Մի ֆիլմի պատմություն «Մենք» ու մենք Երբ մարդիկ տառապում են ինքնարտահայտման մարմաջով 20 տարեկանում, հիանալի է, ուրեմն նպատակներ եւ խնդիրներ ունեն, երբ նույնը շարունակվում է 30 տարեկանում, ոչինչ, ինչ-որ հույսեր, ուրեմն, կան։ 40 տարեկանից հետո ինքնարտահայտման մարմաջը ծիծաղելի է, եթե ոչ՝ ողբերգական։ Բայց մարդիկ տարբեր են, ընդունված արժեհամակարգերը շատ են պայմանական եւ, ուրեմն, ինքնարտահայտման հիմնախնդիրները շարունակում են մնալ արդիական… Իսկ երբ ինքնարտահայտումը վերածվում է ինքնապարտադրման եւ ինքնագովազդի, դադարում է անձնական գործ լինել եւ դառնում է հասարակական… չարիք։ Ֆիլմը կոչում է «Մենք», թեեւ պետք է կոչվեր «ԵՍ»։ Սրտաճմլիկ ու հոգեցունց պատմություններ են հնչում ֆիլմում, թե ինչպես մութ ու խուլ աշխարհում բոլորս դատապարտված ենք, եւ դանդաղ մահվան միակ շանթարգելը վերջապես գտնված է։ Նա Աջափնյակում ծառեր է տնկել, տներ է կառուցել, նա ամբողջ կյանքում ջանում է փրկել բոլորիս, իսկ անշնորհակալ-անհասկացողներս փրկվել չենք ուզում։ Պատկերացնո՞ւմ եք։ Իսկ նա շարունակում է մեզ փրկելու սին ջանքերը՝ գրքեր եւ ամսագրեր կարդալով, լալահառաչ-սահմռկեցուցիչ ելույթներ ունենալով, որոնք ունեն երկու առանցք՝ կորչեն բոլոր իշխանությունները (հետեւում է մեղադրանքների հեղեղ) եւ կեցցեմ ես՝ իբրեւ իշխանություն, որ (հետեւում է արժանիքների տարափ)… Վերջ։ Դժբախտներիս մնում է միայն տապալել ներկա իշխանություններին եւ պատվանդան բարձրացնել Նրան։ Մնում է նաեւ «մոռանալ», որ 10-40000 աշխատատեղերը ինչ-որ մեկի՝ ով էլ լինի, ցանկությամբ երկնքից չեն ընկնելու։ Նախադրյալներ են պետք եւ, ուրեմն, պետք են համակարգային փոփոխություններ։ Պետք են սկզբունքներ, մեխանիզմներ, կադրային կարուսելի ձիուն ով էլ նստի՝ պտտվելու է նույն շրջագծով, ոչ մի քայլ այս կողմ, այն կողմ… Որովհետեւ ընդամենը կարուսելի ձի է, իսկ կարուսելը կարուսել է աշխարհի բոլոր երկրներում։ Բայց դա այլ պատմություն է, մեր փրկչի հետ ոչ մի կապ չունեցող։ Մեր փրկիչը ընդամենը պարբերաբար տեր է փոխում եւ տիրոջ որոնումներում փորձում է ինքն իրեն արժեւորել, որ գին տան։ «Մենք» ֆիլմը ծայրեծայր այդ գնի բարձրացման խնդիրն է լուծում։ Եվ ամենաապշեցուցիչը՝ ֆիլմում անպատեհ-անտեղի հնչում են մեջբերումներ Ակսել Բակունցից ու Եղիշե Չարենցից։ Ենթադրվում է, որ նրանք եւս պիտի ցանկանային փրկվել եւ մեր օրերում ապրեին, իրենց հույսն ու ապավենը համարելու էին… Իհարկե՝ փրկչին։ Մարդիկ հեռանում են վաղ թե ուշ։ Մնում են առասպելները։ Մի վերապահումով՝ եթե իրական են, եթե հիմք ունեն։ Իսկ երբ առասպելները կառուցում են իբրեւ ամրոց ավազի վրա, թեկուզ Չինական պարիսպի հաստությամբ, կփլուզվեն։ եվ կմնան ընդամենը ալիքի կատարին հայտնված փրփուրները, որոնց խեղդվողը ձեռք է գցում։ Ապացույց՝ գեղարվեստական-վավերագրական ոչ մի հիմք չունեցող այս տաֆտալոգիան, որ կոչվում է «Մենք» եւ պատմում է ոչ թե մեր, այլ Արտաշես Գեղամյանի մասին։ Այ հիմա, նա, եթե կարդա այս տողերը, անմիջապես կհայտարարի, թե իրեն հալածում են, սպառնում են ֆիզիկական ոչնչացումով եւ գուցե նույնիսկ այս տողերում որոնի ու գտնի իր անձի ու գործի նկատմամբ ոտնձգություն ու զրպարտություն։ Այդպես հարմար է, եւ հետայսու եւս մի քանի ամիս կպատասխանի այս հրապարակմանը՝ բոլոր եղած-չեղած ամբիոններից։ Իսկ մե՞նք։ Մեզնից ոմանք եւս համամարդկային հարայ-հրոց կբարձրացնեն, որովհետեւ հավատում են նրա փրկիչ լինելուն, ոմանք կծիծաղեն ու իրենց գործին կգնան, որովհետեւ լուրջ մարդիկ են։ ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ


















































