Լրահոս
Օրվա լրահոսը

«Մակբեթը» Կամերային թատրոնի բեմում

Մայիս 13,2026 23:50 Share

Սույն թվականի մայիսի 10-ին Երևանի Պետական Կամերային թատրոնում տեղի ունեցավ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության հիման վրա բեմադրված փակ խաղարկություն։

Քենթերբերիի Շեքսպիրյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Էլիոթ Հաքսթեյբլի, փառատոնի գործադիր տնօրեն Շառլոտ Գրումբրիջի և Երևանի Պետական Կամերային թատրոնի տնօրեն, բեմադրիչ-ռեժիսոր Լուսինե Երնջակյանի համագործակցության արդյունքում ընդամենը մեկ ամսում ստեղծվեց յուրօրինակ մի բեմադրություն։ Ողբերգության գլխավոր դերերում Վահե Զիրոյանն ու Սոնա Մաթևոսյանն էին։

Ի դեպ, 2019 թվականին Լեհաստանի Գդանսկ քաղաքում «Շեքսպիրյան 23-րդ փառատոն»-ի շրջանակներում (The Gdańsk Shakespeare Festival) Շեքսպիրյան թատրոնի բեմում Լուսինե Երնջակյանը ներկայացրել է նաև Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» թատերախաղը։

Հայ Շեքսպիրյան Միությունն արդեն 10 տարի միավորում է հարյուրավոր շեքսպիրագետների, դասախոսների, շեքսպիրյան փառատոնների ղեկավարների և պարզապես Շեքսպիրի սիրահարների։

Ամենամյա միջազգային գիտաժողովների ընթացքում Հայ Շեքսպիրյան Միությունն ընդգրկում է երիտասարդ գիտնականների, դերասանների, պրոդյուսերների, արվեստի սիրահարների։
Հայ Շեքսպիրյան Միության գործընկերներն են Հայաստանի Ամերիկյան համալսարանը, ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնը, Երևանի Դրամատիկական թատրոնը և Կամերային թատրոնը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

Կամերային թատրոնի ընտրությունը ևս պատահական չէ, քանի որ թատրոնի մթնոլորտը չափազանց ջերմ է։ Բեմը շատ մոտ է հանդիսատեսին, և նա ներկայացման անմիջական մասնակից է դառնում։

Անկախ լեզվական խոչընդոտներից՝ անգլիացի հյուրերի և դերասանների համագործակցությունը կարելի է ստացված համարել, քանի որ բոլորը շատ նվիրված էին իրենց գործին։ Փորձերն ու վարպետաց դասերը շատ հետաքրքիր էին անցնում։ Ընդամենը մի քանի շաբաթում, առանց ֆինանսական օժանդակության, ամեն ինչ ստեղծելով զրոյից, ոգևորության և փոխադարձ համագործակցության արդյունքում, 8 դերասանով և 7 աթոռով («Մակբեթը» միշտ կանգնած է, իրավունք չունի նստելու) ստեղծվեց ժամանակակից, նոր մոտեցումներով «Մակբեթ», որը կարելի է տեղավորել ճամպրուկի մեջ և ուղարկել արտերկիր հյուրախաղերի։

Եվս մեկ անգամ կարևորելով ամբողջ աշխարհում ամենահայտնի հեղինակի ստեղծագործություններն ու դասական գործերի ժամանակակից և ոչ ստանդարտ մեկնաբանությունները՝ պետք է ընդգծել, թե որքան գեղեցիկ է հնչում Շեքսպիրը հայերենով և որքան կարևոր է մեզ համար ունենալ Շեքսպիրյան ողբերգությունների նոր և հետաքրքիր մեկնաբանություններ։

 

Ամալյա ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031