Լրահոս
Օրվա լրահոսը

8 միլիարդի ներդրումի պարագայում Հայաստանը կդառնա տարածաշրջանի էներգետիկ առաջատար

Հունիս 22,2017 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը

– Պարոն Ղազինյան, մայիսի կեսերին ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողով` ամերիկյան եւ հայկական ընկերությունների մասնակցությամբ, որի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ Հայաստանում էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, եւ հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունները կստեղծեն ներդրումային հավասար պայմաններ: Կարծո՞ւմ եք սա անակնկալ հայտարարություն էր ՀՀ իշխանությունների համար:

– ԱՄՆ դեսպանի կողմից արված առաջարկը, իմ կարծիքով, կարելի է համարել պատմական եւ աննախադեպ: Բացատրեմ, թե ինչու: Բազմիցս նշվել է, որ Հայաստանի Հանրապետության զարգացման հիմնական խոչընդոտը ինքնիշխանության չարդարացված եւ չհիմնավորված սահմանափակումն է հօգուտ մեկ այլ պետության, մասնավորապես՝ Ռուսաստանի: ԵԱՏՄ-ն այս գործընթացում ունի իրականությունը քողարկող եւ միջազգային լեգիտիմություն տվող նշանակություն, իսկ իրականությունն այն է, որ Հայաստանը վերջին 23 տարիների ընթացքում հետեւողականորեն եւ աստիճանաբար Ռուսաստանին է հանձնել իր ինքնիշխանության զգալի մասը, որտեղ էներգետիկ համակարգը կարեւորագույն տեղ է զբաղեցնում: Այն գրեթե ամբողջությամբ հանձնված է Ռուսաստանին, եւ ԱՄՆ դեսպանի առաջարկությունը առաջին էական եւ լուրջ փորձն է ԱՄՆ կառավարության կողմից մաս կազմելու ՀՀ տնտեսությանը եւ փաստացի ետ գնելու էներգետիկ հզորությունները Ռուսաստանից:

Ի՞նչ է նշանակում 8 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում ՀՀ էներգետիկ համակարգում: Սա նշանակում է կա՛մ առկա բոլոր ենթակառուցվածքների գնում եւ դրա հիմքի վրա նոր էներգետիկ համակարգի ձեւավորում, կամ էլ ՀՀ կառավարության պարտավորություն` վերացնել օրենքներով եւ միջազգային պայմանագրերով ստեղծված մենաշնորհները բնական գազի եւ էլեկտրաէներգիայի բաշխման ոլորտում: Սա իր հերթին նշանակում է, որ եթե Հայաստանի իշխանությունը ընդառաջ գնա այս առաջարկությանը եւ ընդունի հավասար, մրցակցային պայմաններ ստեղծելու ԱՄՆ նախապայմանը, ապա չի բացառվում, որ շուտով կունենանք երկրորդ գազաբաշխիչ եւ էներգաբաշխիչ համակարգ` զինված նորագույն տեխնոլոգիաներով եւ էներգակիրների ձեռք բերման աղբյուրի լիակատար ազատությամբ:

Այլ կերպ ասած՝ Հայաստանի բնակիչը հնարավորություն կունենա ընտրել, թե որ էլեկտրաէներգիա կամ գազ մատակարարող ընկերությունից գնել գազն ու հոսանքը, ինչը, իմ խորին համոզմամբ, շուկայական տնտեսության հիմնաքարերից է եւ պետք է առկա լինի ցանկացած մրցակցային տնտեսության մեջ: ԱՄՆ մասնավոր էներգետիկ ընկերությունների կողմից 8 միլիարդի ներդրումի պարագայում Հայաստանը կդառնա տարածաշրջանի էներգետիկ առաջատար` գերազանցելով Ադրբեջանին արդեն սպառվող նավթի եւ խնդրահարույց գազի պաշարների առկայությամբ: Այս հանգամանքը արդեն խնդիրը զուտ տնտեսականից տեղափոխում է անվտանգության ոլորտ, որտեղ Հայաստանը ամբողջովին կախված է Ռուսաստանից: Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն առաջարկել է ետ գնել վաճառված ինքնիշխանությունը եւ Հայաստանը դարձնել ժամանակակից պետություն:

Այլ հարց է, թե այսօր ՀՀ իշխանությունները կարո՞ղ են իրենց թույլ տալ գնալ այդ քայլին, եւ տարածաշրջանում ստեղծված իրադրությունն ու աշխարհաքաղաքական ստատուս քվոն տալի՞ս են արդյոք հնարավորություն գնալու նման արմատական փոփոխությունների:

– Մեկ ամիս է անցել, բայց Հայաստանի կառավարությունն առայժմ չի անդրադարձել ԱՄՆ դեսպանի վերոնշյալ հայտարարությանը: Ձեր կարծիքով՝ ո՞րն է կառավարության կողմից այս, կարելի է ասել, արդեն երկարատեւ լռության պատճառը:

