Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս ի՞նչ ենք անում, տղերք…»

Մայիս 05,2001 00:00 Share

Առանց գույների խտացման «Էս ի՞նչ ենք անում, տղերք…» Վազգեն Սարգսյան Ովքեր են մեր վերջին տասնամյակի պատմության նենգ «պատմիչներն» ու նրանց պատվիրատուները՝ հասկանալի է ամենաբթամիտին ու տեսանելի՝ ամենակարճատեսին: Եվ այս ամբարտավան ու անմաքուր ասպատակությունը կասեցնելու ցանկության «շողքն» անգամ չի նշմարվում: Չի էլ նշմարվելու, քանի դեռ մեր ամենօրյա ուղեկիցը դարձած ուրացումների շղթան չենք ընկալում որպես յուրաքանչյուրիս կենսագրության մահը գուժող զանգ: Կասեցնող չկա ու չի լինելու, քանի դեռ ապաշնորհ ոտանավորչիները, կեղծանունների թիկունքում «մարաղ» մտած, հայոց համադամ բառամթերքի գարշահոտ թերմացքի օգնությանը դիմելով, 37-ին համարժեք սադիստությամբ բզկտում են մեծ գրողի ամեն մի ապրած օրը, իսկ մտավորական-գրականագետ-արվեստագետ հորջորջվող «ճամբարը», անվրդով, միմյանց կոշտուկ տրորելով, հովանավորներ են ճանկում չինովնիկների ճամբարում: ճանկում են, որ սրանք «մեծ արվեստագետ, գրականագետ, հայոց պատմության անզուգական գիտակ» Ռոբերտ Քոչարյանի ականջին այնպես թովիչ փսփսան, որ իրենց ստեղծագործություններով էլ դյութվի (ողբամ զքեզ, հայոց աշխարհ) ու իրենց դոշերին էլ կախի ՊԱՊ համալիրի կրծքանշանի չափ արժեզրկված Մաշտոցին, Խորենացուն ու Շիրակացուն (մեղա): Չկա ու չի լինելու, քանի դեռ այս պետության, այսպես կոչված, քաղաքացիները հպարտ-հպարտ քննարկում են՝ պարտադի՞ր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեր պետական լեզվով կրթվի, թե՞ ռուսերենն ու անգլերենն ավելի հեռանկարային են: Չի լինելու, քանի դեռ մռնչալու աստիճան չենք ըմբոստանում, երբ իշխանության փեշերից կախված լրատվամիջոցները հաճույքից բառաչում են՝ Աշոտ Բլեյանին ճաղավանդակի մեջ տեսնելով, ու հեշտանքից մլավում՝ վարձու մարդասպան-տականքի զառանցանքները «նախշազարդելիս»: Չի լինելու, քանի դեռ չենք հասկանում, որ մեր մինչեւ 98-ն անցած ճանապարհը նենգափոխողներն ու բոլոր անթույլատրելի մեթոդներով աղտոտողները միայն նախկին իշխանություններին չեն վարկաբեկում, պղծում են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներիս եւ՛ նվաճումները, եւ՛ կորուստները: Չկա ու չի լինելու, քանի դեռ այս երկրի սահմանները հերոսաբար պաշտպանած տղամարդիկ չեն հասկացել, որ քաղաքական խաղերն իրենց կերպին այնքան է անհարիր, որ հավասար է դասալքության: Չկա ու չի լինելու, քանի դեռ չենք հասկացել, որ վիրավորվելու հատկությունը կորցնելը մանրուք չէ: Որ դա հենց մարդկային դեմքը կորցնել է նշանակում: Չկա ու չի լինելու, քանի դեռ չենք հասկանում, որ Հայաստանը մեծ տերությունների ձեռքին փորձարարական ճագար դարձրած «վոինի» մասին մոսկովյան հեռուստաձոնն ու «Սովերշեննո սեկրետնո»-ի «երկնած» ֆիլմը, որտեղ շշուկով անգամ չի արտաբերվում Վազգեն Սարգսյանի անունը, իսկ Սամվել Բաբայանն էլ ընդամենը հանցագործ է, եւ ըստ որի՝ Ղարաբաղյան հերոսամարտի միակ կերտողները դաշնակներն են ու Սերժ Սարգսյանը, մեր պատմության անբարո խեղաթյուրման «սերիալի» սկիզբն է ընդամենը: Չի լինելու, քանի դեռ չենք հասկանում, որ սա ռուս ռեժիսորի անմեղ չիմացության արդյունք չէ, ու մենք պարտավոր ենք բացատրություն պահանջել պատվիրատուներից, որովհետեւ այնպես, ինչպես այսօր են նրանք վարվում մեր պատմության հետ, ոչնչով չի տարբերվում թուրքերի այն քարոզչությունից, ըստ որի՝ հայերն են կոտորել խեղճ թուրքերին: Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, քերոլյան «ծուռ հայելիների թագավորության» զվարճալի հեքիաթի նմանակումը չէ, պարոնայք ու տիկնայք հայրենակիցներ: Սա, առանց գույների խտացման, գիշատիչների խրախճանքի «գլխավոր փորձն» է, ու եթե ծամոնը փուչիկ սարքող ու ճտտացնող հանդիսատեսի ավարա կեցվածքից չհրաժարվենք՝ ժահրահոտ «պրեմիերան» ներխուժելու է բոլորիս տները: Լ. Ճ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել