Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա տեղի է ունեցել այլասերում»

Դեկտեմբեր 03,2003 00:00

«Հիմա տեղի է ունեցել այլասերում» Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վերլուծեց ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը «Վերջին 5 տարում 320 հազար գյուղացիական ակտիվ տնտեսությունից մնացել է կեսը: 1/3-ով ոչնչացրել են հողային ռեֆորմի արդյունքները: Անհող գյուղացիությունը նշանակում է պետության վերջ: Հիմա գյուղացին զիջում է հողերը՝ մշակելու դժվարություններ ունենալու պատճառով, լեռնային գյուղերում ջրի գնով առնում են գյուղացու հողերը, իսկ նա իբր ուրախ է, որ հողից ազատվեց, համ էլ որպես բատրակ աշխատում է: Անհող գյուղացին հայրենիք չի պահպանում, պետություն չի պահպանում, հայրենիքի հոգս չի կրում՝ սա բացարձակ ճշմարտություն է: Հայրենասիրությունը ոչ միայն վերացական հոգեւոր հասկացություն է, այլեւ նյութական պրակտիկ դրսեւորում ունի: Ես բոլոր լիբերալների խնդիրն եմ համարում հասարակությանը սա բացատրելը: Քաղաքական իրադարձությունները՝ ազնիվ կամ անազնիվ ընտրություններ, ելույթներ եւ այլն, ես ճիշտ է, հարգում եմ, բայց մեր պատմությունը ցույց է տալիս, որ սոցիալ-տնտեսական իրականության հիմքը կազմող ինստիտուտների էվոլյուցիան է պայմանավորում վերջնական փոփոխությունը»,- այդպիսի վերլուծությամբ երեկ հանդես եկավ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ «Համաձայնություն» կենտրոնի կազմակերպած «Հասարակական ինստիտուտների էվոլյուցիան Հայաստանում» թեմայով սեմինարին: Պարոն Բագրատյանը հիշեցրեց, որ չորս անգամ էլ հայկական պետականությունը փլուզվել է ոչ թե արտաքին, այլ ներքին խնդիրների պատճառով: Իսկ ներքին խնդիրները հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթ են կրել: Նա անդրադարձավ նաեւ հարկային քաղաքականության խնդիրներին: «Սխալ հարկային քաղաքականությունը 10 տարում շատ ավելի վատ է, քան մի պարտությունը ճակատամարտում»,- նկատեց պարոն Բագրատյանը: Իր զեկույցում բերելով միայն պաշտոնական թվեր, նա նկատեց, որ 2,5 մլրդ դոլարի համախառն ներքին արդյունք ունեցող երկրում պիտի տարեկան հաշվեկշիռներում հայտնվեր 400-450 մլն դոլարի շահույթ, այնինչ «այս տարի ընդամենը 30 մլն դոլարի շահույթ կա գրված: Ստացվում է, որ ամբողջ հանրապետության բիզնեսը բարեգործություն է»: Նախկին վարչապետը նաեւ նկատեց, որ եթե իրենք էլ նույն ձեւով չափեին տնտեսական աճը, ինչպես ներկա իշխանությունները, ապա 90-ականների կեսերին կգրանցեին 26 տոկոս աճ: Պարոն Բագրատյանն անընդհատ շեշտում էր, որ իր կառավարության անդամներից ոչ ոք խոշոր սեփականատեր չէր՝ ի տարբերություն ներկայիս կառավարության. «Կառավարելու համար մարդը պետք է չեզոք լինի, այդ բիզնեսում շահ չունենա, լիբերալների համար կարեւոր սկզբունք է՝ սեփականության եւ կառավարության տարանջատումը: Իսկ հիմա տեղի է ունեցել այլասերում: Խոշոր սեփականատերերին խորհրդարան մտցնելով՝ գնում են պետության ոչնչացման, այլասերումների»: Այնուամենայնիվ, պարոն Բագրատյանը գտավ մի սխալ, որ ունեցել է ընդհանուր առմամբ անսխալական ՀՀՇ-ն. «Իմ կառավարությունը մի սխալ ուներ՝ երկու քայլ առաջ էր իրականությունից, եւ հասարակությունը մեր հետեւից չեկավ՝ պաշտպանելու այդ արժեքները: Մենք միշտ մտածում էինք, որ դեռ կհասցնենք այդ ամենը բացատրել հանրությանը…»: Ի դեպ, ազատականության մասին: Սեմինարի ավարտին պարոն Բագրատյանին խնդրեցի պատասխանել մի հարցի: Նա կոպտորեն մերժեց, նույնիսկ չցանկանալով լսել իմ հարցը: Իսկ հարցս հետեւյալը պետք է լիներ. «Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հասարակությունը մինչեւ հիմա չի կարողանում ներել ՀՀՇ-ի այն թերությունները, որոնցից ոչ մի իշխանություն ապահովագրված չէ, սակայն աչք է փակում ներկա իշխանությունների հարյուրապատիկ ավելի ծանր մեղքերի վրա»: Երեկ իր վերաբերմունքով, պարոն Բագրատյանն ըստ էության պատասխանեց հարցիս: Եթե ՀՀՇ-ն բարեհաճեր ժամանակ տրամադրել հասարակությանը, ժողովրդին, բացատրեր իր քայլերը, անգամ հայտնի «բագրատյանական շոկային թերապիան» այդքան ցավագին չէր ընդունվի: Այնինչ, միարժեքորեն վստահ լինելով սեփական անսխալականությանն ու անքննադատելիությանը, հհշական կառավարությունը երբեք չիջավ իր բարձունքներից, ժամանակ չգտավ խոսելու ժողովրդի հետ: Այդպես էլ ձեռք չբերելով հասարակության եւ, մասնավորապես, մամուլի հետ շփվելու կուլտուրա, նախկին վարչապետը կոչ է անում՝ «համախմբվենք լիբերալներով, փրկենք մեր պետությունը»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել