«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը մայիսի 1-ին՝ աշխատավորների օրը, պատասխանել է իր հաջողության գրավականի մասին հինգ հարցի։
-Աշխատանքը ձեր կյանքում միշտ մեծ դեր է ունեցել։ Դուք դեռ երիտասարդ տարիներից մեծ գործունեություն եք ծավալել ու այդ տարիների ընթացքում տասնյակ հազարավոր աշխատատեղեր եք ստեղծել։ Ո՞րն է ձեր հաջողության գրավականը։
-Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին մայիսի 1-ի տոնի կապակցությամբ։
Հաջողությունների գրավականը շատ ծանր աշխատանքն է։ Առաջին հերթին 24 ժամ աշխատելու արդյունք է, սկզբնական շրջանում՝ գուցե, ավելի շատ։ Համառությունն է։ Շատ կարեւոր է գործից հասկանալը։
Կարդացեք նաև
-Ձեր ամենավառ հիշողությունը մայիսի 1-ի հետ կապված։
-Դպրոցական երեխաներ էինք։ Դրոշակներով դուրս էինք գալիս գյուղի հրապարակ։ Լավ սովորող երեխաներին տանում էին Տաշիրի հրապարակ՝ վզկապները կապած։ Երջանկություն էր բոլորի համար։
-Ի՞նչ հետաքրքիր պատմություն կպատմեք տասնյակ տարիների ձեր աշխատանքային գործունեության հետ կապված։
-Հետաքրքիր շատ պատմություններ կան։ Բայց ամենակարեւորը՝ կարողացանք անցնել 90-ական թվականները։ Ես այդ ժամանակ Փաշինյանի շատ սիրած Կալուգայում էի։ Իրոք, ծանր ժամանակներ էին։ Այսինքն, ողջ մնալ-չմնալու տարիներ էին։ Բայց մենք պատվով, անունով անցանք։ Դրանից հետո ամեն ինչը մի քիչ ավելի հեշտ էր։ Բայց դա մեզ մեծ փորձ տվեց։
-Այդ տարիներին շատ բարդ է եղել հայկական անունով որեւէ ընկերություն հիմնել ու տարիների ընթացքում դարձնել համաշխարհային բրենդ։ Ինչպե՞ս եկաք որոշման, որ ձեր ընկերության անունը պետք է լինի «Տաշիր» եւ ինչպե՞ս կարողացաք ծանր տարիներին «Տաշիրը» դարձնել համաշխարհային բրենդ։
-Դա շատ հետաքրքիր պատմություն է։ Երբ ես ուսանող էի, մեր շրջանը կոչվում էր Կալինինոյի շրջան։ Ու երբ ես Երեւանում սովորում էի ու դասախոսները հարցնում էին՝ որտեղացի՞ ես, որ ասում էի Կալինինոյի շրջանից, 90 տոկոսը նույնիսկ պատկերացում չունեին այդ շրջանի մասին։ Ու ճիշտը որ ասեմ, դա ինձ ցավ էր պատճառում։ Միշտ շփոթում էին, Կրասնոսելսկ, տարբեր անուններ էին տալիս։ Հիմնականում չէին կողմնորոշվում, թե ես որտեղացի եմ։ Դրա համար նույնիսկ այն ժամանակ այդ ցանկությունը մեջս կար, որ ամեն ինչ պետք է անեմ, որ մարդիկ կոնկրետ իմանան, թե ես որտեղացի եմ։
Հիմա արդեն աշխարհում կոնկրետ գիտեն՝ Տաշիրը որտեղ է, ինչ է նշանակում ու ինչ տեսք ունի։ Տաշիրը շատ գեղեցիկ է, փոքրիկ Շվեյցարիա է։
-Ո՞րն ՝է եղել ձեր առաջին աշխատանքը։
-Երբ ուսանող էի, իմ երեք հորեղբայրներն էլ խոպանչի էին։ Տաշիրից ասֆալտի բրիգադներ էին տանում հիմնականում Օդեսա եւ Կիրովոգրադի մարզեր ու այնտեղ շատ մեծ գործեր էին անում։ Ես ու եղբայրս ուսանող եղած ժամանակ, որպեսզի օգնենք ծնողներիս ամեն տարի ամառվա երեք ամիսը գնում էինք իրենց մոտ։ Ասֆալտ էինք փռում ձեռքով։ Շատ ծանր աշխատանք էր։ Հիմա ինչը տեխնիկան է անում, մենք այն ժամանակ անում էինք ձեռքով։ Գումար էինք վաստակում։ Ես ապրում էի Զեյթունի հանրակացարանում։ Գումարի կեսը տալիս էի ծնողներիս, կեսը բերում էի ու կրթաթոշակն էլ գումարած, ամբողջ տարին ապրում էի։
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ


















































