Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները նստացույց են անում Կապանում

Օգոստոս 31,2013 21:36

Երեկվանից մայրաքաղաքից ժամանած 3 հոգուց բաղկացած ազատամարտիկների խումբը նստացույց է սկսել Կապան քաղաքում՝ դժգոհություն հայտնելով Հայաստանում ապրող ազատամարտիկների սոցիալական անբավարար պայմաններից:

nstacuyc1

Ազատամարտիկների տեղեկացմամբ՝ նրանք Կապանում կլինեն դեռեւս 3 օր եւ կշարունակեն իրենց նստացույցերը նաեւ մյուս մարզերում: Երեկվա դրությամբ նրանց պայքարին միանալու պատրաստակամություն էին հայտնել նաեւ տեղացի մոտ 30 ազատամարտիկ, ովքեր մինչեւ ուշ երեկո հավաքվել էին նստացույց անող ազատամարտիկների շուրջը:  Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը երեկ երեկոյան մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ շրջում են մարզերով, հանդիպում տեղի ազատամարտիկների հետ, քննարկում եւ մշակում պայքարի հետագա ուղին:

«Պայքարում ենք ազատամարտիկների՝ զոհված, վիրավոր, հաշմանդամ, ինչպես նաեւ բանակի ծառայողների ընտանիքների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով: Երեք հոգով ենք եկել, տղաների հետ հանդիպենք այստեղ, մանրամասն քննարկենք, հետագա պայքարը միասին մշակենք, եթե մեր հարցերը չլուծեն: Ոնց տեսնում ենք, 3 ամսից ավելի է մեր կառավարության կողմից կոնկրետ քայլեր չկան, սա է խնդիրն այցելել մարզեր, եղել ենք Վարդենիսում, Լենինականում, Վանաձորում, Կապանում, քննարկում ենք նաեւ Արցախ գնալու հարցը, դեռ վերջնական չենք որոշել: Կապանում ազատամարտիկները շատ են, եկել են այստեղ, զրուցել ենք եւ նրանք համաձայն են մեր պայքարի հետ, որ արյուն թափած ազատամարտիկները պետք է արժանապատիվ ապրեն», -ասաց նա, ում մարտական ուղին սկսվել է Վարդենիսից եւ շարունակվել մինչեւ Մարտակերտ, մասնակցել մարտական բոլոր գործողություններին, իսկ բանակի կազմում ընդգրկվելուց հետո մասնակցել նաեւ Քարվաճառի ազատագրմանը:

Վերջինս էջմիածնի տարածաշրջանից է եւ նրա պատմելով՝ այդ տարածաշրջանի ազատամարտիկների 99 տոկոսը սոցիալական նուն դժվարին իրավիճակում է ապրում, ինչ մյուս տարածաշրջաններում: «Ազատամարտիկի արժանապատվության խնդիր է այստեղ: Վիրավոր ազատամարտիկը ստանում է 47 հազար կամ 67 հազար դրամ, դա բարոյական չի: Առողջական հարցերով դիմում ես, ասում են դեղ չկա, գնացեք դեղ առեք բերեք ձեզ բուժենք, բայց դա իրենց պարտականությունն է: Մարդկային վերաբերմունքի խնդիր կա, արհամարհված ենք մեզ զգում»,- հավելեց ազատամարտիկը:

Նստացույց անող ազատամարտիկների պայքարին աջակցելու պատրաստակամություն հայտնած կապանցի ազատամարտիկները փաստեցին, որ մարզկենտրոնում եւս ազատամարտիկների ընտանիքներն ապրում են սոցիալական դժվարին պայմաններում եւ պետության կողմից համարժեք ուշադրության չեն արժանանում: Կապանցի ազատամարտիկ Սուրիկ Հովսեփյանը պահեստազորի ավագ լեյտենանտ է, այժմ ոչ մի տեղ չի աշխատում, պետությունից 97 հազար դրամ գումար թոշակ է ստանում, իսկ իր ընտանիքը բաղկացած է 6 շնչից:

«Ես ինքս մասնակից եմ 2 պատերազմի՝ արցախյան եւ աղվանական: Ժամանակին, երբ մեր հայրենիքը վտանգի առաջ էր, ես եւ ինձ նման շատերը կամավոր ենք գնացել հայրենիքի պաշտպանության գործին մասնակցելու, փառք Աստծո, էսօր հաղթանակած պետություն ենք, բայց հաղթանակած պետության զինվորն էսօր սոված չպետք է լինի: Մենք չենք ասում մեր գլխովը բերեք թափեք, իսկ մեր ժողովրդին անտեսեք, բայց որպես ազատամարտիկների ընտանիքներ հասարակ քաղաքացուց պե՞տք է տարբերվենք ինչ-որ արտոնությունով, թե՞ ոչ: էսօր յուրաքանչյուր պետություն, որ պատերազմում է, իր զինվորին արտոնություն տալիս է: Մեր գերագույն հրամանատարը պատերազմի մասնակից է, իսկ պատերազմի մասնակից հրամանատարն իրավունք չունի նման վրիպում թույլ տալու», – նշեց կապանցի ազատամարտիկը եւ շարունակեց ներկայացնել, թե ինչ սոցիալական դժվարությունների է բախվում իր ընտանիքը:

«էս պահին ոչ մի տեղ չեմ աշխատում, մի կերպ ենք գոյատեւում թոշակով, հաշմանդամ ազատամարտիկ եմ: Մինչ այժմ աշխատում էի խանութում, փոքրիկ բիզնեսով էի զբաղվում, իսկ էսօրվա պայմաններում, որ ժողովրդի վիճակն էսպիսին է, առեւտուր չկար ու փակել եմ խանութը: Իմ թոշակը 97 հազար դրամ է, ունեմ 4 երեխա, որոնցից մեկն ուսանող է եւ վճարովի է սովորում: Իսկ մեր ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ յուրաքանչյուր անձի նվազագույն ամսական ծախսի զամբյուղը կազմում է 60 հազար դրամ է եւ այդ հաշվարկով, իմ ընտանիքը պետք է 360 հազար դրամ եկամուտ ունենա: Բոլորի վիճակն էլ նույնն է, մեկս մեկին օգնելով, մենք ինքներս օգնության կարիք զգալով ապրում ենք, սա վիճակ չի, որ էս ժողովուրդն ապրում է…»,- ասաց կապանցի ազատամարտիկ Սուրիկ Հովսեփյանը, ով բացի Լաչինից եւ Շուշիից, մասնակցել է մյուս տարածքների մարտական գործողություններին: Ազատամարտիկները Կապանում իրենց նստացույցը շարունակել են նաեւ առաջիկա օրերին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սա էլ,՝ ղարաբաղաբարո Հայաստանը: Կարծում եմ, եթե Արթուր Մկրտչյանը լիներ այսօրվա մեր
    երկրի ղեկավարը,՝ Հայաստանը ղարաբաղաբարո չէինք անվանի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031