«Ա1+». ՀՀ նոր կենսաչափական անձնագրերի դիզայնը դեռ ամբողջությամբ ընդունված չէ, բայց արդեն հասցրել է քննարկումների կենտրոնում հայտնվել։ Ամենաշատ արձագանքներից մեկը վերաբերում է անձնագրի այն էջին, որտեղ պատկերված է լավաշ թխելու տեսարան։
«Գրված է՝ լավաշի թոնրատուն, բայց այստեղ թոնրատուն չկա», – «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։ Անձնագրում պատկերված տեսարանում լավաշը թխվում է բացօթյա տաղավարում՝ վերադիր թոնրի վրա։ Ըստ ազգագրագետի` սա հայկական ավանդական պատկերին չի համապատասխանում։
Նա նշում է, որ տարածաշրջանում տարբեր թխման մշակույթներ կան՝ հարևան ժողովուրդների մոտ տարածված է սաջի վրա թխելը, պարսկական մշակույթում վերադիր թոնիրները, բայց հայկականը հստակ է՝ ներդիր թոնիր՝ իր խորը խորհրդով ու նշանակությամբ։
Հայկական թոնրատունը փակ կամ կիսափակ կառույց է՝ երդիկով, իսկ նման բացօթյա տաղավարներն ու վերադիր թոնիրները բնորոշ չեն հայկական միջավայրին։ «Գուցե փորձել են տեսանելի դարձնել հաց թխելու գործընթացը, բայց արդյունքում ստացել են մի պատկեր, որը մեզ հետ առնչություն չունի», – ասում է նա։
Կարդացեք նաև
Խոր Վիրապի տեսարանը՝ առանց Մասիսի
Քննարկվող մյուս դրվագը վերաբերում է անձնագրի մեկ այլ էջի՝ Խոր Վիրապի պատկերին։ Այստեղ ևս հարց կա․ ինչու է ընտրված այնպիսի տեսարան, որտեղ չի երևում Մասիսը։ Պողոսյանի խոսքով՝ Արարատ լեռը ոչ միայն տվյալ տեսարանի, այլև հայկական ինքնության առանցքային տարրերից է։
Սվետլանա Պողոսյանը հիշեցնում է, որ միջազգային պատկերագրության մեջ Հայաստանը հաճախ ասոցացվում է հենց Արարատի հետ, և այդ բաղադրիչը բաց թողնելը, նրա գնահատմամբ՝ ավելորդ զգուշավորություն է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































