Լրահոս
Օրվա լրահոսը

Դարաշրջանը փոխվե՞լ է

Հոկտեմբեր 07,2016 10:08

Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելը կառավարության փոփոխության տրամաբանական շարունակությունն է: Ոչ ոք չէր հավատա, որ իշխանությունը ցանկանում է ինչ-որ բան փոխել, եթե այդ անձնավորությունը մնար պետական համակարգում: Խոսքը ոչ այնքան անձի մասին է, որի գերդաստանի հետ կապում են մի շարք քրեական պատմություններ, որքան կառավարման ոճի եւ իշխանավորի որոշակի վարքագծի մասին է. դրանք այլ կերպ, քան լկտի եւ ամբարտավան, չես անվանի:

Սուրիկ Խաչատրյանը մի ամբողջ դարաշրջան է, որի ժամանակ իշխանավորները գործում էին իբր «դաժան պատերազմական ժամանակների անհրաժեշտությունից»: Ասում եմ՝ «իբր», որովհետեւ մենք իրականում շարունակում ենք ապրել պատերազմական ժամանակաշրջանում, բայց հաղթելու համար պետք են ոչ թե իշխանավորների «հաբրգածությունն» ու անպատժելիությունը, այլ հակառակը՝ համեստություն, զսպվածություն եւ պարկեշտություն:

Գործել անօրինական՝ «սիլլել», «չռփել», եթե պետք է՝ զրկել սեփականությունից, եթե անհրաժեշտ է՝ նույնիսկ սպանել, եւ արդարացնել դա բարձր պետական կամ ռազմական շահերով՝ դա ի սկզբանե սխալ ճանապարհ էր, որովհետեւ եթե մեկին տրվում է նման ձեւով գործելու իրավունք, ապա բացառված է, որ նա այդ իրավունքը չօգտագործի ի վնաս պետության եւ ի շահ սեփական ընտանիքի ու շրջապատի:

Յուրայինների քրեական հակումները խրախուսելը բերում է ի վերջո անհավասարության՝ օրենքի առաջ, տնտեսական դաշտում, քաղաքականության մեջ: Եթե ոմանք կարծում են, թե «այդպես է կերտվել բանակը», «այդպես ենք մենք հասել մեր հաղթանակներին», դա սուտ է: Այդպես է կերտվել քրեաօլիգարխիկ համակարգը, այդպես է ստացվել, որ իշխանությունը մինչեւ վերջին ժամանակները արհամարհում էր հասարակության պահանջները եւ ներփակվում էր իր՝ հնարովի իրականության մեջ: Հուսանք, որ ինչ-որ բան տեղից շարժվել է:

Մի խոսքով՝ ով ինչ ուզում է ասի, բայց Սուրիկ Խաչատրյանի հարցով իմ ակնկալիքն իրականացավ: Իշխանությունից հաջորդ կադրային ակնկալիքս այն է, որ եկող ընտրություններում ՀՀԿ ցուցակում չլինեն գեներալներ Մանվելն ու Սեյրանը (նրանց մարտական ծառայությունները հարգում եմ, բայց պատգամավոր նրանք չեն կարող աշխատել), ինչպես նաեւ Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանը: Պետական համակարգում «որձ տղերքի» ժամանակն անցել է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. araqel says:

    իզուր կռուտիտներ են, ու պարզից էլ պարզ է, որ Սուրիկի հետ անձնական հոգեբանական խնդիրներ ունեք

  2. Իրավաբան says:

    դրանք այլ կերպ, քան լկտի եւ ամբարտավան, չես անվանի
    Ձեզ կարելի է փաստորեն վիրավորել մարդու և նրա վրքագիծը????
    Այ էս ա, որ կոչվում ա երկակի ստանդարտներ:
    ՀԻմա ուրշը գրեր ու ասեր-կասեիք վիրավորել չի կարլեի-Բուդդային էլ վկա կբերեիք:
    Ափսոս

  3. Ֆ.Ֆ. says:

    տեղին ասված էր ամեն ինչ, իսկ ժամանակը հետոն ցույց կտա

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31