Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարյալ հասարակարգը կայացա՞վ

Սեպտեմբեր 09,1998 00:00
Martin Sargsyan

Վերջապես կատարվեց այն, ինչին բազմաչարչար հայ ժողովուրդը սպասում էր Պարույր Սկայորդու ժամանակներից ի վեր. Հայաստանի առանձին վերցված մի համայնքում տեղի ունեցան ազատ, արդար (պետք է ենթադրել՝ նաեւ թափանցիկ) ընտրություններ։

Սեպտեմբերի 6-ին Շենգավիթ համայնքի համայնքապետի ընտրություններում թաղապետի ժամանակավոր պաշտոնակատար Մարտին Սարգսյանը հավաքեց ձայների ավելի քան 95 տոկոսը։ Եվ ամենեւին էլ կարեւոր չէ, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդամենը 30 տոկոսը (լավագույն դեպքում)։ Հատկանշական է նաեւ, որ ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ որեւէ բողոք չի արձանագրվել։ Կատարվեց այն, ինչը միանգամայն կանխատեսելի եւ սպասելի էր։ Հայաստանում արմատավորվում է ընտրական մի համակարգ, որի համաձայն բնակչությունը պարզապես չի մասնակցում ընտրություններին։ Ընտրյալը որոշվում է նախօրոք, եւ բողոքելն անիմաստ է (եւ հղի անկանխատեսելի հետեւանքներով)։

Սա միանգամայն հասկանալի է. մենք պարտավոր ենք անցկացնել «ազատ եւ արդար» ընտրություններ (որպեսզի ժողովրդավար Արեւմուտքը մեզ փող տա), բայց միաժամանակ չենք կարող անտեսել իշխանությունների ձեւավորման զուտ հայկական համակարգը (որտեղ ոչ ոք չի բողոքում)։ Եթե այսպես շարունակվի, ապա կարելի է չկասկածել, որ հաջորդ համայնքապետն ընտրվելու է ձայների 107 տոկոսով։ Եվ իրավունք չենք ունենա զարմանալու, եթե վաղը-մյուս օրը հանկարծ պարզվի, որ Ստեփանակերտի քաղաքապետն է ընտրվել, ասենք, ձայների 272 տոկոսով (եւ միջազգային դիտորդները որեւէ խախտում չեն արձանագրել)։ Սա մեծ նվաճում է՝ հատկապես ազգային անվտանգության տեսանկյունից։ Եվ եթե նախկինում խախտումների վերաբերյալ բարձրաձայն խոսողները դիտվում էին որպես ազգի դավաճաններ, ապա այսուհետեւ ազգի դավաճաններ մեզանում չեն լինի։

Բոլորը գոհ են եւ ծիծաղում են։ Ժողովրդավարություն է, հասկանում եք։ Ոչինչ, որ ինչպես վերջերս նկատեց Ռուսաստանի քաղաքական մի գործիչ՝ ժողովրդավարություն է՝ կոկորդին սեղմված դանակով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930