Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՈԼԻՑԱՅՆԵՐԸ» ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ՞Ն

Հուլիս 23,2002 00:00

«ՊՈԼԻՑԱՅՆԵՐԸ» ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ՞Ն ՌԴ Խիմկի քաղաքի դատարանն այս տարվա մայիսին բավարարեց սպառողի հայցը եւ ապօրինի ճանաչելով «TB-6»-ի հեռարձակման դադարեցումը՝ պարտավորեցրեց այն վերսկսել 3 ամսվա ընթացքում։ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» սպառողների ներկայացուցիչ, Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանի հետ զրույցը սկսեցինք այդ զուգահեռով։ -Ձեր գնահատականով, արդյոք Հայաստանի դատական համակարգը կունենա՞ Ռուսաստանի քաղաքային դատարաններից մեկի համարձակությունը, որը թեեւ «TB-6»-ի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքին, կայացրեց այն վերաբացելու որոշում։ Մեր երկրում կա՞ նման դատավոր։ – Չեմ բացառում, որ Հայաստանում կարող է գոյություն ունենալ նման դատավոր, բայց ներքին համոզմունք ունեմ, որ այս պարագայում նման վճիռ չի կայացվի։ Եվ դատական իշխանությունը հերթական անգամ կդրսեւորի Հայաստանի իշխանությանը բնորոշ վարքագիծ։ Իսկ ես համոզված եմ, որ այսօր Հայաստանում իշխանությունը կարող է երկու բառով բնութագրվել՝ լկտի եւ անգրագետ։ Չեմ կարծում, որ նման իշխանության այս մի թեւն առանձնապես տարբերվի մնացածից։ Եվ կարծում եմ, որ այս դատավորը կղեկավարվի ցուցումներով՝ ոչ թե օրենքով ու սեփական համոզմունքով։ – Թերեւս կան այդպես կարծելու հիմքեր, քանի որ դատավոր Հրաչիկ Հովհաննիսյանն «ինձ դասեր մի տվեք» պատասխանեց, երբ նրան կոչ արեցիք ղեկավարվել Սահմանադրությամբ եւ օրենքներով եւ անտեսել այլ կարգի բոլոր ազդեցությունները։ – Համոզված եմ, որ նրան դասեր տալիս են, եւ մեր դասերի կարիքը չունի։ Եվ չեմ կարծում, թե այս պարագայում մենք գործ ունենք ինքնուրույն դատավորի հետ։ Դրա ապացույցն այն է, որ նա կես կամ մեկուկես ժամով հեռանում էր՝ իբր մեր միջնորդությունների պատասխանը որոշելու համար, որը կարող էր անել մեր ներկայությամբ։ Բայց նա թաքնվում էր իբր «խորհրդակցական սենյակում». ես չգիտեմ, թե որտեղ էր նա գտնվում այդ ընթացքում կամ ինչ ցուցումներ էր ստանում։ Այս ամենը վկայում է, որ իշխանությունները շատ լավ գիտակցում են, թե ինչ հանցանք են գործել։ Ցանկացած պարկեշտ մարդ կասկած չի կարող ունենալ, որ ոչ թե այս 36 սպառողն են տուժել, այլ հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են իրենց սիրած հեռուստահաղորդումները դիտելու հնարավորությունից։ Ավելին՝ զրկվել են ընտրության հնարավորությունից, քանի որ այն, ինչ ներկայացնում էին «Ա1+»-ը եւ «Նոյյան տապանը», հեռուստաեթերում այլեւս գոյություն չունի։ Հետեւաբար, դատավորի այն «միամիտ» հարցը, թե մեր ո՞ր իրավունքներն են խախտվել, վկայում է միայն այն մասին, որ վճիռն արդեն կանխորոք կայացված է՝ մերժե՛լ։ Սրանով էր նաեւ պայմանավորված, որ դատավորը չցանկացավ հրավիրել պատասխանող կողմին՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին։ Նրանք միասին որոշել էին, թե մեզ ինչ պիտի պատասխանեն, էլ ի՜նչ դատարան հրավիրել, ի՜նչ հարցնել։ – Դատավորին նաեւ ասացիք, թե սպառողների միջնորդությունների մեջ օրենքների խախտումներ են նշված, որ հանցագործություններ են, եւ իզուր է նա իր վրա պարտավորություն վերցրել պաշտպանել հանցագործներին։ Ձեր կարծիքով, նա սեփական նախաձեռնությա՞մբ է այդպես վարվում, թե՞ դա նրան պարտադրում են իշխանությունները։ – Ես համոզված եմ, որ պարտադրում են։ Կայացվել է քաղաքական վճիռ։ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» փակումով իշխանությունը պատերազմ է հայտարարել քաղաքացիներին, եւ այն շարունակվում է։ Եվ պետք է խոստովանել. դրա համարժեք արձագանքը դեռեւս չկա։ Բարեբախտաբար, Հայաստանում ձեւավորված օրենսդրական դաշտն այնպիսին է, որ ցանկացած պաշտոնատար անձի քայլ՝ կապված քաղաքական շահերի ոտնահարման հետ, բերում է հանցագործության։ Նրանք այլ ճանապարհ այլեւս չունեն եւ լավ են գիտակցում, որ ոտնահարել են քաղաքացիների շահերը եւ կատարել հանցագործություն։ Հետեւաբար՝ պիտի թատրոն խաղան ու միամիտ հարցնեն՝ ո՞ր որոշման դեմ եք բողոքում։ Որեւէ հարցի հստակ պատասխան չպիտի տան։ – Դժբախտաբար, այս հայցի քննությունը հանձնարարվեց այնպիսի մի դատավորի, որը խաղաղ ցույցերի եւ երթերի իրենց սահմանադրական իրավունքը կիրառած 5 անձանց ենթարկել էր վարչական պատասխանատվության։ Որեւէ հույս չկա, թե այժմ էլ նա վճիռ չի կայացնի, որ «Ա1+-ի եւ «ՆՏ»-ի փակումով չի խախտվել եւ ոչ մեկի տեղեկություններ ստանալու իրավունքը։ – Այս առնչությամբ պիտի մի նկատառում հայտնեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից 40-50 տարի անց էլ դատում էին այն մարդկանց («պոլիցայների» եւ այլն), ովքեր ծառայել էին ֆաշիստական վարչակարգին։ 80-90 տարեկան մարդկանց հրավիրում էին դատարան եւ պահանջում, որ նրանք պատասխան տան իրենց անօրինականությունների համար։ Դատարանի դահլիճում մտածում էի, թե հավանաբար մենք էլ պետք է այդ փուլն անխուսափելիորեն ապրենք, եւ ներկայիս «պոլիցայները» պետք է պատասխան տան հասարակությանը, թե ինչո՞ւ են ոտնահարել օրենքները, ինչո՞ւ են հանուն իշխանության գործել հասարակության շահերի դեմ, ո՞վ էր խանգարում այդ խուլիգանին՝ Ամալյանին, հրաժարական տալ, քան թե անօրինական վճիռ կայացնել։ Ո՞վ է խանգարում այս դատավորին, եթե նա համարձակություն չունի օրենքին հետեւելու՝ հանդես չգալ որպես դատավոր, սկզբունքայնություն դրսեւորել, հրաժարվել հանցագործություն պարտակելուց։ Եվ սա վրեժխնդրություն չէ. մինչեւ չապրենք այս փուլը, եւ հասարակական շահերին հակառակ գործող պաշտոնատար անձինք պատասխանատվության չենթարկվեն՝ չենք ձեւավորի այն համոզումը, որ մարդկանց իրավունքներն ամեն ինչից վեր են։ Եվ այն դյուրագրգռությունը, լկտիությունը, որ այժմ դրսեւորվում է՝ գալիս է այն համոզմունքից, թե այդ պահը հասունանում է։ Կարծում եմ, անխուսափելի է՝ թե՛ Ամալյանը, թե՛ այս գործը քննած դատավորները պետք է պատասխան տան մի օր, թե ինչն է իրենց ստիպել հասարակական շահերին դեմ վճիռներ կայացնել, ենթարկվել ապօրինի իշխանության ապօրինի պահանջներին։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել