Լրահոս
Օրվա լրահոսը

Անպատժելիության երաշխիքներ

Մայիս 03,2003 00:00

Անպատժելիության երաշխիքներ Ինչո՞ւ եւ ինչպե՞ս են խփում ՍԴ-ԻՆ Ստեփան Դեմիրճյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշումից մեկ-երկու օր էլ չէր անցել, երբ ՀՀ նախագահը, վարչապետը, գլխավոր դատախազը, Արդարադատության խորհուրդը, ԿԸՀ-ն շտապեցին իրենց բացասական արձագանքով հանդես գալ։ Ընդ որում, այս շտապ արձագանքը պարզապես տարօրինակ է, քանի որ վերոհիշյալ ատյանների եւ ՍԴ որոշման ամբողջական տեքստը, այսինքն՝ բուն որոշումը ուղարկված է (ըստ ՍԴ մասին օրենքի 69-րդ հոդվածի) երեք օրվա ընթացքում ու ապրիլի 16-ին եթերից հնչած որոշման ամբողջական տեքստը ապրիլի 17-ին հայտարարությամբ հանդես եկողները որոշման տեքստերը դեռ չունեին։ Առաջին ջղաձիգ խոսքն ասաց երկրի նախագահը։ Ռոբերտ Քոչարյանի ասածի իմաստը մեկն էր՝ անփոփոխ եք թողել ԿԸՀ որոշումը, լավ եք արել, ինչը եւ պահանջվում էր ձեզնից, իսկ այն առաջարկությունը, որ արել եք, ընդունելու մտադրություն չունեմ. «քանի որ իմ ստացած 67,5 տոկոսը փաստ է»։ Չգիտես ինչու, ՍԴ-ի քարկոծման գործընթացին խառնվեց գործադիր մարմնի ղեկավար վարչապետը։ Մինչդեռ ՍԴ որոշման մեջ կառավարությանն ուղղված որեւէ խոսք չկար։ Վարչապետն էլ, իր հերթին, «ծանրակշիռ» խոսք ասաց, որում շեշտեց թե իր անունից, թե կառավարության անդամ հանրապետականների անունից (որոնք, ի դեպ, կառավարության 2/3-ն են կազմում)։ Երրորդ օպերատիվ արձագանքը («մասնագիտական»՝ ըստ գլխավոր դատախազի) եղավ գլխավոր դատախազության կողմից։ Ընդ որում, հայտարարությունն արվեց բավականին կոպիտ ձեւով։ Որոշ լրատվամիջոցների հրապարակած այդ հայտարարության մեջ ասվում է, թե գլխավոր դատախազությունից պարզաբանումներ ստանալու համար ԶԼՄ-ների առանձին միջոցներ դիմեցին ՀՀ գլխավոր դատախազին։ Հետաքրքիր է, թե առանց որոշման տեքստն ունենալու, ինչը պարզելու նպատակով էին գլխավոր դատախազին իբր դիմել որոշ ԶԼՄ-ներ։ Ընդ որում, դատախազությունն էլ գրում է. «հիմք ընդունելով այդ դիմումները…», մի բան, որի իրավունք դատախազությունը չունի։ Իրականում դատախազությունն ինքն իրեն «հիմք» է ստեղծել իր հաղորդագրությունը տարածելու համար։ Սրա իմաստը հետեւյալն է՝ ՍԴ-ն իր որոշմամբ գերազանցել է օրենքով վերապահված լիազորությունները, ինչ-որ հանձնարարականներ է տվել գլխավոր դատախազությանը, վերախմբագրել է Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ըստ էության, իրեն օժտելով օրենսդիր մարմնի իրավասությամբ։ Դժգոհության պատճառը պարզ է։ ՍԴ որոշմամբ հնարավորություն էր տրված գլխավոր դատախազությանը մինչեւ մայիսի 20-ը, այսինքն մինչեւ խորհրդարանական ընտրությունները գտնել ընտրակեղծարարներին եւ արդյունքների մասին տեղեկացնել ՍԴ-ին եւ հանրությանը։ Գաղտնիք չէ, որ մինչեւ այսօր ընտրական իրավունքի խախտումների համար գրեթե ոչ ոք պատասխանատվություն չի կրել, ինչն, ի դեպ, արձանագրեց նաեւ լորդ Ռասել Ջոնսթոնը, եւ դա առաջին հերթին շնորհիվ գլխավոր դատախազության անգործության։ Ակնհայտ է, որ գլխավոր դատախազության հաղորդագրությունը մեկ ենթատեքստ ունի՝ ոչ մեկիդ պատասխանատվության չենք ենթարկելու, հանգիստ եղեք, ես տեր եմ։ Սահմանադրության մեկնաբանումը, ուզենք, թե չուզենք, դա մեզ դուր է գալիս, թե ոչ՝ Սահմանադրական դատարանի միակ անբեկանելի իրավասությունն է։ Ի դեպ, գլխավոր դատախազության զարմանքը, թե ինչո՞ւ է ՍԴ-ն իրեն հանձնարարական տվել, եւս զարմանալի է, քանի որ դեռեւս 96 թվին, նաեւ՝ Արտաշես Գեղամյանի դիմումի քննությունից հետո, ՍԴ-ն հանձնարարականներ է տվել գլխավոր դատախազությանը եւ նա դրանք կատարել է։ Ուրեմն հիմա ի՞նչ պատահեց, որ հանձնարարականները Ստեփան Դեմիրճյանի գործով «խոցեց» գլխավոր դատախազությանը։ «Արագ արձագանքման» շարքը շարունակվեց Արդարադատության խորհրդի հայտարարությամբ։ Գաղտնիք չէ, որ Արդարադատության խորհուրդը կոլեգիալ մարմին է եւ իր կենսագրության ութ տարիների ընթացքում այս մարմինը ոչ մի անգամ հայտարարություն չի արել, այլ տվել է միայն եզրակացություններ, ինչին լիազորված է Սահմանադրությամբ։ Արդարադատության խորհրդի հայտարարությունից հետո եւս կասկածները հաստատվեցին՝ տպավորությունն այնպիսին էր, որ արված բոլոր հայտարարությունները գրվել են նույն տեղում եւ նույն ձեռագրով։ Հայտարարության իմաստն էլ նույնն է՝ չենք պատրաստվում կատարել ՍԴ որոշումը. «ՍԴ որոշման ՀՀ Արդարադատության խորհրդին ուղղված մասը զուրկ է իրավական հիմնավորումից, հակասում է ՀՀ Սահմանադրության 5, 95, 97, 100 հոդվածներին, ինչպես նաեւ Արդարադատության խորհրդի մասին օրենքին»։ Որ կետերին՝ նշված չէ։ Մինչդեռ հայտնի է, որ ՍԴ որոշումները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն, եթե նույնիսկ դրանք այնքան էլ դուրեկան չեն։ Վերլուծելով ՍԴ որոշման շուրջ ծագած այս իրարանցումը, կարելի է եզրակացնել, որ «խփեք՝ ես տեր եմ» կարգախոսը գործում է եւ գործելու է խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Մի շարք պետական կարեւորագույն մարմիններ զբաղված են մի շատ ավելի բարձր ու պատասխանատու դիրք զբաղեցնող պետական մարմնի քարկոծմամբ, փաստորեն՝ փայլուն կատարելով «շեֆի» պատվերը։ Իսկ ո՞ւր մնացին քաղաքական ուժերի, պետական պաշտոնյաների այն հայտարարությունները (մինչեւ ՍԴ որոշումը), որ նրանք սրբորեն կկատարեն ՍԴ որոշումը, ինչպիսին որ այն լինի։ Եթե չեն կատարում ՍԴ որոշումը, պետք է գործի օրենքով սահմանված պատասխանատվությունը, այլապես վտանգվում է երկրի ողջ սահմանադրական կարգը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել