգային գործունեությունն է, ուսանողականինը՝ տարատեսակ խնդիրների հաղթահարումն է։ Դա համատեղ «թիմային» կրթական ընթացք է, որը ենթադրում է աշխատանք ուսանողների տարբեր աստիճանի պատրաստվածության հետ, գործիքային խմբերի առանձնահատկությունների հետ, ծրագրի հմուտ ընտրության և այլն։ Ուսանողական նվագախմբի առկայությունը մեծ նշանակություն ունի բուհի նվագախմբային ֆակուլտետի շրջանավարտների հետագա կարիերայի համար։ Ուսումնական այս գործընթացի նպատակն է բարձրակարգ, կարգապահ երաժիշտ կրթելը, ով կդառնա ցանկացած մակարդակի սիմֆոնիկ նվագախմբի արժեքավոր արտիստ։
Ալեքսանդր Սպենդիարյանը գրում է․ «Կգա ժամանակ, երբ մեր դեռևս համեստ ուսանողական նվագախումբը հպարտությամբ կկրի Հայաստանի պետական նվագախմբի պատվավոր կոչումը»։ Այս կանխագուշակությունը իրականացավ, քանի որ կոնսերվատորիայի ուսանողական նվագախումբը դարձավ Հայաստանի առաջին պրոֆեսիոնալ սիմֆոնիկ նվագախմբի հիմքը։ Մինչ օրս կոնսերվատորիական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի կատարողների զարկերակն է, որտեղից սնվում են գրեթե բոլոր կոլեկտիվները»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում` Երևանի կոնսերվատորիայի ուսանողական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծմանը նվիրված հոբելյանական երեկոյից





















































