Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհ դեպի կատարսիս

Մայիս 13,2026 12:30 Share

Կա մի առաքինություն, որ չի պարծենում. անունն է Համեստություն: Կա ևս մի առաքինություն, որ դարձյալ չի պարծենում. անունն է Բարեգործություն: Երկուսը` մեկում, ստիպեց  հարցնել` ո՞վ է նա… «Լոսանջելեսյան հայ համայնքի խիղճը»` սեղմ ու հակիրճ բնութագիր՝ երաշխավորագիր նրա ընկերների կողմից:

Արմատները Կիլիկիայի Բեյլան գյուղաքաղաքից են, որի բնակիչները բացառապես հայեր էին մինչև 1915 թ.: Նախնիները գաղթել են Աշտարակ, որտեղ էլ 65 տարի առաջ ծնվել է նա, հետո` 45 տարի առաջ, խարիսխ ձգել Փասադենայում…  «Ես մեծացել եմ խորհրդային ժամանակաշրջանում, որը բնութագրվում էր սահմանափակումներով, բայց միաժամանակ պարադոքսալ կերպով հարուստ էր մշակութային հետաքրքրասիրությամբ: Չնայած «երկաթե վարագույրին»` մենք խոր կապ ունեինք արևմտյան ազդեցության հետ` հատկապես երաժշտության միջոցով: Բրիտանական ռոք հեղափոխությունը հասնում էր մեզ ընդհատակյա ուղիներով և «սև շուկայի» ձայնագրություններով: Չկային բջջային հեռախոսներ, համացանց, սակայն նոր գաղափարների, հնչյունների  հանդեպ ձգտումը լիովին կենդանի էր», – ինքնակենսագրականում գրում է նկարիչ-դիզայներ Սահակ Էքշիյանը:

Ճանապարհը դեպի արվեստ սկսվեց վաղ տարիքից` Աշտարակի «Պիոներների պալատում», որտեղ ձևավորվեց նրա «տեսողական լեզուն»` ուսանելով  ճարտարապետ, առաջադեմ մտածողությամբ Սարգիս  Թովմասյանի արվեստանոցում, ուսուցիչ, որ  ծանոթացրեց վերացական արվեստին և խրախուսեց անկախ մտածողությունը` զերծ չոր ակադեմիականությունից: Որոշիչ եղավ հանդիպումը նշանավոր նկարիչ Վահան Խորենյանի հետ: Նրա առաջնորդությամբ Սահակ Էքշիյանը ձեռք է բերում ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլև արվեստի ավելի խոր, փիլիսոփայական ըմբռնում: Խորենյանի արվեստանոցը նաև մշակութային հավաքատեղի էր, որտեղ  հնարավորություն ունեցավ հանդիպելու հայ նշանավոր մտավորականների հետ` Գևորգ Էմին, Վարդգես Պետրոսյան, Էդուարդ Իսաբեկյան…. Այս փորձառությունները ձևավորեցին արվեստը` որպես լայն մշակութային և մտավոր երկխոսության մաս ընկալելու նրա ունակությունը: «1980-ականների սկզբին  ներգաղթեցի Միացյալ Նահանգներ: Շարունակեցի ուսումս Pasadena City College-ում (1982–1985), ապա` California State University` Northridge-ում (1985–1987): 1996 թվականին ընդլայնեցի իմ ուղղությունը` ուսումնասիրելով կինոարտադրություն և դիզայն UCLA-ում և ArtCenter College of Design-ում` Փասադենայում, որտեղ իմ հետաքրքրությունը զվարճանքի ոլորտի դիզայնի հանդեպ ամբողջությամբ ձևավորվեց»,- շարունակում է Սահակ Էքշիյանը։

