Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Սահակյանի դաստիարակությունը թույլ չի տալիս…

Նոյեմբեր 11,1998 00:00
Ara Sahakyan

ԱԺ նիստերի դահլիճում թե ծռված գորգ կա՝ Արա Սահակյանն է ուղղում, թե աթոռից պոկված քուղ՝ Արա Սահակյանն է բարձրացնում, թե ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը մոռանում է նշել խոսափողի թիվը՝ Արա Սահակյանն է հուշում։ Պրն Սահակյանից փորձեցի ճշտել, թե սա նոստալգիկ տրամադրությունների՞ արդյունք է, իներցիայի՞, թե՞ ուրիշ բանի։

– Դե՜, դուք ազատ եք ցանկացած բացատրություն տալու։ Ես ոչ մի դեպքում չեմ կաշկանդի ձեզ։ Ասենք՝ պապիցս սովորություն է մնացել. անիմաստ վառված լամպերն անջատում եմ։ Եթե դա էլ այդ շարքում դնեք, փորձեք ձեր վերսիան ավելի զարգացնել։ Լավ, եթե լուրջ՝ այնպիսի դաստիարակություն եմ ստացել, որ սիրտս ամեն ինչի համար ցավում է։ Շատ հնարավոր է, որ այդ դաստիարակությունն էր պատճառը, որ երբ բոլորը լռում էին, ես միշտ խոսում էի։

– Պրն Սահակյան, ԱԺ-ի ճաշարանում էլ ձեզ երբեք չեմ տեսել։ Այստեղ չե՞ք սնվում։

– Բուֆետում լինում եմ հազվադեպ։ Միայն այն դեպքում, երբ կինս շտապողականության պատճառով հետս նախաճաշ չի դնում։ Ես ե՛ւ համալսարանական տարիներին, ե՛ւ աշխատանքային, ե՛ւ այստեղ (ԱԺ-ում) պաշտոնավարության ընթացքում նախաճաշս ինձ հետ եմ բերում տնից՝ մի կտոր հաց ու պանիր, գուցե մի երկու շերտ երշիկ։ Սիրում եմ, երբ տանը հաց եմ ուտում։ Երեւի այն պատճառով, որ մեր տանը շատ լա՞վ են պատրաստում. մայրս պրոֆեսիոնալ խոհարար է։ Կնոջս պատրաստած կերակուրներից էլ դժգոհ չեմ։

Հովհաննես Հովհաննիսյանն էլ է դաստիարակված

hovhannes hovhannisyan

ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, ինչ մեղքս թաքցնեմ, չէի ճանաչում։ Գործընկերներս էլ լավ չէին ճանաչում։ Իսկ պրն Հովհաննիսյանն ուշադրությունս գրավել էր միջանցքում բարձր-բարձր խոսելով՝ քայլելով։ Խոսքն էլ ամենեւին կաշկանդված չէր։

– Պրն Հովհաննիսյան, լրագրողները ձեզ առանձնապես չեն ճանաչում…

– Իսկ ո՞վ չի ճանաչում։

– Լրագրողնե՛րը։ Երեւի ելույթներ չեք ունենում, առաջարկություններով հանդես չեք գալիս, այդ պատճառով, հա՞։

– Երեւի աչքի չեմ ընկնում, դրա համար չեն ճանաչում (պրն Հովհաննիսյանի արտաքինն իր բոյ-բուսով ուղղակի աչք է ծակում- Լ. Ա.)։

– Միջանցքով շատ բարձր ու (երեւի ինչ-որ մեկի հասցեին) պարբերաբար ոչ շատ պատշաճ մի արտահայտություն էիք անում։ Չէի՞ք վախենում, որ ձեր խոսքը լսելի է ու ականջ ծակող։

– Վախեցողներից չեմ. մտքերս անկաշկանդ եմ արտահայտում։

– Խոսքս արտահայտությունների անբռնազբոսության մասին է։

– Երեւի շփոթվել եք։ Բացառվում է։ Ես բավականին դաստիարակված մարդ եմ։ Եվ ընդհանրապես անվայել խոսքեր չեմ օգտագործում։ Հատկապես՝ Ազգային ժողովում։

Երջանիկ Աբգարյանն իր բարեկամների համար պատասխան չի տալիս

erjanik abgaryan

ԱԺ պատգամավոր, մաքսային վարչության երբեմնի պետ Երջանիկ Աբգարյանին խնդրեցի հաստատել կամ հերքել այն լուրը, թե Արզնիում ունի չորս առանձնատուն՝ մեկը իր, մյուսներն իր հարազատների անուններով։

 

– Իսկ ովքե՞ր են ասում։ Պաշտոնակա՛ն։

– Պաշտոնապես չի՛ հայտարարվել։ Խոսքը շրջող լուրերի մասին է։

– Ես ոչ թե չորս առանձնատուն եմ կառուցել, այլ տասնչորս։ Ուղղակի սխալ են հաշվել,- նյարդայնացավ պրն Աբգարյանը։

Ու ես այդպես էլ չհասկացա՝ նա Արզնիում իր եւ իր հարազատների անունով կառուցե՞լ է 4 առանձնատուն, թե՞ ոչ։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30