Հայաստանի թատերական գործիչների միության «Թատերակետեր» կայքի խմբագիր, ճանաչված թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը հրավիրյալ միջազգային ժյուրիի անդամի կարգավիճակով վերջերս մասնակցել է Ղազախստանի Ալմաթի քաղաքի Հաբիտ Մուսրեպովի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի կազմակերպած «ALTYN SAQA 2026» փառատոնի ութերորդ թատերաշրջանին: Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ «Թատերակետեր» կայքից, որը տարածաշրջանում գործող համացանցային միակ մասնագիտական հարթակն է: Մեզ հետաքրքրող հարցերին պատասխաններ փոխանցեց թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը:
– Առաջին անգամ ենք հանդիպում, երբ թատրոնն ընդհանրապես, այս դեպքում պատանիների համար գործող թատրոնը միջազգային փառատոն է անցկացնում, այն էլ նման միջոցառումներին բնորոշ, եթե չասենք պարտադիր, բոլոր օրենքներով՝ ժյուրի, մրցանակային ֆոնդ և այլն: Խնդրում ենք ներկայացնել այդ միջազգային միջոցառումը:
– «ALTYN SAQA 2026» -ը այս տարի հոբելյանական ութսուն ամյակը նշող Ղազախստանի Ալմաթի քաղաքի Հաբիտ Մուսրեպովի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի կազմակերպած ներթատրոնական փառատոն է: Այս տարի փառատոնի ութերորդ թատերաշրջանն էր և այն իր ստեղծման օրից միտված է թատրոնի դերասաններին առողջ մրցակցությամբ մոտիվացնելուն: Բացատրեմ, թե ինչպես: Փառատոնն ունի դրամական մրցանակային ֆոնդ, որը բաժանվում է բացառապես դերասանական անվանակարգերի միջև: Մրցանակակիրներին միջազգային հրավիրյալ ժյուրին է որոշում: Ժյուրիի կազմի մեջ մտնում են երկու այլ երկրներից հրավիրյալ թատերագետներ և մեկ թատերագետ էլ Ալմաթիից: Եվ պատահական չէ Հաբիտ Մուսրեպովի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնում թատերագիտության այսպիսի արժևորումը: Ի դեմս այդ թատերական օջախի տնօրեն ռազմավարական մտածողության տեր Տալգատ Եսինալիևի և հեռատես գեղարվեստական ղեկավար Դինա Ժամամբաևայի՝ հստակ գիտակցում կա այս մասնագիտության անկյունաքարային կարևորության: Ներկայացման մեջ տեղ գտած թերացումների վերաբերյալ թատերագետների դիտարկումները ուշիուշով լսելու նրանց պատրաստակամությունն, անկասկած, ասածս է փաստում:
Ավելին, Ղազախստանում թատերագիտական բաժնում սովորող որոշ ուսանողներ ավարտական տարիներից արդեն սկսում են աշխատել թատրոններում՝ ի տարբերություն հայաստանյան կառավարության հակաթատերագիտական քաղաքականության: Օրինակ՝ պատանի հանդիսատեսի համար նախատեսված, բայց տարիքային շեմի տեսանկյունից խաղացանկային ճկուն քաղաքականություն որդեգրած այդ թատրոնում երկուսից երեք թատերագետներ են հաստիքով աշխատում: Եվ շաբաթը մեկ անգամ խաղացվող ներկայացումներին առնչվող փորձագիտական խորհրդակցություն է անցկացվում: Սա մեր բնագավառային պատասխանատուների համար օրինակելի մոտեցում է թատերագիտություն մասնագիտության հանդեպ, մինչդեռ մեր ֆուրշետասեր փոխնախարարը «թատերագետ» բառը լսելիս չասեմ, թե ինչ է լինում…
Կարդացեք նաև
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ փառատոնի Ժյուրիի աշխատանքներին մասնակից ընդամենը երկու արտասահմանցի թատերագետներից մեկը դուք ընտրվեցիք:
– Ես կարող եմ ընդամենը ենթադրել, որ պատճառը երևի թե 2024թ. հունիսի 2-10-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված ‹‹Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի›› ԱՊՀ երկրների, Մերձբալթյան և Վրաստանի թատերական երիտասարդության 5-րդ ֆորումին, որպես թատերական քննադատ մասնակցությանս արդյունքն է: Այն է՝ համաժողովում ներառված ներկայացումների մասին «Հինգերորդ համաժողովի հինգերորդ բաղադրիչը» ծավալուն հոդվածումս, քառասուն էջից ավել, Գարսիա Լորկայի «Արյունոտ հարսանիք» պիեսի հիման վրա Դինա Ժումամբաևայի բեմադրած համանուն ներկայացմանը առնչվող հատվածն է: Այդ հատվածում ես նշել էի, որ նկատելիորեն Անտոնեն Արտոյի «Դաժանության թատրոնի» հայեցակարգին հարող այս թատերական գործիչն աչքի է ընկնում ռեժիսորական հասուն մտածողությամբ: Եվ կանխատեսողական այդ դիտարկումս ուրախալիորեն իր իրատեսական լինելն ապացուցեց հետագայում. մոտ երկու տարի հետո Դինա Ժումամբաևայի բեմադրած շեքսպիրյան «Համլետն» ինձ անվերապահ համոզեց, որ նա ղազախական ժամանակակից թատրոնի պատմությունը կերտողներից մեկն է: Ի դեպ, այս գնահատականն ինձ հետ կիսում էին բարձրակարգ պրոֆեսիոնալ թատերագետներ Անարա Երկեբայն ու Թեմուր Ռաշիդովը, որոնց հետ մեկ շաբաթ աշխատելու պատիվն ունեցա փառատոնի ժյուրիի կազմում:
Սամվել Դանիելյան
Լուսանկարը՝ Տիգրան Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից


















































