Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԲԱՐ

Մարտ 01,2002 00:00

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԲԱՐ ՀԱՐՎԱԾԵՆՔ Ոչ միայն իմպերիալիզմի մնացուկներին Ըստ Կոմկուսի կանոնադրության, համագումարի եւ կոնֆերանսի միջեւ ընկած ժամանակահատվածում կուսակցության ղեկավար մարմինը պլենումն է, որը պետք է հրավիրվի ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ։ ՀԿԿ-ն վերջին պլենումը հրավիրել է անցած տարվա սեպտեմբերին։ Փաստորեն, արդեն կես տարի կուսակցությունը ղեկավար մարմին չունի։ Կոմկուսում վաղուց արդեն մայրամուտները խաղաղ չեն, եւ որքան էլ փորձեն ընկերները կոմունիստաբար կուրծք ծեծել, թե իրենք «միշտ չոր են դուրս գալիս»՝ իզուր է։ Կոմկուսի շարքերում շատերն են հասկանում, որ կուսակցությունը լրջագույն խնդիրների առաջ է։ Զուգահեռ զրույցը ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանի եւ մինչեւ վերջերս ՀԿԿ Կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Վանյա Մխիթարյանի հետ՝ որոշ լույս կսփռի կոմունիստական խնդիրների վրա։ Վլ. Դարբինյանը այն կարծիքին է, որ մեծ հանցանք չէ, եթե կուսակցության պլենումը ժամանակին չի հրավիրվել. «Կա նպատակահարմարության, միջոցների հարցը, օրակարգը նախապատրաստելու հարցը։ Մենք շատ լուրջ նախապատրաստվում ենք երիտասարդության դաստիարակության հարցերին, կոմերիտմիության նկատմամբ կուսակցության ղեկավարությունը ուժեղացնելու խնդիրներին։ Պետք է ընդլայնված պլենում լինի եւ քննարկվի մեզ համար այդ մեծ, քաղաքական, բախտորոշ հարցը։ Այստեղ ես չեմ տեսնում այն խախտումը, որը այնքան փորձում են օգտագործել մեր անբարեխիղճ ընդդիմախոսները»։ Վանյա Մխիթարյանը պնդում է, թե կանոնադրության խախտումն այնուամենայնիվ ակնհայտ է. «Կանոնադրության 24 կետը նշում է, որ համագումարի եւ կոնֆերանսների միջեւ ընկած ժամանակաշրջանում կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը ՀԿԿ Կենտկոմն է, որի նիստերը հրավիրվում են առնվազն երեք ամիսը մեկ։ Կանոնադրությունը նույնն է, ինչ-որ պետության սահմանադրությունը եւ որեւէ պատրվակով նրա խախտումը անթույլատրելի է։ Եթե խախտվում է որեւէ կուսակցության կանոնադրությունը, մեխանիկորեն խախտվում է ՀՀ օրենսդրությունը։ Մեր ավանդապահ կուսակցությունը կանոնադրական ամենաաննշան խախտման համար միշտ ամենախիստ կերպով պատժել է բոլորին։ Տվյալ դեպքում պատասխան պետք է տան առաջին քարտուղարը, Վլ. Դարբինյանը եւ Կենտկոմի քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Այսօր ավելի հրատապ են երիտասարդությա՞ն վերաբերյալ հարցերը, թե՞ քաղաքական դաշինքների ձեւավորման խնդիրները, Սահմանադրության հարցը, կուսակցության ներսում ստեղծված հոգեվարքային վիճակը։ Կենտկոմի պլենում չհրավիրելու պատճառն այն է, որ Վլ. Դարբինյանը ասելու բան չունի, ինքը հնարավորինս ուզում է երկարացնել իր՝ այդ պոստում մնալու ժամանակը»։ Այսինքն, եթե պլենում, այնուամենայնիվ, հրավիրվի, ապա կդրվի Վլ. Դարբինյանի պաշտոնանկության հա՞րցը։ Ըստ Վ. Մխիթարյանի, այդ հարցն անպայման կդրվի. «Այս պլենումում կանցնի, թե հաջորդ պլենումում, ժամանակի խնդիր է։ Վլ. Դարբինյանը, միեւնույն է, գնալու է։ Եվ ինչքան էլ նրա կամակատարները փորձեն նրան պահել, միեւնույն է, նա չի մնալու այդ պաշտոնում»։ Կանոնադրական խնդիրներից բացի, Կենտկոմի քարտուղար Վլ. Դարբինյանից փորձեցինք պարզել, թե ինչու եւ ինչպես 1998-ին ընդդիմադիր Կոմկուսի երկրորդ դեմքը, հանձին Վլ. Դարբինյանի, նշանակվեց Սարդարապատի համալիրի տնօրեն եւ, փաստորեն, դարձավ պաշտպանության նախարարի անմիջական ենթական։ Պրն Դարբինյանը հարցին պատասխանեց հեռվից, վերհիշելով, թե ինչպես Հոկտեմբերյանի շրջկոմի քարտուղար եղած ժամանակ ինքն ակտիվ մասնակցություն է ունեցել հուշահամալիրի կառուցմանը, թե ինչպիսի հերոսական եւ դժվարին աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել ստեղծել