Քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության պատասխանատու Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը (լուսանկարում) ուրբաթ օրը նամակ է ուղղել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը՝ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում հոգեւոր ծառայություն իրականացնող Տեր Վահանի մուտքը ՔԿՀ արգելելու դեպքի վերաբերյալ։ «Առավոտ»-ի հետ զրույցում Տեր Իսահակ Վարդապետն ասաց, որ սպասում է պատասխանի, որից հետո այս հարցով կկարողանա մանրամասներ հայտնել։
Նշենք, որ «Նուբարաշեն» եւ «Վանաձոր ՔԿՀ»-ներ արգելվել է հոգեւոր ծառայություն իրականացնող քահանաների մուտքը։ Հարցին, թե ի՞նչ հիմնավորում է ներկայացրել քրեակատարողական ծառայությունը, Տեր Իսահակ Վարդանյանը պատասխանեց․ «Վանաձորի քահանային՝ Տեր Վահանին ասել են, որ անցաթուղթ չունի, առանց դրա չի կարող մտնել քրեակատարողական հիմնարկ։ Իսկ Տեր Գրիգորի հետ կապված պատճառաբանությունն այն է, որ ինքը դատապարտյալների հետ հանդիպման ժամանակ քաղաքական երանգ է տալիս իր խոսքին»։
Նա նշեց, որ Տեր Գրիգորի հարցը դեռ առկախված է, մի քանի օրից պատկերը պարզ կլինի, իսկ «Վանաձորի ՔԿՀ»-ի քահանայի հետ կապված ուրբաթ օրը նամակ է ուղարկել քրեակատարողական ծառայություն, սպասում է պատասխանին։
«Տեր Վահանը 2011 թվականից այցելել է «Վանաձոր ՔԿՀ», պաշտոնապես արտոնել են, հիմա, իրենց մոտ կանոնակարգելուն ուղղված ինչ-որ քայլեր են անում, ծառայության նոր պետի նշանակման հետ կապված այդ տենդենցները ես տեսել եմ, իրենց տրամադրությունները հասկացել եմ։ Դրա համար չեն արտոնել, թույլ չեն տվել մտնել քրեակատարողական հիմնարկ, անհրաժեշտություն է առաջացել, որ քահանան անցագրով մտնի»,- ասաց Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանը։
Կարդացեք նաև
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հոգեւոր ծառայություն սկսվել է իրականացվել դեռեւս 1993 թվականից։ Քրեակատարողական հիմնարկներում մինչ այս դեպքը ծառայություն իրականացող քահանաների թիվը 8-ն էր, հիմա փաստացի ծառայություն են իրականացնում նրանցից 6-ը։
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամները տեղյակ չեն քահանաների մուտքի արգելքի մասին։ «Մենք այցեր ենք անելու այդ քրեակատարողական հիմնարկներ, դեպքի մանրամասները կպարզենք»,- մեզ հետ զրույցում ասաց դիտորդական խմբի անդամ Մարիամ Անտոնյանը։
«Ես սա եկեղեցու դեմ արշավի համատեքստում եմ դիտում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հազարավոր դատապարտյալների իրավունքներ է խախտում այսօր։
«Ինքն իրավունք չունի արգելել հոգեւորականների մուտքը ՔԿՀ-ներ։ Ես շատ եմ շփվել դատապարտյալների հետ, նրանք իրոք սպասում են հոգեւորականներին, հոգեւոր խոսքի կարիք ունեն։ Եվ հլու-հնազանդ արդարադատության նախարարը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի նման քայլեր չարվեն։ Ի՞նչ իրավունք ունի Նիկոլ Փաշինյանն արգելք դնել այս հարցում։ Իսկ ինքն ինչո՞ւ է գնում եկեղեցի, գնում է, որ սկանդալներ անի՞, թե՞ հոգեւորի կարիք ունի։ Մենք տեսել ենք, որ ինքը սկանդալների կարիք ունի, եկեղեցու հետ խնդիր ունի, մենք տեսանք, թե իր մի այցը մասնավորապես Դավիթ Մինասյանի դեպքում ինչի հանգեցրեց»,- ասաց իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ անգամ բռնապետական երկրներում բանտերում մարդկանց հոգեւոր խնդիրները լուծվում են։ «Մեր երկիրը դեռ չի դարձել բռնապետական, բայց Նիկոլ Փաշինյանը բռնապետի հավակնություններով է հանդես գալիս։ Ես անթույլատրելի եմ համարում հոգեւորականներին խանգարել ու թույլ չտալ մուտք գործել քրեակատարողական հիմնարկներ։ Դա անպատկերացնելի մի բան է, երբ մարդիկ իրենց մեղքի ծանրության տակ ուզում են զրուցել իրենց խնդիրների մասին։ Ո՞նց կարելի է նրանց զրկել այդ իրավունքից, սա ինչ կամայականություն է, ինչ անօրինականություն է»,- հավելեց Ժաննա Ալեքսանյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































