Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրել ա դա կոչվում, ինչքան սիրում ենք՝ էնքան ուժգին խփում ենք». Խաչիկում համոզված են՝ իրենց կանայք ծեծին սովոր են (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2017 17:22

Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի ավագանու անդամ Նորիկ Միքայելյանը յուրահատուկ պատկերացում ունի «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի մասին: Նրա խոսքով՝ «Ընտանեկան բռնության էդ օրենքը ճիշտ բան է մենակ՝ իշխանավորների համար: Եթե խորհրդարանը օրենքը հանեց, որ երեխուն խփիր՝ դատ ա հասնում, կնգադ խփիր՝ դատ ա հասնում՝ լյուբոյ չինովնիկի ծնող գտնվում է ծերանոցում՝ Խարբերդի ծերանոցում, եսիմ որտեղ, հլը գժանոցները չեմ ասում, որ գիժ են հանել՝ տարել իրանց ծնողներին ու չեն էլ պահում: Էդ իրանց համար օրենք չկա՞, մենակ ուրիշի ընտանիք են ուզում մտնել»:

Մեր դիտարկմանը, որ այս օրենքը նաեւ դա է կարգավորում՝ ծնողի նկատմամբ բռնությունը՝ Նորիկ Միքայելյանն արձագանքեց. «Ոչ, վերեւից նախ պետք է մաքրվի, նոր հասնեն գյուղացուն»:

Հարցին՝ գյուղերում շա՞տ են իրենց կանանց ծեծում տղամարդիկ՝ խաչիկցին պատասխանեց. «Կարող ա մի երկու բաժակ խմենք՝ մի բան ասենք, հաջորդ օրն էլ ջան ու ջիգյար ասենք, իրանք մեր տան հետ գործ չունեն»:

Երբ ասացինք, որ հենց այս օրենքի նախագիծն ընդունվեց, դուք մի բաժակ խմեք, գնաք տուն, կին է, մի բան ասի ու դուք մի «մուշտի» տաք՝ դատարանի առաջ կարող է կանգնեք, վարչական տուգանքներ եւ այլն՝ խաչիկցին պատասխանեց. «Չէ հա: Ես ներողություն եմ խնդրում՝ անցնում ա, բայց ղեկավարների ներողությունը կյանքում չի անցնում»:

Դիտարկմանը՝ բա որ ձեր կինը «հերսից»՝ բարկությունից գնա ու դիմի ոստիկանություն, ի՞նչ եք անելու՝ խաչիկցին պատասխանեց. «Չի կարա էդ անի, որովհետեւ ընենց կին չունեմ: Գյուղացին ըտենց կին չի առնում»:

Նորիկ Միքայելյանը գտնում է, որ այս օրենքի նախագիծը վերնախավի ու «քաղաքեցու» համար է. «Դեմ չենք, թող ըլնի, բայց իրանց համար, ոչ թե էգուց մի հատ ստից տվյալ տան՝ ասեն՝ դա է: Գեղարքունիքի մարզում, որ գյուղում խփել էր ինչ-որ երեխուն՝ ասին դատ ա հասնում: Արա, դուք ձեր երեխուն գնացեք պահեք, ասեք՝ գողական մի գնա, աջ ու ձախ ձեր ավտոները տալում եք ձեռները, էդ ո՞ր մի գյուղացին է իրա ավտոն տալիս երեխուն, սաղ էն հաբրգածների երեխեքն են»:

Խաչիկի բնակիչը համոզված է՝ հայկական ավանդական ընտանիքում ծեծը, կնոջը «դնգստելը» «նորմալ ընթացք է». «Սիրել ա դա կոչվում, ինչքան սիրում ենք՝ էնքան ուժգին խփում ենք, էդ ձեւ ա: Գյուղացու մոտ էդ բանն ա: Բայց իրանց մոտ (նկատի ունի Երեւանում,- Հ. Ջ.), ուրիշ ա, կարող ա 9-րդ հարկից իրանց գցեն: Մերոնք ոչ մի բան չեն ասի, մերոնք սովոր են էդ կյանքին: Չարքաշ կյանքին սովոր, ընտելացած մարդիկ են՝ մեկ օր ջան, մեկ օր ղուրբան, մեկ օր էլ՝ չոռ ու ցավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031