ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թ. իր այցից հետո դարձյալ Պեկինում է. փորձագետների կարծիքով այս անգամ երկկողմ բանակցությունների օրակարգի առանցքային թեմաներն են Թայվանը, Իրանը և տեխնոլոգիական ու առևտրային հարցերը։ Ես կփորձեմ ծանրանալ Իրանի հարցի վրա։
Ակնհայտ է, որ Չինաստանը Ռուսաստանի հետ միասին Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ-ի) գլխավոր հովանավորներն են. հենց նրանք են, որ հաճախ իրենց վետոյի իրավունքից օգտվելով, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում (ՄԱԿ-ի ԱԽ) խափանում են հակաիրանյան բանաձևերը։ Նրանք հենց այս օրերին գաղտնի և բացահայտ կերպով օգնում են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ կռիվ տվող Իրանին։
Չինաստանն ու Իրանը 2021 թ. ստորագրել են համագործակցության 25֊ամյա պայմանագիր. դա իր մեջ ներառում է համագործակցություն` նավթի և այլ էներգակիրների, ենթակառուցվածքների, տրանսպորտի, առևտրի, տեխնիկայի և քաղաքականության ասպարեզներում։ Նախատեսվում է Չինաստանը Իրանում մինչև 400 միլիարդ դոլարի ներդրում կատարի։
Կարդացեք նաև
Չինաստանը իրանական նավթի գլխավոր գնորդն է (մոտ 80%) և շահագրգռված է, որ Պարսից ծոցի նավագնացությունը լինի անվտանգ։ ԱՄՆ-ն Իրանի դեմ սանձազերծած նոր պատերազմով փաստացի չկարողացավ ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը. Քաթարի, Օմանի ու Պակիստանի միջնորդության փորձից հետո, այժմ Վաշինգտոնը թակում է Չինաստանի դուռն` այն հույսով, որ կարողանա Թեհրանի հետ համաձայնության գալ։
Թրամփն իր երկրի հանրային կարծիքի մոտ` Իրանի հարցով, արդեն սկսել է հեղինակազրկվել. նրան ճնշում են վառելիքի թանկացումները, դեմոկրատ կոնգրեսմեններն ու նաև Կոնգրեսի մոտալուտ միջանկյալ ընտրությունները։
Չինաստանը Իրանի համար ևս ընդունելի միջնորդ է. Իրանը նավթային առևտրից բացի՝ տարեկան 34 միլիարդ դոլարի ոչ նավթային արդյունաբերության շրջանառություն ունի Չինաստանի հետ. դա կազմում է Իրանի արտահանման և ներմուծման ծավալների 1/4-ը։
Իրանը հարավային իր ջրային սահմաններում մինչ այժմ մի քանի միասնական զորավարժություններ է կատարել Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Իրանը վերջին պատերազմում ԱՄՆ-ից և Իսրայելից ծանր հարվածներ ստանալուց հետո` կանգնած է տնտեսական լուրջ տագնապի առաջ և ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման շարունակվելու դեպքում, մեծ հարված կստանա նաև նավթարդյունաբերության ասպարեզում։
Մասնագետների բնորոշմամբ՝ Հորմուզի նեղուցը Իրանի համար ունի միջուկային ռումբի արժեք, որով կարողանում է ազդել համաշխարհային տնտեսության վրա։ Նեղուցի բաց լինելը խիստ անհրաժեշտ է նաև Չինաստանի համար, որտեղից անցնում են Իրանից, Սաուդական Արաբիայից և մյուս երկրներից գնած նավթի` կրող նավերը և կամ արտահանվող ապրանքը։
Չինաստանը ևս աշխարհի մի շարք երկրների նման չի ուզի, որ ԱՄՆ-Իսրայել֊Իրան պատերազմում հաղթողներ կամ պարտվողներ լինեն։ Նա լավապես օգտվում է այս իրավիճակից, զեղչ գներով նավթ է գնում Իրանից, միջազգային պատժամիջոցների պատճառով Իրանին կանխիկ գումար չի տալիս և ապրանքափոխանակություն է կատարում։
Փորձագետների կարծիքով Չինաստանն այն ուժն է, որ կարող է իրանցիներին համոզել` բացել Հորմուզի նեղուցը. երևի հենց այդ օրակարգով էլ ԻԻՀ-ի արտգործերի նախարար Արաղչին անցյալ շաբաթ մեկնել էր Պեկին։ Ո՞րն է լինելու նեղուցի բացելու գինը։ Նախ պետք է իրանցիներին թույլատրել շարունակել ուրանի հարստացումը` թեկուզ քիչ քանակով և ցածր խտայնությամբ։ Խոսվում է նաև, որ Իրանը միայն Չինաստանին թույլ կտա մտնել ԱՄՆ-ի կողմից ռմբակոծված միջուկային օբյեկտների ավերակներ և դուրս հանել 400 կիլոգրամ հարստացված ուրանը։ Չինաստանը նաև պետք է ստանա ԱՄՆ-ի համաձայնությունը, որպեսզի գործնական դաշտ փոխադրի Իրանին խոստացած 400 միլիարդ դոլարի ներդրումը։ Այդ ներդրումն անընդհատ ուշանում է ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով։ Իրանի պողպատաշինական և արդյունաբերական մյուս հսկաների ռմբակոծումից հետո, Թեհրանին հիմա խիստ անհրաժեշտ է, որպեսզի ի կատար ածվեն Իրան֊Չինաստան 25֊ամյա համագործակցության պայմանագրի կետերը։
Թե ԱՄՆ-ն ու Չինաստանը տարբեր հարցերում ի՞նչ համաձայնության կգան, դեռ վաղ է խոսել, բայց Հորմուզի նեղուցի բացման դեպքում Չինաստանի միջազգային հեղինակությունը կտրուկ կբարձրանա։
***Հայտնեմ նաև, որ ԻԻՀ-ի հանգուցյալ առաջնորդ Խամենիին, Հանրապետության նախագահ եղած ժամանակ 1989 թ. այցելել է Պեկին և հանդիպել է Չինաստանի նախագահ Դեն Սյաոպին։ Նախագահ Սի Ծինփինը Թեհրան է այցելել 2015 թ., իսկ 25֊ամյա համագործակցության պայմանագիրը 2021 թ. ստորագրել են Իրանի և Չինաստանի արտգործերի նախարարներ Զարիֆը և Վան Ի֊ն։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ





















































