Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի ֆեյսբուքյան գրառումը
Կենսաչափական նոր անձնագրի մասին․ հաշվի առնելով թեմայի կարևորությունը Հայաստանի ու հայ ժողովրդի համար, որոշեցի ես էլ անդրադառնամ այդ թեմային, մանավանդ որ շատերը՝ թեմայից տեղյակ թե անտեղյակ, խոսեցին ու գրեցին այս մասին։
Ասեմ, որ իմ աշխատանքային բազմամյա գործունեության ընթացքում ոչ միայն տեսել, այլև ձեռքումս բռնել եմ երեք-չորս տասնյակ երկրների անձնագրեր ու անձնագրերի նմուշներ։ Ասեմ նաև, որ բազմաթիվ երկրներում անձնագրային ստուգում իրականացնող սահմանապահները միշտ հիացել են Հայաստանի Հանրապետության անձնագրով, այդ թվում նաև դիվանագիտական անձնագրով, որոնք սև էին։ Հիշում եմ մի դեպք, երբ մեր անձնագրով հիացած սահմանապահն ինձնից թույլտվություն խնդրեց ՀՀ անձնագրի շապիկը լուսանկարելու։
Կարդացեք նաև
Նոր անձնագրի գույնի հետ կապված որևէ մեծ խնդիր չեմ տեսնում, սակայն միևնույն ժամանակ չեմ էլ տեսնում որևէ հատուկ պատճառ, ներկայիս մուգ կապույտ՝ արդեն սիրված գույնից հրաժարվելու համար։ Անձամբ ես կողմ եմ գույնի պահպանմանը։
Ընդհանուր առմամբ նոր անձնագրի գաղափարը լավն է, սակայն դրա իրականացումը (ինչպես մեր մոտ հաճախ լինում է), մեղմ ասած ահավոր է։ Կենսաչափական անձնագրերն ընդամենը պարզ անհրաժեշտություն են և մենք նախկինում ունեցել ենք. այնպես, որ այդ փաստն ինքնին մեծ հայտնություն չէ։ Լիարժեք ու ճշգրիտ պատկերացում կազմելու համար, իհարկե ցանկալի կլիներ ֆիզիկապես ուսումնասիրել անձնագրի նմուշը, սակայն առանց դրա էլ տեսանելի են բազմաթիվ խնդրահարույց կետեր։ Նման կարևորագույն հարցում շտապողականությունն ու ենթատեքստերի առկայությունն անընդունելի են։
Փորձեմ հերթով անդրադառնալ դրանցից մի քանիսին։
Ուրախ եմ, որ հայոց այբուբենի տառերը նույնպես օգտագործվել են անձնագրի էջերը համարակալելու համար, բայց դրանք ոչ բոլոր նկարների ֆոնի վրա են տեսանելի։
Բացարձակապես անընդունելի եմ համարում կենսաչափական էջից հետո՝ Գ/3-րդ էջը նախատեսել վիզաների համար․ ցանկալի է, կասեի նույնիսկ պարտադիր է, որ այդ էջը մնա ազատ, կամ որևէ հատուկ նշումների համար։ Պատկերացնո՞ւմ եք անձնագրի տիրոջ լուսանկարի ու անձնական տվյալների կողքին ինչ-որ, թեկուզև, և անձնագրի կրողի համար ամենացանկալի մուտքի վիզան փակցված լինի։
Այս էջում միանշանակ պետք էր զետեղել նաև Մեսրոպ Մաշտոցի պատկերը: Կառաջարկեի նաև Է տառը մասնավոր շեշտել:
Այժմ վերադառնամ Բ/2-րդ էջին, ավելի ճիշտ տեքստին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
REPUBLIC OF ARMENIA
ԱՆՁՆԱԳԻՐ
PASSPORT
[ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆ]
Հայաստանի Հանրապետություն
Այս անձնագիրը տրվում է Հայաստանի Հանրապետության կողմից և հանդիսանում է միջազգային ճամփորդական փաստաթուղթ։ Այն հաստատում է անձի ինքնությունը և իրավունք է տալիս ճամփորդելու։
Republic of Armenia
This passport is issued by the Republic of Armenia and is an international travel document. It certifies the identity of the bearer and entitles him/her to travel.
Հիմա փորձեմ հավաքել իմ դիվանագիտական համբերությունն ու իմաստությունը և առանց ավելորդ (կամ էլ շատ տեղին) բառերի վերլուծեմ այս անհեթեթ տեքստը։ Ոչինչ չասող «տավտոլոգիա»։ Նախ` բացարձակապես անհասկանալի է, թե ինչի համար է մեկ էջում երեք անգամ գրվում Հայաստանի Հանրապետություն․ հատկապես անտեղի է վերևի պարբերության սկզբում գրված «Հայաստանի Հանրապետություն»-ը։ Իսկ արդյոք պարզ չի՞, որ ՀՀ անձնագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կողմից (հակառակ դեպքում այն կլինի կեղծ) և որ ցանկացած անձնագիր հաստատում է այն կրող անձի ինքնությունը և տալիս է ճամփորդելու իրավունք։ Մի խոսքով լրիվ անիմաստ ու ոչինչ չասող տեքստ, ինչը փաստորեն ու ցավալիորեն իջեցնում է զուտ ճամփորդական փաստաթղթի մակարդակի՝ մեր պետական փաստաթուղթը (Я достаю из широких штанин дубликатом бесценного груза. Читайте, завидуйте, я — гражданин Републики Армения.)․․․

Հետագա զննումը բացահայտում է, որ նոր անձնագրում, ի տարբերություն նախորդների, անհետացել են մի շարք կարևորագույն ու պարտադիր գրառումներ, որոնցից կառանձնացնեմ երեք կարևորագույնները․
«Անձնագիրը վավերական է բոլոր երկրներում»,
«Անձնագիրը բաղկացած է ** էջից» ու թերևս, ամենակարևորը,
«Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը (իր զանազան ձևակերպումներով)»։
Եթե առաջին երկուսը կարևոր են հյուպատոսական ու իրավական առումներով, ապա երրորդը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության հովանավորությունն իր քաղաքացու հանդեպ։ Վերջինիս բացակայությունը և դրա փոխարինումը նոր տեքստով ցույց է տալիս, որ պետությունը «ձեռքերը լվանում է» իր քաղաքացուց և պարզապես ասում է, «գնացեք ու ճամփորդեք»․․․
Երեկ կարդացի (չեմ հիշում հեղինակին), որ նման տեքստ անձնագրերում միշտ չէ, որ լինում և այն բնավ էլ պարտադիր չէ։ Իմ փորձը և փոքր ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ բոլոր անձնագրերը (մոտ քսան երկրի), որոնք առցանց ուսումնասիրեցի, բոլորն էլ պարունակում են նմանօրինակ «ուղերձներ»։
Բազմաթիվ երկրների անձնագրերի մեծ մասը ներառում են աջակցության ու պաշտպանության պաշտոնական դիմում, որը սովորաբար գտնվում է կազմի ներսի էջում կամ առաջին էջում: Այս տեքստը դիվանագիտական հաղորդագրություն է տվյալ պետության կառավարությունից (կամ պետության ղեկավարից) օտարերկրյա իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ անձնագրի տիրոջն ազատ ու անարգել տեղաշարժվել և անհրաժեշտության դեպքում նրան ցուցաբերել օգնություն ու պաշտպանություն:
Թեև ձևակերպումները տարբերվում են, հիմնական իմաստը մնում է նույնը բոլոր երկրների համար: Ստորև մեջբերեմ մի քանի օրինակ․
ԱՄՆ – «ԱՄՆ Պետքարտուղարը խնդրում է բոլորին, ում դա կարող է վերաբերել, թույլ տալ ԱՄՆ քաղաքացուն… անցնել առանց հապաղման կամ խոչընդոտների և կարիքի դեպքում ցուցաբերել օրինական օգնություն և պաշտպանություն»։
Միացյալ Թագավորություն – «Նորին Մեծության Պետքարտուղարը՝ Նորին Մեծության անունից խնդրում և պահանջում է բոլոր նրանց, ում դա վերաբերում է, թույլ տալ անձնագրի տիրոջն ազատ տեղաշարժվել և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն ու պաշտպանություն…»
Հնդկաստան – «Հնդկաստանի Հանրապետության Նախագահը խնդրում և պահանջում է… թույլ տալ սույն անձնագրի տիրոջն ազատ ու անարգել անցնել և նրան տրամադրել անհրաժեշտ օգնություն ու պաշտպանություն…»
Ֆիլիպիններ – «Ֆիլիպինների Հանրապետության Կառավարությունը խնդրում է բոլոր շահագրգիռ կողմերին թույլ տալ Ֆիլիպինների քաղաքացի հանդիսացող տիրոջն անցնել անվտանգ և ազատ, իսկ կարիքի դեպքում ցուցաբերել նրան օրինական օգնություն…»
Վիետնամ – «Սույն անձնագիրը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության սեփականությունն է և տրամադրվում է միայն Վիետնամի քաղաքացիներին։ Սույն անձնագիրը վավեր է բոլոր երկրների համար, եթե այլ կերպ չի նշվել։ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունը խնդրում է բոլոր շահագրգիռ իրավասու մարմիններին թույլատրել սույն անձնագրի կրողին անարգել անցնել և նրան տրամադրել անհրաժեշտ օգնություն և պաշտպանություն»։
Ավելացնեմ նաև, որ սրանք տեքստեր են վերցված սովորական անձնագրերից և ոչ թե դիվանագիտականներից։ Վերջիններիս տեքստը մի փոքր ավելին է։ Քանի որ դիվանագիտական անձնագրի տերն ունի դիվանագիտական անձեռնմխելիություն, տեքստն ավելի հրամայական բնույթ է կրում: Այն հուշում է սահմանապահներին և ընդունող երկրի իշխանություններին, որ տվյալ անձը ճամփորդում է պետական հատուկ առաջադրանքով և օգտվո՞ւմ է դիվանագիտական համապատասխան արտոնություններից ու անձեռնմխելիությունից։
Առաջարկեմ իմ տարբերակը, որը պետք է տեղ գտնի անձնագրում․
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը դիմում է ու խնդրում է բոլոր պետությունների շահագրգիռ կառույցներին, թույլ տալ սույն անձնագրի տիրոջն ազատ և անխոչընդոտ անցնել, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նրան ցուցաբերել ամեն օգնություն և պաշտպանություն»։
Հիմա մի քանի քայլ/էջ առաջ անցնենք և անդրադառնանք, թե ինչ է գրված մեր նոր անձնագրերի 43-րդ էջում․
«Այս անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։
This passport remains the property of the Republic of Armenia»
Այստեղ չգիտես ինչու հեղինակները/թարգմանիչները հեռացել են աշխարհում ընդունված «…is the property…» անգլերեն տարբերակից։ Չգիտես ինչու անգլերեն տարբերակում նաև վերջակետ չկա։
Այստեղ կարելի էր վերջակետ դնել, սակայն մնում է անդրադառնալ ամենախնդրահարույց ու ցցուն հատվածներին։ Ընդ որում՝ դա պետք է անեմ, որպես գրեթե հինգհազարամյա պատմություն ունեցող ազգի ներկայացուցիչ և 36 տարվա դիվանագիտական փորձով հայ։
Վերջին տասնամյակի ընթացքում, գրեթե բոլոր երկրները՝ փոխելով իրենց անձնագրերը, նախընտրում են պատկերազարդ էջերով անձնագրերը։ Բնականաբար, յուրաքանչյուր երկիր ընտրում է իր պատմությանը, պետականությանը, մշակույթին, բանահյուսությանը և այլ տարրերին նվիրված տեսարաններ։ Փառք Աստծո, մեր պատմությունն ու մշակույթը մեզ տալիս են ընտրության անթիվ-անհամար հնարավորություններ։ Նույնը կարելի է ասել նաև ՀՀ թղթադրամների թեմաների ընտրության վերաբերյալ։ Իհարկե, յուրաքանչյուր