հսկա կառույցը. «Անցան տարիներ, փոխվեց իշխանությունը։ Հուշահամալիրը, փաստորեն, ավերվում էր, եւ ինձ հրավիրեցին ու ասացին, թե երեխան դուք եք ծնել, դուք էլ տեր կանգնեք»։ Իր նշանակման համար ուրիշ պատճառ Վլ. Դարբինյանը չնշեց։ Վանյա Մխիթարյանը նույն հարցին պատասխանելիս ասաց, որ այսօր էլ քանդվում է մեր ընդհանուր հանրապետության տնտեսությունը, բայց, չգիտես ինչու, Ֆադեյ Սարգսյանին կամ Ալեքսան Կիրակոսյանին չեն նշանակում Հայաստանի կառավարության նախագահ եւ տեղակալ. «Սա եւս սուտ է, առաջարկը եղել է Վ. Սարգսյանի կողմից, բայց եղել է, քանի որ ենթադրվել է համագործակցության հեռանկարը։ Իմանալով Վլ. Դարբինյանի անձնական հատկությունները, որ նա շատ գեղեցիկ ոճով կարողանում է սպիտակը ներկայացնել սեւ եւ սեւը՝ սպիտակ։ Ժողովրդական մի խոսք կա. էս փափախը՝ նրա գլխին, էն փափախը՝ սրա գլխին, հոպ, մի փափախը չկա։ Սրա մասնագետն է ընկեր Վլ. Դարբինյանը»։ 1988-ից հետո, Կոմկուսի վերականգնման աշխատանքներում ակտիվ մասնակցություն ունեցած Վլ. Դարբինյանը չհամաձայնեց դառնալ կուսակցության առաջին քարտուղար, թեպետ կուսակցությունն այդ առաջարկն արեց նրան։ Համագումարի ժամանակ իր ելույթում պրն Դարբինյանը հայտարարել էր, թե իր անվան շուրջ հասարակական կարծիքը նպաստավոր չէ, որ հյուրանոցի հրդեհի պատմությունը կա, ՆԳ նախարար աշխատած ժամանակ բազմաթիվ հարցեր կային, եւ ճիշտ կլինի, որ կուսակցության լիդերը ուրիշ մեկը լինի։ Վլ. Դարբինյանին հարցրինք՝ ինչն էր պատճառը, որ 10 տարի անց՝ 1999-ին, ինքը համաձայնեց դառնալ առաջին քարտուղար։ Մի՞թե հասարակական կարծիքը փոխվեց։ ՀԿԿ Կենտկոմի քարտուղարի գնահատմամբ. «Այն ժամանակ ես խոր համոզմունք ունեի, որ մենք մեր շարքերից պետք է մի երիտասարդ, տաղանդավոր մարդ ընտրենք, որը կարող է 10-15 տարի կուսակցությունը ղեկավարել, եւ այդ մարդը մեր Սերգեյ Բադալյանն էր։ Նրա մահից հետո, երբ քննարկեցինք, թե ինչպես անենք, որ պահպանենք կուսակցությունը, նրա միասնությունը, ես համաձայնեցի»։ Վանյա Մխիթարյանը համոզված է, որ Վլ. Դարբինյանը մշտապես երկակի ստանդարտներ է կիրառում եւ, ըստ նրա, իրականությունը հետեւյալն է. «Երբ վերականգնվում էր կուսակցությունը, պետք էր մարդ, որը պատրաստ կլիներ վտանգել իր ֆիզիկական գոյությունը, պայքարել կուսակցության վերականգնման համար։ Դրան Վլ. Դարբինյանը, իրոք, պատրաստ չէր։ Իսկ երբ կուսակցությունն արդեն (իր օգնությամբ) դարձել էր իշխանության այս կամ այն թեւի կամակատարը, Վլ. Դարբինյանը արդեն պատրաստ էր այդ առաքելությանը։ Բացի այդ, այն ժամանակ կուսակցությունը նյութական ոչ մի արժեքի հետ գործ չէր ունենում, հիմա բացվել են ինչ-որ աղբյուրներ, ինչ-որ գումարներ են պտտվում կուսակցության դրամարկղից, կողքից, եւ դրանց տնօրինելը խիստ հրապուրիչ է դարձել»։ Վլ. Դարբինյանը պնդել է, որ Կոմկուսը շարունակում է ընդդիմություն լինել իշխանություններին. «Մենք ունենք մեր ծրագիրը, կանոնադրությունը, մենք սոցիալիստներ ենք, իսկ սա կապիտալիզմ է։ Մենք կոշտ, արմատական ընդդիմություն ենք»։ Եթե իրոք Կոմկուսը ընդդիմություն է, այդ դեպքում ինչպես է հաջողվում այդպիսին լինելով աշխատել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ենթակայության տակ։ Վլ. Դարբինյանի ներկայացմամբ՝ «ազգագրական թանգարանը գաղափարական հիմնարկ չէ, այն 70 հազար արժեքների թանգարան է, կարգադրություններ անելու ոչ մի հարց չկա»։ Սակայն հարցն ուղղելիս ամենեւին թանգարանին անմիջականորեն վերաբերող խնդիրները նկատի չունեինք, այլ այն, որ հնարավոր է պաշտպանության նախարարը ինչ-ինչ հրահանգներ տա, եւ Վլ. Դարբինյանը՝ որպես ի պաշտոնե ստորադաս, պարտավորված լինի կատարել։ Իր պատասխանով Վլ. Դարբինյանը պարզապես ապշեցրեց. «Ես էլ ուզում եմ հարց տալ ձեզ՝ իսկ ինչո՞ւ հակառակը չի կարող լինել, որ ես կարող եմ որոշ հարցերում ազդեցություն գործել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել