Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ԵՂԲՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ

Հոկտեմբեր 10,2003 00:00

ՓՈՔՐ ԵՂԲՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ Օրերս Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարում Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստանում ռուսական ավելի շատ ընկերությունների ներկայացված լինելու ցանկության մասին: Նրա գնահատմամբ, «երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերությունը ծառայում է այդ երկրների կայունության եւ տնտեսական առաջընթացի գործին»: Հայաստանի տնտեսության նկատմամբ Ռուսաստանի այս հետաքրքրությունը հեռանկարային առումով մտահոգության տեղիք է տալիս: Արձանագրենք, որ Հայաստանի էներգետիկ համակարգի անվիճելի մեծամասնությունն այսօր արդեն Ռուսաստանի հսկողության տակ է: Էլեկտրաէներգիա արտադրող Հրազդանի ՋԷԿ-ը սեփականության իրավունքով «Գույք պարտքի դիմաց» բանաձեւով արդեն գտնվում է Ռուսաստանի կառավարության տրամադրության տակ: Ատոմակայանը ֆինանսական կառավարման է հանձնվել ռուսական ընկերության, որը մեր օրենսդրությամբ նույնպես սեփականության մի ձեւ է, չնայած բաժնետոմսերի 100 տոկոսը մնացել է Հայաստանի սեփականության ներքո: Ռուսական ընկերության է պատկանում նաեւ «Սեւան-Հրազդանյան կասկադը», որի մեջ են մտնում մի քանի հիդրոէլեկտրակայաններ: Հայաստանի էներգետիկ համակարգի մյուս հսկան՝ «ՀայՌուսգազարդը» համասեփականության իրավունքով ռուսական «Գազպրոմին» է պատկանում: Նկատենք, որ էներգետիկ համակարգում այսքան հնարավորություններն արդեն իսկ վերահսկողության մեծ լծակներ են ապահովում: Այս ընկերությունների միջոցով ցանկացած պահի մեր երկրին կարելի է ուզածդ թելադրել: Եթե ժամանակի ընթացքում ռուսական ընկերություններն այս ամենին հաջողացնեն գումարել մեր տնտեսության եւս մի քանի ոլորտների ազդեցիկ ընկերությունների բաժնետոմսեր կամ Ռուսաստանում արդեն գործող ընկերություններով նշանակալի ներկայություն ապահովեն, ասենք, կապի ոլորտում, ապա վերջնականապես կամրագրվի փոքր եղբոր մեր կարգավիճակը, որի հետ հաշվի էլ չեն նստում կարեւոր հարցեր քննարկելիս: Ի դեպ, նման խնդիր չունի Ադրբեջանը՝ Արեւմուտքի նկատմամբ: Մեր հարեւանների առավելությունը մեր նկատմամբ այն է, որ նրանք ոչ թե, ասենք, նավթ արդյունահանող ընկերություններն են վաճառում, այլ նավթը որպես ապրանք: Ինչն ընդհակառակը, գնորդին՝ Արեւմտյան երկրներին է կախման մեջ դնում: Այս պարագաներում, բնականաբար, մեր «ռազմավարական գործընկերը» նախ եւ առաջ կարեւոր հարցերի լուծման ակնկալիքով պետք է ավելի շատ ջանա այն երկրի համակրանքը շահել, որի վրա ազդեցության քիչ լծակներ ունի: Մեր պարագայում դրա կարիքը չի ունենալու, որովհետեւ հակառակ դեպքում գործի կդնի իր վերահսկողության լծակները: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031