Նրա մասնագիտական գործունեությունն սկսվեց «TLR Associates» փոքր, բայց ազդեցիկ հոլիվուդյան դիզայն ստուդիայում, որտեղ առաջին անգամ ծանոթացավ կինոթատրոնային գովազդի աշխարհին` մշակելով նախնական գաղափարային էսքիզներ այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսին է «The Untouchables» -ը: Այդ փորձը որոշիչ եղավ նրա հետագա գործունեության համար. միացավ «The Illusion Factory»-ին, որտեղ աշխատեց «Warner Bros.»-ի և այլ խոշոր ստուդիաների բազմաթիվ նախագծերում: Այդ ժամանակաշրջանը ձևավորող էր` հնարավորություն տալով կատարելագործել նրա հմտությունները key art-ի ստեղծման, ֆիլմերի պաստառների դիզայնի և կինոմարքեթինգի տեսողական պատմողականության ոլորտում: Ֆիլմերի պաստառները դարձան նրա աշխատանքի առանցքային ուղղություններից, որոնց մոտենում էր ոչ թե պարզապես որպես գովազդային միջոցի, այլ որպես տեսողական պատմության` մեկ պատկերի, որը կարող է փոխանցել զգացողություն, եղանակ և տրամադրություն: Նպատակը եղել է ֆիլմի էությունը վերածել ազդեցիկ, խորհրդանշական կոմպոզիցիայի` հավասարակշռելով տիպոգրաֆիան, պատկերն ու սիմվոլիկան:  Յուրաքանչյուր պաստառ դառնում էր  դիզայնի միջոցով  ֆիլմի հոգեբանական միջուկը փոխանցելու պատմություն,  հանդիսատեսին գրավելու միջոց:  2006 թվականին հիմնեց սեփական ստուդիան և մեկ տարվա ընթացքում դարձավ «Warner Bros.»-ի և «The CW»-ի հաստատված՝  վստահելի գործընկեր: Նրա աշխատանքն ընդգրկեց հեռուստատեսային արշավների, բրենդինգի և թվային մեդիայի ոլորտները: Հետագայում համագործակցեց «Sony Pictures Television»-ի հետ և աշխատեց բարձրակարգ ստեղծագործողների հետ, ինչպիսին Էնթոնի Զուքերն է, ինչն ավելի խորացրեց նրա ներգրավվածությունը լայնածավալ հետաքրքիր ժամանցի բնագավառում:  Ստեղծագործական գործունեության ընթացքում Սահակ Էքշիյանն արժանացել է բազմաթիվ հոլիվուդյան հեղինակավոր մասնագիտական մրցանակների՝ entertainment marketing-ի և վիզուալ հաղորդակցության ոլորտներում ունեցած  նվաճումների համար։ Նա բարձր գնահատականի է արժանացել հեղինակավոր Key Art Awards-ի կողմից՝ ստանալով «Առաջին մրցանակ» 1993 և 1995 թվականներին պաստառների դիզայնի համար, «Երրորդ մրցանակ»՝ 1994 թվականին և «Պատվավոր հիշատակում»՝ 1996-ին: Հիշարժան են նաև «Communicator Awards of Excellence» և «Horizon Interactive Gold Award» մրցանակները՝ The CW-ի և The Vampire Diaries նախագծերի ինտեգրված մարքեթինգային արշավների համար, ինչպես նաև «Summit Creative», «Web» և «Promax» մրցանակները՝ The Sopranos, The West Wing նախագծերի համար:  Նշվածին զուգահեռ` նա մշտապես պահպանել է բնական, խոր կապը կերպարվեստի հետ: Նրա  կտավներն ուսումնասիրում են երաժշտության և տեսողական ձևի փոխհարաբերությունը: Օգտագործելով մատիտ, կավիճ և խառը մեդիա` հաճախ սև մակերեսների վրա, նա ստեղծում է կոմպոզիցիաներ, որոնք միավորում են երկրաչափական աբստրակցիան և ֆիգուրատիվ տարրերը:

Պատահական հանդիպում նկարիչ-մտավորականի հետ

Ասում են` իսկական արվեստը սադրանք է: Հավանաբար սադրանքի տրվեցի, երբ համացանցում  հանդիպեցի գեղանկարիչ Սահակ Էքշիյանի մի քանի կտավներին: Եթե չես զգում սադրանք, ուրեմն նկարը   քարացած որմնապաստառ է: Ու առաջին իսկ տպավորության ազդեցությամբ մտովի կազմեցի 4-կետանոց մանիֆեստ. «Եթե ուզում ես նկարդ ընդունեն, պիտի ունենաս հեղինակային ոճ, ինտելեկտուալ հենք, հուզական էմպաթիա, վարպետություն»: Այս պարագայում դիտողը դառնում է հայելի,  համահեղինակ, որ տեսնում է նկարներում մաքուր, բաց, տեղ-տեղ` վառ, վիմագրային գույների խորհրդանշական էքսպրեսիա, միտք, հույզ, խոսք, նորարական ոճ: Արտասովոր գրաֆիկա… Ավելի ճիշտ` նեոգծանկարներ, ավանգարդ, պոստմոդեռնիզմ, կոնցեպտուալ արվեստ… Այս անգամ ոչ թե սևով սպիտակի վրա, այլ` հակառակը. նախընտրում է հիմնականում սև խորապատկերը, որին հայտնվում է մեղեդին` գծի, գծաշարի, լուսաստվերի, ռիթմի, շարժման լեզվով: Գծանկարը հոգի է ձեռք բերում, շնչում է լիաթոք, խոսում է քեզ հետ, հարցերն ինքն է ուղղում քեզ… Հարգանք գծի նկատմամբ, նրբանկատ մոտեցում մանրուքների հանդեպ:  Հեղինակի նշանաբանն է`  նկար-սեղմագիր` բովանդակության անսահմանությամբ: Գիծը սանձելու ճանապարհն է ընտրել Սահակը` ձևի նվազագույն ընտրությամբ սկիզբ տալով մտքերի բազմաշառաչ հոսքին: Թղթին հանձնել ոչ թե տեսածը, այլ` զգացածը: Սովորական աչքը կանգ է առնում առարկաների արտաքին շերտի վրա, իսկ նկարչի աչքը ներս է թափանցում, սուզվում առարկաների խորքը, որսում էությունը և հետո, առանձնացնելով այն արտաքին անցողիկ ձևից, փորձում տալ հավիտենական, անորսալի կերպարանք: Գրաֆիկական նկարչությունը, մասնավորաբար, գծանկարը գալիս է հազարամյակների խորքից` ժայռապատկերներ, սափորանկարչություն և այս կերպ յուրովի շարունակում երթը 21-րդ դարում:

