Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱԾԱՂԿՈՒՆ

Հոկտեմբեր 17,2002 00:00

«ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱԾԱՂԿՈՒՆ ԺԱՄԱՆԱԿՆ Է» Համոզված է Նիկոլայ Ռիժկովը -Նիկոլայ Իվանովիչ, «Հոկտեմբերի 27»-ից երեք տարի է անցել։ Դուք, կարծեմ, ուշադիր եք Հայաստանի նկատմամբ, անշուշտ ունեք Ձեր գնահատականը՝ ինչպիսի՞ն էր Հայաստանը մինչ «Հոկտեմբերի 27»-ը եւ ինչպիսի՞ն է դրանից երեք տարի անց։ Ի՞նչն է փոխվել Հայաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերություններում «27»-ից հետո։ – Հարցի վերջին մասը ճիշտ կլինի տալ ձերոնց, քան՝ ինձ, սակայն, այնուամենայնիվ, ես կարծում եմ՝ այն սուր ցավը, որ կար «27»-ից հետո, այն այլայլվածությունը, որ կար այդ ժամանակ Հայաստանում, այն իրավիճակը, երբ պարզ չէր, թե ո՞վ է մեղավոր, ինչո՞ւ արվեց, իմ կարծիքով, պարզապես այժմ անցել է։ Ինչ-որ չափով ժամանակը գուցե մեղմել է ողբերգության սրությունը։ Ինձ թվում է, հիմա սկսվել է ավելի ստեղծագործ գործընթաց։ Վիշտը մնում է վիշտ, բայց կյանքը կյանք է, պետք է շարունակել ապրել։ Ընդհանուր պատկերը վկայում է, որ մարդիկ սկսել են զբաղվել ավելի ռեալ գործերով, գուցե մի փոքր հանգստացել են։ Ինչ վերաբերում է մեր եւ ձեր փոխհարաբերություններին, ապա, իմ կարծիքով, այսօր այդ հարաբերությունների ամենածաղկուն վիճակն է։ – Դուք վստա՞հ եք, որ այդպես է։ – Կարծում եմ՝ այո։ Տեսեք՝ մեկ տարի առաջ Պուտինը եկավ, դրանից հետո մի քանի անգամ Կլեբանովը ժամանեց, լուծվում է պարտքի հարցը։ Հիմա մենք ենք եկել՝ մի քանի նահանգների ներկայացուցիչների հետ… – Ելցինը եւս այստեղ է, կարելի է կարծել՝ Ռուսաստանը տեղափոխվել է Հայաստան։ – Այո, Ելցինը եւս այստեղ է, կարծեմ Խակամադան եւս պետք է ժամանի, սպասվում է Կասյանովի այցը, այսինքն՝ հանդիպումների մի ամբողջ սերիա, որը խոսում է ակտիվ փոխհարաբերությունների մասին։ Սա պետք է ողջունել։ – Այսպիսի մի «փիս» հարց՝ Դուք կարծում եք այս ամենը չէր լինի, եթե տեղի ունեցած չլինե՞ր «Հոկտեմբերի 27»-ը։ Ես ինքս այդպես չեմ կարծում, բայց Ձեր պատասխանն է հետաքրքիր։ – Այս ամենը կապված չէ «27»-ի հետ, որովհետեւ «27»-ից մեկ թե երկու շաբաթ առաջ ես հանդիպել եմ Կարեն Դեմիրճյանի հետ (այն ժամանակ նա պաշտոնական այցով ժամանել էր Մոսկվա) եւ, հաշվի առնելով մեր բարեկամական հարաբերությունները, մենք երկար ենք խոսել։ Ես գիտեմ, որ նա ամեն ինչ անելու էր Ռուսաստանի հետ կապերի ուժեղացման համար։ Ես կարծում եմ, որ եթե տեղի չունենար «Հոկտեմբերի 27»-ը, միեւնույն է, մեր երկու երկրների հարաբերությունները միանշանակ զարգանալու էին այս ուղղությամբ։ – Ձեր կարծիքով ինչո՞ւ է ժամանել Բորիս Ելցինը։ Հաշվի առնելով նրա քաղաքական կշիռը, չեմ կարծում, թե այս այցը սովորական է եւ պատահական։ Թերեւս ինչ-որ լուրջ պատճառ կա։ – Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Գիտեք, երբ ես ներկայացնում էի կառավարությունը եւ պաշտոնական այցեր էի կատարում, միշտ ասում էի՝ երբ անցնեմ թոշակի, կրկին կայցելեմ բոլոր այն երկրները, որտեղ եղել եմ պաշտոնապես։ Քանի որ երբ դու բարձր պաշտոն ես զբաղեցնում, ենթարկվում ես արարողակարգի պահանջներին յուրաքանչյուր րոպե՝ ուր գնալ, ուր թեքվել, փաստորեն, տվյալ երկրում գրեթե ոչինչ չես տեսնում։ Սա իրականությունն է եւ միայն ինձ հետ չէ, որ պատահել է։ Յուրաքանչյուր ղեկավար պաշտոնավարման