Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու, Թեհրանի ATU (Allameh Tabataba) համալսարանի դասախոս՝ Դոկտոր Էհսան Մովահեդիան.
Ինչո՞ւ Թրամփը պարտվեց Իրանին
Դոնալդ Թրամփը Իրանի հետ առճակատման մեջ ավելի շատ, քան որևէ ճգնաժամի կառավարում, հայտնվել է պատմողական և ռազմավարական փակուղում։ Այդ փակուղին մի կողմից կապված է Թեհրանի հաշվարկված համբերության, մյուս կողմից՝ Թրամփի մշտական հակասական հայտարարությունների, նրա քաղաքական հեղինակության մաշման, ԱՄՆ կառավարության ներսում առկա ճեղքերի և անկանխատեսելի սրման վտանգի հետ։ Մինչ Սպիտակ տունը փորձում է ներկայացնել իրավիճակի լիակատար վերահսկողության պատկեր, իրականությունն այլ բան է ցույց տալիս․ Իրանը ոչ շտապում է հանձնվել, ոչ էլ թույլ է տալիս, որ Թրամփի հոգեբանական պատերազմը արդյունք տա։
Իրանի համբերությունը՝ Թրամփի զայրույթի պատճառ
Կարդացեք նաև
Թրամփի արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ ճգնաժամը պետք է լինի արագ, ցուցադրական և վաճառելի։ Նա սովոր է արագ արդյունքների, աղմկոտ պատկերների և մեդիա հաղթանակների։ Սակայն Իրանի դիմաց նա հանդիպել է մի իրականության, որը խախտում է այդ մոդելը՝ ռազմավարական համբերությանը։ Թեհրանը խուսափելով շտապողականությունից՝ դուրս է բերել որոշումների դաշտը Վաշինգտոնի վերահսկողությունից և թույլ չի տվել, որ Թրամփը հասնի իր գլխավոր նպատակին՝ «արագ հանձնման» ցուցադրությանը։
Վերջին տարիներին Իրանը բազմիցս ցույց է տվել, որ լարվածության պահերին հենվում է ժամանակի, հաշվարկի և հակառակորդի մաշման վրա, ոչ թե հուզական արձագանքի։ Սա չափազանց անհարմար է Թրամփի նման քաղաքական գործչի համար, որը սնվում է մեդիայի աղմուկով։ Նա ցանկանում է արդյունքը ներկայացնել դեռ մինչև իրական ծախսերը բացահայտվեն, բայց Իրանի համբերությունը դա անհնար է դարձնում։
Թրամփի քարոզչական պատմությունը փլուզվել է
Թրամփը տարիներ շարունակ քաղաքականությունը խառնել է շոուի և քարոզչության հետ։ Սակայն Իրանի հարցում այդ ներկայացումը հետ է մնացել իրականությունից։ Նրա բազմաթիվ մեծ և հաճախ հակասական հայտարարությունները՝ Իրանի ռազմական կարողությունների լիակատար ոչնչացումից մինչև իրավիճակի լիակատար վերահսկում, աստիճանաբար քայքայել են նրա խոսքի վստահելիությունը։
Արևմտյան լրատվամիջոցները նույնպես սկսել են նրան նկարագրել ոչ թե որպես կայուն առաջնորդ, այլ որպես անկանխատեսելի դերակատար, որը մշտապես տատանվում է սպառնալիքների և նահանջների միջև։ Արդյունքում, նույնիսկ իրական սպառնալիքները կորցնում են իրենց հոգեբանական ազդեցությունը։
ԱՄՆ կառավարության ներսում ճգնաժամ
Թրամփի փակուղու կարևոր նշաններից մեկը ոչ միայն Իրանի հետ կապված իրավիճակն է, այլ նաև այն, ինչ տեղի է ունենում ԱՄՆ կառավարության ներսում։ Հաճախակի պաշտոնանկությունները, հրաժարականները և ղեկավար կազմի փոփոխությունները վկայում են ներքին անկայունության մասին։ Ռազմավարական ձախողումները արագ արտացոլվում են որոշումների ընդունման համակարգում։
Երբ արտաքին ճնշումը պետք է ուժեղացնի ներքին միասնականությունը, բայց տալիս է հակառակ արդյունք, ճգնաժամը տեղափոխվում է երկրի ներս։ Իրանը հենց այս կետն է օգտագործում՝ նվազագույն արձագանքով առավելագույն ճնշում գործադրելով։
Հորմուզի նեղուցը և համաշխարհային տնտեսությունը՝ Թրամփի «սև անցքերը»
Թրամփի փորձերը ուժ ցուցադրելու՝ կապված են նաև համաշխարհային տնտեսության կենսական ուղիների հետ։ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ էներգիայի կարևորագույն ուղիներից մեկը։ Ցանկացած լարվածություն այստեղ ազդում է ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի վրա՝ էներգետիկ շուկաներից մինչև փոխադրումներ և ապահովագրություն։
Իրանն այս իրավիճակը վերածել է զսպման գործոնի․ նույնիսկ առանց մեծ գործողությունների, նա ցույց է տալիս, որ անկայունությունը իրական ծախսեր ունի։ Սա սահմանափակում է Թրամփի ռազմական և քարոզչական մանևրները։
Երեք ճանապարհ՝ և բոլորը վտանգավոր
Թրամփի առջև ծառացած երեք հիմնական տարբերակներն էլ ռիսկային են․
- Լարվածության սրում՝ կարող է բերել նոր ճգնաժամերի,
- Նահանջ՝ կնշանակի հեղինակության կորուստ,
- Անորոշ վիճակի պահպանում՝ երկարատև մաշման պատերազմ առանց հաղթանակի։
Այս փակուղին կապված է նաև նրա քաղաքական ոճի հետ․ նա սովորաբար ճգնաժամը հասցնում է գագաթնակետին, հետո փորձում է ցուցադրական համաձայնությամբ դուրս գալ դրանից։ Սակայն Իրանի դեպքում դա չի հաջողվել։
Թաքնված խոստովանություն՝ ձախողում
Թրամփի ամենակարևոր լռությունը այն է, որ նա չի բացատրում, թե ինչու Իրանը չի կոտրվել այսքան ճնշումներից հետո։ Իրականում Իրանը համբերությամբ և հաշվարկով վերցրել է նախաձեռնության մի մասը։
Թրամփը կարող է աղմուկ ստեղծել, բայց աղմուկը հաղթանակ չէ։ Ամեն նոր հայտարարությամբ իրականության և խոսքի միջև հեռավորությունը մեծանում է, և նրա փակուղին ավելի ակնհայտ է դառնում։
Վերջիվերջո, Իրանի հետ լարվածությունը Թրամփի համար դարձել է ոչ միայն արտաքին քաղաքական հարց, այլ հայելի, որը ցույց է տալիս նրա սահմանափակումները։ Նա ցանկանում էր ուժի պատկեր ստեղծել, բայց հայտնվել է մի շրջապտույտում, որտեղ յուրաքանչյուր քայլ ավելացնում է իր խնդիրները։


















































