Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր առջեւ ե՛ւ նոր սպառնալիքներ են, ե՛ւ ինքնուրույն գործելու նոր հնարավորություններ»

Նոյեմբեր 30,2015 15:30

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների սրումը՝ թուրքական զինուժի կողմից ռուսական «Սու-24» ռազմական օդանավի կործանման արդյունքում, ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին:

Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման եւ այդ համատեքստում՝ Հայաստանի վիճակի մասին «Առավոտի» հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանն ասաց.

– Ռուսաստանի՝ Սիրիայում գտնվող օդուժը բազմիցս խախտել էր Թուրքիայի օդային սահմանը, ինչի վերաբերյալ Թուրքիան բազմիցս հայտարարություններ էր արել, դիմել էր ՌԴ-ին նոտայով, հայտարարել էր, որ կրկնվելու դեպքում անպատիժ չի մնա, բացի այդ՝ հարցը բարձրացրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Նոյեմբերի 24-ին, ըստ էության, Ռուսաստանը փորձեց Թուրքիայի նկատմամբ այն գործելաոճը կիրառել, ինչն ավելի քան մեկ տարի է՝ կիրառում է ՆԱՏՕ-ի շատ երկրների նկատմամբ, երբ ՌԴ ռազմական օդուժը պարզապես խախտում էր ՆԱՏՕ-ի, հատկապես Եվրամիության հյուսիսային երկրների օդային սահմանը: Տասնյակ անգամներ նման դեպքեր եղել են եւ մնացել են առանց լուրջ հետեւանքների: Այդ քայլերով Ռուսաստանը կարծես ուզում էր ցույց տալ, որ ՆԱՏՕ-ն թուլացած, անարդյունավետ համակարգ է: Բայց ինչպես պարզվեց՝ Թուրքիայի դեպքում այդպես չէ: Կարծում եմ, որ սա նախապես համաձայնեցված էր ՆԱՏՕ-ում առանցքային դերակատարում ունեցող երկրների հետ: Դեռ 2008-ից, երբ ՌԴ զորքերը ներխուժեցին Վրաստան, Արեւմուտքի հետ հարաբերություններում Ռուսաստանն էր, ըստ էության, թելադրում օրակարգ: Տպավորություն կա, որ Թուրքիայի այս քայլից հետո Արեւմուտքը, առաջին հերթին ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի մի քանի անդամներ, արդեն սկսելու են «խաղալ սպիտակներով», եւ իրենք են թելադրելու Ռուսաստանին օրակարգ:

– Իսկ Ռուսաստանը չգիտե՞ր, չէ՞ր հավատում, որ նման բան կլինի:

– Ռուսաստանը չէր սպասում, որ Թուրքիան կիրականացնի իր նախազգուշացումը, Մոսկվայի համար սա ավելի քան անսպասելի էր, հիմա առճակատումը գնալով խորանում է, բոլոր օբյեկտիվ գործոններից բացի՝ կա նաեւ սուբյեկտիվ գործոնը՝ Պուտինը եւ Էրդողանը նման որակների կրողն են, ավտորիտար տիպի գործիչներ են, եւ երկուսն էլ հետ քաշվելու տեղ չունեն: Ռուսաստանը «ներողություն» պահանջեց, Էրդողանը հայտարարեց, որ ոչ մի «ներողություն» չի լինի:

– Ի՞նչ եք կարծում՝ դեռ կձգվի՞ ռուս-թուրքական առճակատումը, թե՞ երկու կողմերն էլ՝ հասկանալով, որ իրենց այս իրավիճակում այդ լարվածությունը պետք չէ, կկարողանան կանգ առնել:

– Կշարունակվի՞ արդյոք այս առճակատումը, թե՞ կմեղմանա՝ դժվար է ասել, առայժմ այն ծավալվում է եւ հղի է էլ ավելի՝ ծայրաստիճան սրելու աշխարհաքաղաքական զարգացումները: Կարծում եմ՝ շատ բան կախված կլինի նրանից, թե առաջիկայում Փարիզում Պուտինի եւ Էրդողանի հանդիպում կլինի՞, թե՞ ոչ:

– Ո՞վ է ամենաշատը տուժում այս իրավիճակից:

