ՍԵՐԸ ՃՆՇՈՒՄ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ Երկարատեւ դադարից հետո Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոնը կրկին բացեց իր թատերաշրջանը։ Հոկտեմբերի 6-ին եւ 7-ին հանդիսատեսն առիթ ունեցավ դիտելու քչերին ծանոթ ամերիկացի հեղինակ Արթուր Կոպիտի «Հայրիկ, հայրիկ, խեղճ հայրիկ…» պիեսը։ «Ներկայացման պրեմիերան,- ինչպես ասաց բեմադրության հեղինակ Վահան Բադալյանը,- եղել է մայիսի 26-ին եւ շատ մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքում։ Սա արդեն թվով 8-րդ ներկայացումն էր, եւ ես հույս ունեմ, որ երկար կյանք կունենա»։ Պիեսը բաղկացած էր երեք հիմնական կտորներից՝ սկիզբ, միջնամաս եւ ավարտ։ Հիմքում ընկած էր մարդու, հատկապես երիտասարդի ազատության խնդիրը։ Ցանկացած ճնշումից ազատ լինելու՝ նույնիսկ ծնող-զավակ հարաբերության մեջ։ Ինչպես ասաց բեմադրության հեղինակը՝ «ինձ հատկապես հուզել էր Արթուր Կոպիտի այն միտքը, որ սերը չպիտի ճնշի ոչ ոքի, սերը պիտի լինի հավասար։ Այսինքն՝ մարդ այս կյանքում ինքը պետք է կարողանա ընտրել իր ճանապարհը, նույնիսկ մայրը իրավունք չունի դրան խառնվելու։ Սա հիմնական միտքն էր, որ ինձ հուզեց,- ասաց նա,- ու նաեւ մոր դժբախտության մասին. կին, որը իր ժամանակին ընտրության հնարավորություն չի ունեցել, իր վրա միայն ճնշում է ունեցել, բռնություն, իսկ բռնությունն էլ բռնություն է ծնել»։ Ներկայացումը խաղացին Թատերական արվեստի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողները։ Չնայած թատրոնի դահլիճը փոքր էր, այնուամենայնիվ, մարդաշատ էր։ Սկսնակ դերասանների խաղը ողջունելու էին եկել նրանց հարազատներն ու ընկերները, ինչպես նաեւ՝ նույն ինստիտուտի ուսանողները, որոնց ծափողջույններից պարզ դարձավ, որ ներկայիս երիտասարդությանը նույնպես հուզում է ազատ, անկախ լինելու խնդիրը։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































