Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որն այսօր լրագրողներին հրավիրել էր քաղաքական հայտարարություն անելու իր նկատմամբ կիրառվող ճնշումների մասին, կոչով դիմեց իր ընտրողներին՝ նրանց հորդորելով իրեն միայնակ չթողնել, պատրաստ լինել իրենց ձայնին տեր կանգնելու, քանի որ, ըստ նրա՝ երկրում օրենքը չի գերակայում, եպիսկոպոսներին բանտարկում են, քաղաքապետերը մահանում են, իր նման մարդիկ բանտարկվում են։
Ըստ Ղուկասյանի՝ «Էս կառավարությունը պայքարում է էս ժողովրդի դեմ՝ հոգս, պրոբլեմ ստեղծելով։ Խոսք ունեցող ուժը, անարդարություններին չխոնարհվող ուժերը, բոլորը դատվում են, բանտարկվում են, մահանում են, կամ երկրից արտաքսվում են կամ ունեզրկվում են։
Ժողովուրդ, էլ ինչքան կարելի է ասել, որ սրանք ղեկավարվում են անգլո-թուրքական ուժերի կողմից։
Ես ասել եմ՝ միություն կազմեք՝ որպես անկախ պետություն, հլը տեսեք՝ սրանք ինչ վայնասուն են բարձրացրել՝ խոսքերս ձևափոխելով։ Անկախությունն ինձ համար սրբություն է՝ մահ կամ ազատություն։ Հայաստանի անկախությունն ինձ համար սրբություն է, էս ինչ հեքիաթներ եք պատմում, թե քաղաքապետն ասել է՝ միություն, «գուբերնիա» դառնաք։
Կարդացեք նաև
Առնվազն բ․-ի տղություն է նման խոսքերը, ես երբեք նմանատիպ բաներ չեմ կարող ասել, բացեք, իմ խոսքերը լավ նայեք, չնայած դուք լավ գիտեք, ուղղակի ձեզ դրսից՝ Թուրքիայից հանձնարարականներ են տալիս, թե չե՞ք կարող էդ մեկի վրա։
Ես էդ խոսքերն էլ գիտեմ, լավ ճանաչում ենք ձեզ արդեն։ Եթե ձեր կառույցի 90 տոկոսը Թուրքիայում է վերապատրաստվել, էլ ի՞նչ ասեմ։ Թուրքին ու ռուսին կարելի՞ է իրար հետ համեմատել», -ասաց Վարդան Ղուկասյանը՝ հիշեցնելով Հայոց Ցեղասպանությունը։
Նա նշեց, որ այս տեսակ խաղաղություն իր տեսակի մարդկանց պետք չէ, հատկապես որ խաղաղության երաշխիք տվող չկա։
«Ամերիկան կամ Եվրոպան չի կարող բարբարոս ազգին կանգնեցնել։
Սրանց կանգնեցնելու միակ գրավականը զինվել, հզոր բանակ ունենալ, հզոր երկիր, ուրիշ ոչ մի բան, իսկ Գյուլնազ տատի հեքիաթները կտանես, կպատմես Թուրքիայում։ Հեքիաթ մի պատմի, լավ տեսնում ենք՝ ում կողմից եք ղեկավարվում, ինչ եք անում, ոնց եք անում։
Ես զարմանում եմ, արա՛, սրանք մեզանից ի՞նչ են ուզում, օրինակ՝ ես շատ լավ հայրենասեր, խիղճ ունեցող, երկիր կառուցող, ժողովրդի կողքին կանգնող մարդ եմ, ինչի՞ եք ընկել իմ հետևից, այ սատանեք»։
Վարդան Ղուկասյանը հայտարարեց՝ մոտ օրերս իր նկատմամբ այլ ճնշումներ կլինեն, սպասեն, կտեսնեն։
Իսկ երկրի իշխանությանը նախազգուշացրեց՝ այնպես պահեն իրենց, որ երկրի վարկանիշը չխայտառակեն, այլապես այնպիսի հայտարարություններ կանի, որ կտեսնեն՝ ինչ կգա իրենց գլխին։
«Դիմում եմ Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային կազմակերպություններին, դեսպանատներին, որ բոլորդ դեմոկրատիա եք քարոզում, դեմոկրատիան բռնաբարվում է Հայաստանի Հանրապետությունում»,-հայտարարեց Գյումրու ընդդիմադիր քաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