– Հայաստանի իշխանությունների լռության պատճառն ինձ մի կողմից՝ հասկանալի է, մյուս կողմից՝ տարակուսանք է առաջացնում: ԱՄՆ առաջարկն ընդունելու պարագայում լուրջ ռիսկեր են առաջանում ռուսական էներգետիկ ընկերությունների, մասնավորապես՝ «Գազպրոմ-Արմենիա» ընկերության հետագա գործունեության եւ առհասարակ՝ Հայաստանում ռուսական քաղաքական եւ տնտեսական ազդեցության համար: Հակված եմ մտածելու, որ ԱՄՆ-ը գիտակցում է սա, եւ առաջարկը հավասարապես ուղղված է նաեւ ռուսական կողմին, եւ այս կոնտեքստում պատահական չէր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի անսպասելի այցը Հայաստան: ԱՄՆ առաջարկը ներկայումս լրջագույն քննարկման փուլում է, եւ ՀՀ իշխանությունները թայմ-աութ են վերցրել շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելու որոշում կայացնելու համար:

Վստահ եմ, որ արձագանք կլինի, քանի որ սա ունիկալ հնարավորություն է մոդեռնիզացնելու Հայաստանը եւ Իրանի հետ էներգետիկ ոլորտում ընդլայնված ու համապարփակ համագործակցություն հաստատելու համար: Եթե մեր հասարակության համար ավելի պարզ լինի, թե ինչ է նշանակում 8 միլիարդ դոլար ներդրումը Հայաստանի համար, ապա ասեմ՝ մոտավորապես այսքան է գնահատվում NABUCCO գազատարի գինը, որը նախատեսում էր ադրբեջանական գազը տեղափոխել Եվրոպա, որը առաջինը՝ շրջանցում էր Հայաստանը, երկրորդը՝ հսկայական գազադոլարների մուտք էր ապահովելու Ադրբեջանի բյուջե, եւ երրորդը` այն տապալվեց, քանի որ ԱՄՆ էներգետիկ ընկերությունները չհամաձայնեցին ներդրում անել այդ նախագծի մեջ: Դե հիմա պատկերացրեք, թե ինչ գին ու նշանակություն ունի այս առաջարկությունը, որին ՀՀ իշխանությունը պետք է արձագանքի եւ հայտնի իր հանձնառությունը շարունակելու երկխոսությունն այս ուղղությամբ:

– Պարոն Ղազինյան, լինելով ԵԱՏՄ-ի անդամ` Հայաստանը կարո՞ղ է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ ոլորտը, եւ ոչ միայն այդ ոլորտը, վերհիշենք ամիսներ առաջ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի առաջարկը` Պարսից ծոցն ու Սեւ ծովը կապող միջանցքի ստեղծման գաղափարը, որի գործարկումը կարող է կայանալ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի փոխգործակցությամբ:

– Ձեր կողմից նշված ծրագիրը նոր չէ, եւ այն վաղուց արդեն քննարկվում է արեւմտյան եւ մեր տարածաշրջանի փորձագիտական շրջանակներում, որի կյանքի կոչվելու պարագայում Հայաստանի տնտեսության մեջ կլինեն լրջագույն ներդրումներ: Սակայն այստեղ նույնպես պաշտոնական Երեւանը լռում է եւ չի արտահայտում հստակ դիրքորոշում: Պատճառը նույնն է. այն հակասում է Ռուսաստանի շահերին: Բացատրեմ, թե ինչու: Իրանի էներգետիկ պաշարները շատ մեծ են, հատկապես բնական գազի, եւ եթե կայանա հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքը, ապա ԵՄ-ն հնարավորություն կստանա նվազեցնել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը եւ էներգետիկ անվտանգության քաղաքականության ոլորտում կունենա դիվերսիֆիկացիայի ընդլայնված հնարավորություն: Իսկ այս տեսլականը ուղղակի սարսափեցնում է Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական ղեկավարությանը, քանի որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է էներգակիրների՝ Եվրոպա մատակարարման մենաշնորհի պահպանման եւ ամրապնդման վրա, իսկ ցանկացած փորձ խաթարելու այս մենաշնորհը ստանում է կոշտ պատասխան Ռուսաստանի կողմից եւ հանգեցնում ողբերգական հետեւանքների:

Հյուսիս-հարավ միջանցքը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար ներկայիս շրջափակման պայմաններում, որի համար Հայաստանի կառավարությունը պետք է արագ ավարտի ճանապարհի կառուցումը եւ զուգահեռ միջոցներ գտնի երկաթգիծը կառուցելու համար: Իսկ ԱՄՆ կառավարության կողմից առաջարկվող 8 միլիարդ ներդրումը վստահություն կներշնչի ներդրողների մոտ, եւ միջոցների հայթայթման գործը զգալիորեն կհեշտանա:

– Ակնկալվում է, որ նոյեմբերին կստորագրվի ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը, որն ասում են՝ իր լրջությամբ չի զիջում ԵՄ Ասոցացման համաձայնագրին: Պարոն Ղազինյան, իրապես ի՞նչ կարող է այն տալ Հայաստանին բացի քաղաքական առաջնահերթություններից` տնտեսական ազատությունների մասով:

– Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի տեքստը հրապարակված չէ, եւ վերլուծություն ու դատողություններ անելու համար չկա վստահելի աղբյուր: Բանակցող կողմերը կարող են ասել՝ ինչ կամենան, սակայն դրանից իրականությունը չի փոխվում: Մենք բաց թողեցինք եվրոպական պետություն դառնալու մեկ հնարավորություն եւ փոխարենը դարձանք նեո-սովետական վարչակարգի էտալոն համարվող ԵԱՏՄ մասնակից: Ասոցացման մասին համաձայնագրի հիմնական արժեքը ԵՄ հետ ընդհանուր շուկայի ձեւավորումն էր, որի շրջանակներում երկկողմանի վերացվելու էին մաքսային տուրքերը 90% ապրանքների համար: Հիմա արդեն ուշ է դրա մասին խոսելու համար, քանի որ իրավաբանորեն չենք կարող մեզ թույլ տալ բանակցել որեւէ ԵԱՏՄ ոչ անդամ պետության կամ կազմակերպության հետ: Ինչպիսին էլ որ այն լինի, չի կարող մոտեցվել Ասոցացման համաձայնագրին, սակայն ներկա իրողությունների պայմաններում այդպիսի համաձայնագրի առկայությունը արդեն իսկ հուսադրող է: Սպասենք համաձայնագրի հրապարակմանը, ապա կխոսենք ավելի առարկայական:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցը կրկին սահմանին լարվածությամբ զուգորդվեց, հայկական կողմը զոհեր ունեցավ: Պարոն Ղազինյան, միջնորդներն ակնհայտ է, որ լայնածավալ պատերազմի բռնկումը բացառելու ջանքեր են գործադրում, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ԼՂ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա: Ինչի՞ կարող է հանգեցնել այս իրավիճակը, պատերազմն իսկապե՞ս անխուսափելի է: Ի՞նչ պայմաններում է հնարավոր բանակցությունների շարունակականությունն ապահովել:

– Հարցը բավականին ընդգրկուն է, եւ հնարավոր չէ տալ կարճ եւ համապարփակ պատասխան: Սակայն փորձեմ ներկայացնել մի քանի նկատառում: Պատերազմի վերսկսում հնարավոր է, քանի որ առաջինը՝ լարվում է Ադրբեջանի ներքին քաղաքական իրադրությունը, եւ երկրորդը՝ ընթանում է տարածաշրջանի քաղաքական քարտեզի վերանայում գերտերությունների կողմից: Դրա վառ օրինակը սեպտեմբերի 25-ին նախատեսված Քուրդիստանի անկախության հանրաքվեն է, որը կունենա շղթայական ռեակցիա եւ կհանգեցնի Մերձավոր Արեւելքի պետությունների սահմանների վերանայման:

Ադրբեջանը կարող է գնալ պատերազմի, եթե վստահ լինի դրա արդյունքների մեջ, սակայն համոզված եմ, որ դրա արդյունքում իշխող կլանը կկորցնի իշխանությունը, ինչի ընթացքում կարող են սկսվել ներքին հուզումներ, որն ի վերջո կհանգեցնի քաղաքացիական պատերազմի: Ալիեւի վարչակազմը միլիարդավոր դոլարներ է ծախսել սպառազինությունների ձեռք բերման վրա եւ արդեն 15 տարի խոսում է ուժով Արցախը «ազատագրելու» կարողության ու պատրաստակամության մասին: Սակայն բացի սեփական կլանը հարստացնելուց եւ ժողովրդին սովի մատնելուց՝ որեւէ շոշափելի հաջողություններ չեն արձանագրել: Սա հարցեր է առաջացնում նաեւ իշխանության ներսում, եւ Ալիեւի իշխանության թուլացման դեպքում հարցերը կարող են դառնալ պահանջներ:

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ եւ Մադրիդյան, եւ Կազանյան փաստաթղթերը այլեւս արդիական չեն, քանի որ թերի էին ու ոչ ամբողջական: Հակամարտող կողմերին չէր ներկայացվում հետկոնֆլիկտային սցենարը, եւ կողմերը պատկերացում չունեն, թե ինչ է իրենց սպասում հակամարտության կարգավորումից հետո: Կարծում եմ՝ սա առանցքային նշանակություն ունի ժողովուրդների միջեւ փոխվստահության ձեւավորման եւ ամրապնդման գործում: Հետեւաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ձեռնամուխ լինեն նոր առաջարկությունների մշակման, որոնք կարտացոլեն աշխարհաքաղաքական նոր իրողություններն ու կներկայացնեն հետկոնֆլիկտային տարածաշրջանի կոնկրետ, հասկանալի եւ ընդունելի տեսլական:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ օրաթերթ»
21.06.2017

Լուսանկարը` Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930