մարդ այս ձևավորման հետ կապված ունի իր նախասիրությունները, և դժվար կլիներ բավարարել բոլորի ցանկությունները։ Ես, օրինակ՝ շատ կուզենայի տեսնել Հայոց հիմնական թագավորական դինաստիաներին հղումներ՝ Երվանդունիները, Արտաշեսյանները, Արշակունիները, Բագրատունիները և Ռուբինյանները, չբավարարվելով միայն Արտաշեսյանների սահմանաքարով (էջ՝ 8-9), ընդ որում դրանք զետեղելով մերօրյա Հայաստանի պետական կառավարման մարմինների շենքերի պատկերներից առաջ։
10-11-րդ էջերը պատկերում են Էջմիածնի Մայր Տաճարը «շահեկան դիրքով»… և կրկին առանց վեհաշուք Մասիսի: Դուք տեսե՞լ եք Արարատն ինչ շքեղ է երևում Մայր Աթոռից: Կառաջարկեի նաև այս էջերում անդրադառնալ Գրիգոր Լուսավորիչին, Տրդատ թագավորին, միգուցե նաև Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներին:
14-15-րդ էջերը պատկերում են Հայաստանի կառավարության շենքը և հատված հրապարակի շատրվաններից․․․ բայց չգիտես ինչու շատրվանները չեն գործում։ Մինչդեռ այս լուսա-ձայնային շատրվաններն առաջինն էին ոչ միայն ԽՍՀՄ-ում այլև աշխարհում՝ պատենտավորելով այն որպես հայ մասնագետների մտահղացում։ Այնպես որ խնդրեմ, շատրվանները միացրեք։
22-23 էջերը պատկերում են Արագածը, բայց ահավոր վատ ձևով։ Կասեի, նույնիսկ անճանաչելի է պատկերված։

24-25 էջերը պատկերում են Խոր Վիրապի վանական համալիրը, որն առանց Արարատ լեռան ոչ միայն թերի է, այլև հակասում է առողջ բանականությանը։ Ամբողջ աշխարհով մեկ, պատկերելով Հայաստանն ու մեր տեսարժան վայրերը, ամենից շատ տարածված են Երևանի ու Խոր Վիրապի տեսարաններն Արարատով։ Տարբեր երկրներում համագործակցել եմ զբոսաշրջային ընկերությունների հետ, որոնց համար Հայաստանն ու Արարատը նույնականացվում են։ Կարճ ասած՝ Խոր Վիրապն առանց Արարատ լեռան չի լինում։
Հասա 26-27 էջերին․․․ ինձ ճանաչողները գիտեն, թե որքան ջանքեր եմ գործադրել գործընկերներիս հետ՝ «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկելու համար։ Հայտում մանրամասն նկարագրվում է Լավաշի պատրաստման ու մշակույթի հետ կապված ամեն ինչ։ Անձնագրի այս լուսանկարը 180 աստիճանով հակասում է ու խեղաթյուրում է Հայաստանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացված հայտի նկարագրությանը։ Մոտս այնպիսի տպավորություն է, թե Լավաշին նվիրված լուսանկարը պատվիրել են (կամ էլ արտապատվիրակել են) ինչ-որ մեկին, ով ո՛չ տեսել է, ո՛չ լսել է, ո՛չ էլ երբևէ Լավաշ կերել է։ Այս լուսանկարն, ինչպես և Խոր Վիրապի ան-Արարատ պատկերները «խայտառակում են ռեսպուբլիկան»․․․
40-41 էջեր․ Ջերմուկի ջրվեժը պետք է ավելի կենտրոնական պատկերվի․ առաջին հայացքից ջրվեժը չի էլ երևում։
Ավելացնեմ նաև, որ միանշանակ համոզված եմ, որ անձնագրում ՀՀ Ներքին գործերի նախարարության հիշատակումն ու պատկերումը 42-րդ էջում բացարձակապես տեղին չէ։ Իսկ եթե հաջորդ կառավարությունը որոշի ՆԳՆ-ն վերանվանե՞լ, իսկ եթե անձնագրերի տրամադրման համար պատասխանատու կառույցը վաղը փոխվի՞․․․
Առայժմ այսքանը, չնայած գրեթե վստահ եմ, որ դեռ բազում թերություններ կան, որոնք ես չեմ նկատել։






















