Նկարելը Սահակ Էքշիյանի համար ինքնախոստովանանք  է, ամեն գիծը` անսահմանություն, ամեն վրձնահարվածը` դեպի կատարսիս ճանապարհ:  Նկարները նրա հոգեզավակներն են, որոնց դիմաց աստղաբաշխական գումարներն երբեմն անզոր են: Նկարներն իրացնելու խնդիրը խորթ է նրան: «Չեմ սիրում շատ մտածել նկարների «սեփականության» մասին: Որոշները վաճառվում են, որոշները նվիրում եմ, որոշները մնում են ինձ մոտ: Երբեմն նվիրելն ավելի հաճելի է, որովհետև զգում ես, որ գործը գնում է` ձեռք բերելու մի ուրիշ կյանք: Ինձ համար ամենակարևորն ազնիվ լինելն է արվեստում: Ոչ թե` կատարյալ, այլ` ազնիվ: Չվախենալ սխալվելուց, չվախենալ չիմանալուց: Այդ ճանապարհն է ինձ համար կարևոր»,- ասում է Սահակ Էքշիյանը։

Եթերային ֆլեյտահարուհուն որսալիս  քեզ են հասնում  Բախի սի-մինոր սուիտի  ականջահաճո հնչյունները… Դաշնամուրի ստեղնաշարն  արտաբերում է հայկական խազերը` հրաշագործ Հայի անտեսանելի ձեռքերով, վիրավոր նոտագրերը պատմության էջերն են թերթում…, թավջութակի սլացիկ մարմինը ոգեղենության համանվագը պիտի առաջնորդի. կտավում փնտրում ես ենթաշերտեր, ու թվում է` պատրաստվում ես մագաղաթյա պալիմպսեստ կարդալ…  «Կա՛նգ առ, ակնթարթ» ուղերձն  է սկիզբը, որ ձգվում է ու խմորվում լռության մեջ:  Երաժշտությունը Սահակ Էքշիյանի համար պարզապես ներշնչանք չէ. այն նրա արվեստային դրսևորման հիմքն է:  Բախի կառուցվածքային ճշգրտությունը,  Բեթհովենի հուզական խորությունը,  Մոցարտի հստակությունը, Ռախմանինովի քնարական թափը ձևավորել են նրա «տեսողական լեզուն»։

  «Խոսի՛ր, որ Ճանաչեմ քեզ»՝ ըստ Սոկրատեսի կամ Առցանց զրույց Սահակ Էքշիյանի հետ

 – «Զգուշացի՛ր հաջողությունից: Հաջողությունը արվեստագետի ամենավտանգավոր թշնամին է»,- ասել է Գոգոլն Այվազովսկուն:  Դո՞ւք էլ եք այդպես կարծում: Վախենո՞ւմ եք, արդյոք, հաջողությունից:

-Համաձայն եմ: Սկզբում ուրախացնում է, հետո կամաց-կամաց քեզ հարմարավետության մեջ է դնում: Իսկ հարմարավետությունը հաճախ սպանում է որոնումը: Կարծում եմ` այդ միտքը ճիշտ է` հաջողությունը կարող է քեզ շեղել: Ինձ համար կարևոր է չկորցնել կասկածն իմ նկատմամբ: Երբ մտածում ես, թե արդեն հասել ես, հենց այդտեղ էլ դադարում ես աճել:

– Ինչպե՞ս է ծնվում նկարի գաղափարը: Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ոճը:

-Նկարի գաղափարը միշտ չէ, որ հստակ ձևով է գալիս: Երբեմն դա պարզապես  զգացողություն է` տրամադրություն,  երաժշտական պահ կամ նույնիսկ  լույսի խաղ: Այն դանդաղ է ձևավորվում ներսումդ, մինչև մի պահ է գալիս, երբ ուզում ես նստել ու աշխատել: Իմ ոճը չեմ փորձի սահմանել։ Այն փոփոխվում է: Երբեմն ավելի կառուցվածքային է, երբեմն` ազատ: Բայց միշտ կա ռիթմ,  ներքին շարժում, որն ինձ առաջնորդում է: Շատ առումներով իմ նկարները գործում են ինչպես երաժշտական ստեղծագործություններ` կառուցված ռիթմի, կրկնության, հակադրության և ներդաշնակության վրա: Գծերը շարժվում են ինչպես մեղեդիներ, ձևերը փոխազդում են ինչպես ակորդներ: Սև մակերեսը դառնում է մի բեմ, որտեղ լույսը, կառուցվածքը և շարժումը ի հայտ են գալիս` արձագանքելով այն երաժշտության հուզական ճարտարապետությանը, որն ինձ ներշնչում է:

-Ո՞ւմ կամ ի՞նչն եք համարում ներշնչանքի ակունք:

-Ներշնչանքը տարբեր տեղերից է գալիս: Երաժշտությունը շատ մեծ դեր ունի իմ

կյանքում: Բացի դրանից` լռությունը, հիշողությունները, երբեմն նույնիսկ

դատարկությունը: Այն ամենը, որ ինչ-որ ձևով հուզում է, կարող է դառնալ սկիզբ:

 -Ի՞նչ զգացողություններ եք ունենում կտավն ավարտելուց հետո:

 – Երբ ավարտում եմ մի կտավ, միշտ չէ, որ կա ուրախություն: Ավելի շատ կա մի տեսակ լռություն: Կարծես այն արդեն դուրս է գալիս ինձնից ու սկսում իր կյանքը: Երբեմն մտածում եմ` արդյո՞ք ստացա այն, ինչ ուզում էի: Եվ շատ արագ գալիս է հաջորդի կարիքը:

Ձեր կտավները վկայո՞ւմ են, արդյոք, որ Դուք հայ նկարիչ եք:

-Ես հատուկ չեմ մտածում, որ պետք է «հայ» նկարիչ երևամ: Բայց դա, երևի, իմ ներսում է ու ինքն իրեն դուրս է գալիս`առանց ջանքի, այն ձևով, թե ինչպես եմ զգում, ինչպես եմ մտածում, ինչպես եմ կառուցում:

-Ո՞վ է այն նկարիչը, որին ընդունում եք, և ո՞ւմ չեք ընդունում:

– Գուցե չասեմ` ում եմ ընդունում կամ` ոչ: Բայց ինձ հոգեհարազատ են այն արվեստագետները, ովքեր մշտապես փնտրում են: Երբ գործը շատ «հարթ» է, շատ արագ լուծված, ինձ չի հուզում: Ճշմարիտ և մնայուն արվեստը համարձակ քայլերի ճանապարհ է:

Ի՞նչն է Ձեզ մղում դեպի նկարակալը. կտավի առջև նկարիչը հայտնվում է բնազդի  թելադրանքո՞վ, թե՞…

Անկեղծ ասած` մինչև վերջ չեմ կարող բացատրել, թե ինչն է ինձ տանում դեպի կտավը: Կա մի ներքին մղում: Մասամբ բնազդ է, մասամբ` մի բան, որ բառերով չի բացատրվում: Նկարիչը կանգնում է կտավի առաջ ոչ թե միայն իմանալու համար, այլ` բացահայտելու…

ՄԻՈՎ ԲԱՆԻՎ…

«Այսօր իմ աշխատանքը գոյություն ունի կինեմատոգրաֆիական պատմողականության և կերպարվեստի խաչմերուկում, այնտեղ, որտեղ դիզայնի կարգապահությունը հանդիպում է երաժշտության ազատության հետ, և որտեղ յուրաքանչյուր պատկեր` լինի ֆիլմի պաստառ, թե  գեղանկար, ձգտում է առաջացնել զգացմունքային և բանական ընկալում, որը վերժամանակյա է, հուզական և խորապես մարդկային»,-  անկեղծորեն խոստովանում է  նկարիչ-դիզայներ Սահակ Էքշիյանը:

Նրա ընկերները հուշում են այն բազում և անչափելի բարեգործությունների մասին, որոնք նա ուղղել է Մայր Հայրենիքին Անկախությունից ի վեր` թե՛ խաղաղ օրերին, թե՛ Արցախյան պատերազմների տարիներին, սակայն  որոնց մասին նա համեստորեն լռում է, քանզի` «Բայց դու երբ ողորմութիւն անես, թող չ՛իմանայ քո ձախ ձեռքը, թէ ինչ է գործում քո աջը» (Մատթեոս, 6:3):

Սահականուշ Տաճատի Սահակյան

բանասեր, թարգմանիչ, կինոպրոդյուսեր

«Առավոտ» օրաթերթ
12.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031