ընթացքում այս վիճակում է։ Գուցե Ելցինը հնարավորություն է ստացել կրկին այցելել Հայաստան, առաջին անգամ ամեն ինչ տեսնել հանգիստ, առանց շտապելու։ Ոչ ոք նրան չի կարող ասել՝ թեքվիր, քայլիր, գնա այնտեղ, ժպտա։ Ուրիշ պատճառ ես չեմ տեսնում։ Եթե մտածենք, որ նա ինչ-որ կերպ կազդի Հայաստանի քաղաքականության վրա, մեր փոխհարաբերությունների վրա, ապա դրանք առանց այդ էլ հոյակապ են։ – Իսկ Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների՞ վրա: Այսօր Բորիս Ելցինը պետք է հանդիպի Լեւոն Տեր-Պետրոսյանին (հարցազրույցն արվել է հոկտեմբերի 15-ին.- Մ. Ե.), թեպետ Հայաստանում է գտնվում Ռ. Քոչարյանի հրավերով։ – Հետո ինչ, այսօր մենք եւս պետք է հանդիպենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին՝ գուցե միայն անուղղակի ձեւով։ Չէ որ նա այսօր իշխանության մեջ չէ։ Նա կարող է պարզապես ցույց տալ, որ լավ է վերաբերվում Քոչարյանին։ Սակայն ասել, որ նա հայկական ինչ-որ ուժեր առաջ կքաշի, որպեսզի վերջիններս հանդես գան հօգուտ Քոչարյանի, չեմ կարծում։ Միայն՝ անուղղակի։ Ասել, թե նա եկել է ինչ-որ մեկին «սեղմելու», ոչ, այդպես չեմ կարծում։ – Դուք ինչ-որ բան գիտե՞ք հայկական ընդդիմության մասին։ – Ոչինչ չգիտեմ, միայն հիմա, երբ թեյ էինք խմում, խոսքի մեջ իմացա, որ միավորվել են 16 կուսակցություն թե միավորում։ – Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են ընդդիմության մեջ Կարեն Դեմիրճյանի որդին եւ Վազգեն Սարգսյանի եղբայրը։ – Ոչինչ ավելին չգիտեմ։ Նրանց հետ որեւէ կապ չունեմ։ Ես ճանաչում եմ Ստեփան Դեմիրճյանին՝ Կարեն Դեմիրճյանի որդուն, լավ կարծիքի եմ։ – Հնարավոր է նա եւս իր թեկնածությունն առաջադրի նախագահական ընտրություններում, դուք սա ինչպե՞ս եք գնահատում։ – Չէի ուզի այդ հարցին պատասխանել զուտ էթիկական դրդապատճառներով։ – Ինչպե՞ս եք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունները։ Այս հարաբերությունները կարո՞ղ են ինչ-որ կերպ ազդել, խանգարել հայ-ռուսական փոխհարաբերություններին։ – Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի դիրք կբռնի Հայաստանի ղեկավարությունը, առաջին հերթին՝ նախագահը։ Եթե նա ամբողջությամբ նետվի ԱՄՆ-ի գիրկը, ապա, անկասկած, ինքը օդից կախված կլինի, նշանակում է՝ կթուլանան հարաբերությունները ռուսական կողմի հետ։ Ես կարծում եմ, Քոչարյանը բավարար խելք ունի ԱՄՆ-ի գիրկը չընկնելով չխզել հարաբերությունները։ Ամեն դեպքում, ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է։ Ես չեմ ասում, որ նա խզի կապերը ԱՄՆ-ի հետ, պատերազմի, նույնիսկ լավ վեճը վատ է… ձեզ հայտնի է՝ ինչից։ Բայց, ինձ թվում է, վերջին շրջանում Քոչարյանը բավականին կտրուկ շրջադարձ է կատարել դեպի Ռուսաստան (այսպես եմ ենթադրում թերթեր կարդալով եւ հեռուստացույց դիտելով), այնուամենայնիվ՝ էական շրջադարձ, Ռուսաստանի կողմը։ – Ձեր կարծիքով, չափից դուրս երկար չի՞ ձգձգվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ – Այդ հարցի մեջ չեմ խորանում, պարզապես դիտում եմ կողքից, ասել, թե ես ապրում եմ դրանով, գիտեմ հարցի հետ կապված բոլոր մանրամասները՝ ճիշտ չի լինի։ Եվ եթե ես քիչ բան գիտեմ կամ ոչինչ չգիտեմ, չեմ ուզում մեկնաբանություններ անել։ Ես վախենում եմ սխալվել։ Այնպես ստացվեց, որ ինձ համար Ղարաբաղը մնաց մի կողմ։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել