Անցյալ տարին Հայաստանի գործարարների համար արդյունավետ է եղել թե՛ բիզնեսի, թե՛ ձեռքբերումների առումով։ Նման գնահատական տվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ մայիսի 11-ին կայացած ՀԱԳՄ խորհրդի ընդլայնված նիստի օրակարգային՝ «2025թ. ՀԱԳՄ կատարած աշխատանքների և 2026թ ․ խնդիրների մասին» հարցի քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ Միությունն անցյալ տարի փորձել է ավելի ակտիվ լինել պետություն–մասնավոր հատված երկխոսության շրջանակներում, ամենաբարձր մակարդակով հանդիպումներ ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, բարձրացրել տնտեսությանն ու գործարարությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ, դրանց համար ստանալ լուծումներ։ Այս երկխոսության շրջանակներում ձևավորվել են հարթակներ, մշակվել ճանապարհային քարտեզներ՝ որոնցում անցկացված քննարկումների արդյունքում շատ խնդիրներ գտել են իրենց կարգավորումները, այդ թվում՝ որոշակի փոփոխություններ են եղել և՛ հարկային օրենսդրության, և՛ հարկային վարչարարության ուղղությամբ։ Արսեն Ղազարյանի հավաստմամբ՝ համանման աշխատանքը շարունակական է լինելու։
Անդրադառնալով գործարարության ապագային և դիրքավորմանը աշխարհաքաղաքական ընթացող փոփոխությունների, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման, հայ–թուրքական հարաբերությունների, հարևան երկրների հետ շփումների նոր իրողությունների պայմաններում, ՀԱԳՄ նախագահը հորդորեց վերլուծական աշխատանքի հիման վրա հասկանալ և լավ նախապատրաստվել՝ մրցակցային դաշտի թե՛ դրական, թե՛ բացասական մարտահրավերներին հավուր պատշաճի դիմագրավելու համար։
Արսեն Ղազարյանը հիշեցրեց, որ դեռևս տասներկու տարի առաջ, «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ԱՄՆ կառավարության աջակցությամբ ուսումնասիրություններ է իրականացրել հայ–թուրքական տնտեսական, մշակութային, քաղաքացիական հասարակության հարաբերությունների ներուժի գնահատման ուղղությամբ։ Նա անդրադարձավ ներկայումս Միության կողմից մեկնարկած համանման մի ծրագրի, որը եվրոպական համայնքի օժանդակությամբ իրականացվում է Եվրասիա հիմնադրամի, բիզնեսի հարցերով զբաղվող թուրքական TEPAV հանրահայտ կազմակերպության և Հրանտ Դինքի հիմնադրամի հետ համատեղ։ Նշվեց, որ ուղղություններից մեկը լինելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, մշակվելու են համատեղ աշխատանքային ծրագրեր։
Ըստ ՀԱԳՄ նախագահի՝ սահմանների ակնկալվող բացումը ենթադրելու է նաև եղած շուկայական մարքեթինգի, ներկրումների ողջ քաղաքականության փոփոխություն։ Թուրքիան խոշոր տրանսնացիոնալ կորպորացիաների կենտրոն է, տեխնոլոգիապես ավելի զարգացած է, քան 10-20 տարի առաջ էր։ Հատկապես առևտրի ոլորտը՝ մասնավորապես էլեկտրական տեխնիկա, սարքավորումներ ներկրողները, ակամայից աշխատելու ենք այդ շուկայի հետ, ինչին պետք է պատրաստ լինեն։ «Հարևան երկրի մենեջմենթի կրթական մակարդակն անհամեմատ բարձր է։ Թեև բազմիցս արձանագրել ենք, որ հայաստանյան գործարարությունը կայացած է, այդուհանդերձ, առկա է կլանման, դուրս մղման վտանգ»,–նշեց Արսեն Ղազարյանը։
Կարդացեք նաև
ՀԱԳՄ նախագահը գործարարներին հորդորեց նաև լավ ուսումնասիրել ու պատրաստվել եվրոպական խոշոր շուկա մուտք գործելուն, քանի որ հասունացել է տնտեսության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Վերջինիս մասին վաղուց է խոսվել, սակայն էական գործնական քայլեր չեն արվել։ Նրա խոսքով՝ ներկա զարգացումների պարագայում ռուսական շուկայում աշխատող ընկերությունները պետք է պատրաստ լինեն ցանկացած վայրիվերումների։ Ըստ Արսեն Ղազարյանի՝ մեր պատմական գործընկերային շուկան այսօրվա վիճակով անփոխարինելի է Հայաստանի տնտեսական կառուցվածքի համար, և պետք է փորձել այն պահպանել։ Միաժամանակ ուշադրությունը հարկ է սևեռել եվրոպական և այլ շուկաների ուղղությամբ՝ նոր ժամանակներին, մարտահրավերներին, խնդիրներին դիմակայելու համար։ «Մենք, որպես հասարակական կառույց, փորձելու ենք մեր միջազգային կապերով, համաժողովներով, կոնկրետ երկրների արդյունաբերողների միությունների հետ աշխատանքով, նպաստել այլընտրանքների որոնմանը, նոր շուկաներում հաստատմանը,– նշեց Արսեն Ղազարյանը՝ որպես օրինակ բերելով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի համատեղ իրականացվող «ՀԱԳՄ-ը կանաչ անցման համար. ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում և առաջնորդություն ՇՄՍԿ (ESG) քաղաքականության ներդրման գործընթացում» ծրագիրը։
Հիշյալ ծրագրի նպատակների ու ընթացքի մասին նիստի մասնակիցներին ներկայացրին ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը և ծրագրի համակարգող Միքայել Թևոսյանը։ Ծրագրի նպատակն է տրամադրել շրջակա միջավայրի և սոցիալական կառավարման (ՇՄՍԿ) հարցերի վերաբերյալ ուսուցում ու խորհրդատվական ծառայություններ, նպաստել կլիմայական դիմադրողականության վերաբերյալ ազգային երկխոսությանը, խթանել միջոլորտային և տարածաշրջանային գիտելիքներով փոխանակումը: Այն կոչված է նպաստելու գործարար միջավայրում ՇՄՍԿ սկզբունքների կիրառմանը՝ ապահովելով հայաստանյան ընկերությունների կարողությունների ամրապնդումը և կայուն զարգացումը, ինչպես նաև մրցունակության բարձրացումը:
Ըստ Ներսես Կարամանուկյանի սկզբի համար որպես ուղղություն ընտրվել է գինեգործությունը, որպես եվրոպական շուկայում ավելի մեծ պոտենցիալ ունեցող, ապա ներառվել են նաև գյուղվերամշակող ընկերությունները։ Հետագայում ակնկալվում է իրականացնել ավելի լայն ծրագիր՝ կենսաբազմազանության ապահովմանն ուղղված։
ESG քաղաքականության վերաբերյալ իրենց ունեցած դիտարկումները և փորձառությունը ներկայացրեց BDO Armenia ընկերության գործընկեր Վահագն Սահակյանը։
Խորհրդի նիստի օրակարգում էր նաև «Հարավկովկասյան երկաթուղու կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքով բեռնափոխադրումների կազմակերպման հնարավորությունների մասին» հարցը, որը ներկայացրին կազմակերպության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովը և Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի ղեկավար Եգոր Նեֆյոդովը։ Ներկայացնելով գործարկվող նոր ուղին՝ բանախոսները նշեցին, որ ընթացս առաջին փորձարկումներն են արվում։ Արդեն իսկ Հայաստան է տեղափոխվել 45000 տոննա բեռ, այդ թվում՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ադրբեջանից։ «Ուղին գայթակղիչ է, մենք ավելի ու ավելի շատ հայտեր ենք ստանում։ Խնդիր ենք դրել բեռնափոխադրումը հասցնել շուրջ 100000 տոննայի»,–նշեց Օլեգ Շատալովը՝ հույս հայտնելով, որ ուղին ապագայում հնարավորություն կտա ներգրավելու ինչպես ավելի շատ ընկերությունների, այնպես էլ բազմազան բեռներ։
Նիստի մասնակիցները քննության առան Երևան քաղաքում վաճառքի օբյեկտների մոտ առաքող մեքենաների կայանման խնդիրը։ Հարցը զեկուցողը՝ «Երևան Գարեջուր» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Դանիել Մնացականյանը, անընդունելի համարեց, որ վաճառքի օբյեկտների մոտ կանգնող մեքենաների վարորդները ոչ միայն տուգանվում են, այլև կատարվում է բալերի նվազեցում։ Արդյունքում՝ ոչ միայն խաթարվում է սպառման կետերի ապրանքներով մատակարարումը, այլև առաքիչ ընկերությունները համատարած զրկվում են իրենց վարորդներից։ Բանախոսը օրինակներ բերեց հարցի կանոնակարգման արտերկրի փորձից․ որոշ տեղերում առաքման մեքենաների համար ստեղծված են հատուկ բեռնաթափման գոտիներ, մեկ այլ տեղ սահմանված են որոշակի ժամեր, ավելի խիստ պայմանների դեպքում՝ հանդուրժողականություն է ցուցաբերվում՝ թույլ տալով բեռնաթափվել։ Հարցը նոր չէ՝ ՀԱԳՄ–ն մեկ անգամ արդեն գրավոր դիմել է պատկան մարմիններին, ինչը դեռ անպատասխան է մնացել։ Որոշվեց հետևողականորեն հետամուտ լինել խնդրի կարգավորմանը։
«Բիզնեսի կառավարման համակարգի և գործընթացների վերափոխումը արդյունավետության բարձրացման և թվայնացման նպատակով» հարցին անդրադարձավ BDO Armenia ընկերության կառավարման խորհրդատվության ծառայությունների մենեջեր Հրաչյա Հայրապետյանը՝ միաժամանակ ներկայացնելով, թե ինչ գործիքներով են աջակցում ընկերություններին։ Հաջողված օրինակներով նա անդրադարձավ մատուցվող ծառայությունների շրջանակին, դրանցից ստացվող հիմնական արդյունքներին։
Խորհրդի որոշմամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամ ընդունվեց «ՆՈԱ օֆ Արենի» ՍՊԸ–ն (տնօրեն Ստեփան Ավագյան):
Հայրենական և միջազգային տնտեսական կյանքի հետևողական ու խորքային լուսաբանման, ինչպես նաև հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ` «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը պարգևատրվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվոգրով և Ոսկե մեդալով:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն


















