– ԽՍՀՄ փլուզումից հետո այսպիսի պայթյունավտանգ իրավիճակ չէր եղել, եւ ակնհայտ է, որ մեծ հաշվով տուժելու է Ռուսաստանը: Առճակատումը կարող է տարածվել դեպի Հարավային Կովկասի մյուս երկրներ, Ղրիմում Ռուսաստանը կարող է գործողություններ սկսել, էլ չեմ ասում, որ Սիրիայի հարցով Ռուսաստանը արդեն որեւէ հնարավորություն չունի խուսափելու ցամաքային գործողություններից: Եվ բեւեռացումը ավելի է խստացել Սիրիայի շուրջ: Աննախադեպ ծանր վիճակում է հայտնվել Ադրբեջանը, որը վերջին տարիներին խորացրել եւ ընդլայնել էր իր համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ բոլոր ոլորտներում: Իսկ Թուրքիան նրա մերձավոր դաշնակիցն է: Այս առճակատման արդյունքում երկու կողմերն էլ կարող են նրանից կողմնորոշում պահանջել, եւ նա այս պարագայում շահելու ոչ մի շանս չունի: Լավագույն դեպքում, եթե կարողանա, պետք է չեզոքություն պահի, բայց դա շատ դժվար կլինի, զուր չի, որ Ալիեւը փորձում է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ:

– Իսկ Հայաստա՞նը:

– Հայաստանը երկու դեպքում էլ մեծ վտանգի առջեւ է կանգնում՝ ե՛ւ այն ժամանակ, երբ ռուս-թուրքական հարաբերությունները սրվում են, ե՛ւ այն ժամանակ, երբ դրանք չափից դուրս սերտանում են: Այժմ Ռուսաստանը փորձում է օգտագործել մեզ՝ Թուրքիայի դեմ, ինչպես մի քանի անգամ մեր պատմության ընթացքում արել է: Հանկարծակի «հայասիրության» մեծ ալիք է բարձրացել ռուսական քարոզչական եւ իշխանական ոլորտներում՝ օրենսդրական նախաձեռնություն են փորձում մտցնել՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող, զբոսաշրջիկներ են ուղարկում… Ո՛չ մի դեպքում սրանից պետք չի ոգեւորվել, սա կարող է լինել նոր վտանգ մեզ համար՝ Կրեմլը հերթական անգամ մեզ կարող է օգտագործել Թուրքիայի դեմ՝ որպես գործիք, որին հետո կարող է նույնիսկ զոհաբերել: Այնքան բացահայտ են մեզ այս պարագայում օգտագործում, որ դա նույնիսկ մեր արժանապատվությունն է վիրավորում՝ Թուրքիան ռուսական ինքնաթիռը խփեց, նրանք մեզ հիշեցին… Բայց ուզում եմ նկատել, որ այս սպառնալիքների հետ մեկտեղ հիմա Հայաստանի դերը նորից կտրուկ կարեւորվել է, մենք կարող ենք լրջագույն տարածաշրջանային գործոն դառնալ: Պատահական չէ, որ այս բարդ վիճակում պաշտոնական Անկարան այս օրերին խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին:

– Բայց եթե Հայաստանի մտքով անգամ անցնի Թուրքիայի հետ որեւէ «զրույց» սկսել, Ռուսաստանը տեղում դրա դեմը կառնի: Ինչպես Դուք բազմիցս նշել եք` Հայաստանի արտաքին քաղաքականության ու անվտանգության հիմնական բաղադրիչները Մոսկվան է որոշում:

– Սպառնալիքներ կան, բայց դրա հետ մեկտեղ Հայաստանի առջեւ ինքնուրույն դերակատար դառնալու հնարավորություններ են բացվել: Պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ Ռուսաստանի ներկայիս ռեժիմն այլեւս ի վիճակի չէ շարունակել իր գոյատեւումն առանց Արեւմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի հետ մշտական առճակատման: Ռուսաստանը գնալով թուլանալու է՝ թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես, դա անխուսափելի է: Խաղաղ պայմաններում Արեւմուտքի հետ այս ռեժիմն արդեն չի կարող գոյատեւել, մենք դա պիտի հաշվի առնենք, եւ առաջնահերթությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Չմնանք հերթական անգամ «ռուսական մուրճի» եւ «թուրքական զնդանի» միջեւ, նոր սպառնալիքների հետ միասին` Հայաստանի համար ինքնուրույն եւ լուրջ գործոն դառնալու աննախադեպ հնարավորություններ են ստեղծվել, մեր դերը էապես արժեւորվել է: Հուսանք՝ ՀՀ իշխանությունները սա կօգտագործեն:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Ամեն ինչի հետ՝ ինչ ասեց Շահնազարյանը՝ համաձայն եմ: Բայց կարող են, մարդիկ, որոնք հիմա կառավարությունում են,որևէ խելքը գլխին բան անել:Այ դրանում շատ կասկածում եմ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30