Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

Դեկտեմբեր 12,2003 00:00 Share

ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ 2003-ի նախագահի ընտրության ընթացքում ցույցերի մասնակցելու համար 35 կալանվածներից, որոնք մտադիր էին իրենց իրավունքները պաշտպանել Եվրոպական դատարանում՝ մնացել են 8-ը: Այդ փաստը մեզ հայտնեց Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: – Վարչական կալանքի ենթարկվածները, Հայաստանի դատական ատյաններում չկարողանալով վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները՝ դիմել էին Ձեզ իրենց գործերը Ստրասբուրգ ուղարկելու համար: Ի՞նչ ընթացք են ստացել նրանց բողոքները: – Եվրոդատարան ենք ուղարկել շուրջ 8 գործ՝ «Վարչական օրենսգրքի» 3 հոդվածներով՝ «Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման եւ անցկացման սահմանված կարգի խախտումը», «Մանր խուլիգանություն» եւ «Միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը»: Ուղարկվել են 3 գործի հիմնական նյութերը, իսկ 5 գործով տանում ենք նախապատրաստական աշխատանքներ: 8 գործերով էլ վարչական կալանք է կիրառվել քաղաքացիների նկատմամբ: Ուսումնասիրել էինք այլ գործեր եւս: 8-9 հոգի հրաժարվեցին, թեեւ իրենք էին խնդրել, որ շարունակություն ունենա եւ գործը լսվի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում: – Ինչպե՞ս են պատճառաբանել հրաժարվելը: – Մի քանիսը հրաժարվեցին հոկտեմբերի 17-ի հանրահավաքից հետո: Հիմնավորումը մոտավորապես այս էր, թե չեն ցանկանում ավելորդ տեղն ընկնել գլխացավանքի մեջ: Կային նաեւ մարզերի բնակիչներ, որոնք, ինչքան հասկացա՝ արդեն իրենց հարցերը լուծել էին տեղական մակարդակով: Նրանցից մեկն, ասենք, պատճառաբանեց, թե արդեն աշխատանք ունի եւ այլեւս չունի իրավունքների վերականգնման խնդիր: 3-4 գործ էլ ինքներս չուղարկեցինք Եվրոդատարան, քանի որ այլ լուծում էին հետապնդում՝ ուզում էին ստանալ քաղաքական ապաստան: Ուստի խնդրում էին ամպագորգոռ ձեւակերպումներ տալ, որոնք չէին համապատասխանում իրականությանը: Մենք էլ ասացինք, որ չենք զբաղվում նման հարցերով: – Ստրասբուրգից որեւէ արձագանք կա՞ այն գործերի առնչությամբ, որոնք արդեն ուղարկել եք: – Պատասխան ենք ստացել, որ դրանք մուտքագրվել են եւ շուրջ 3 շաբաթ ժամանակ է տրվել, որ այդ ընթացքում ամփոփենք ամբողջ փաթեթը: – «Ժողովրդավարական Հայրենիք»-ի նախագահ Պետրոս Մակեյանին վարչական կալանքի ենթարկելու գործի առնչությամբ արդեն իսկ մերժում եք ստացել ԵԴ-ից: Հայտնի՞ են պատճառները, թե ինչու այն չընդունվեց վարույթ: – Երեք դատավորներից կազմված կոմիտեն նոյեմբերի 18-ին որոշում է ընդունել, թե հիմնավոր չէ այդ գործը վարույթ ընդունելը: Այս փուլում Եվրոդատարանը չի անելու մեկնաբանություններ: Ակնկալում ենք, որ դրանք կարվեն մեկ տարվա ընթացքում: – Արդյոք այս մերժումը նախանշա՞ն չէ, որ վարչական կալանքի վերաբերյալ մյուս գործերին էլ է սպասվում նույն ճակատագիրը: – Ո՛չ: Պետրոս Մակեյանի գործը, ճիշտ է, նմանատիպ է, բայց կա ժամանակագրական խնդիր: Այդ դեպքը տեղի էր ունեցել 2001-ի սեպտեմբերի 8-ին: 2002-ի ապրիլի 26-ին ԱԺ-ն վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ Եվրոպական դատարանի իրավազորությունը տարածվեց Հայաստանում: Իսկ Մակեյանի գործի վերաբերյալ որոշումները կայացվել էին մինչեւ վավերացումը. միայն Վճռաբեկ դատարանի վճիռը եղավ 2002-ի մայիսին: Կան նախադեպեր, որ շատ գործեր Եվրոդատարանը մերժում է ընդունել վարույթ՝ պատճառաբանելով ժամանակագրական խնդիրը: ԵԴ-ն չի ցանկանում նախադեպ ստեղծել, որ անդամակցող երկրների քաղաքացիները կարողանան դիմել մինչեւ կոնվենցիայի լիարժեք վավերացումը: – Մեր դատական համակարգի մասին. Տնտեսական դատարանը մինչեւ դեկտեմբերի 29-ը հետաձգեց «Ա1+»-ի դիմումի քննությունը, որով ՀՌԱՀ-ին պիտի պարտադրվեր հիմնավորումներ ներկայացնել արտոնագիր մերժելու կապակցությամբ: Ինչո՞վ է պայմանավորված այս հերթական ձգձգումը: – Այս պարզ գործը մուտք է արվել սեպտեմբերի 29-ից, բայց մինչ այժմ 2 դատական նիստ է եղել, որից մեկն էլ՝ ոչ լիարժեք: Կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ ենք շտապում: Սակայն մերժման հիմքերն ենք ուզում, որ վիճարկենք մրցույթը: Եվ երբ այժմ նման ձգձգումների միտումներ են դրսեւորվում՝ ուզում եմ հիշեցնել, որ 2002-ի ապրիլի 2-ի մրցույթի վիճարկման ժամանակ դատարանը «Մելտեքսին» չէր տրամադրում անգամ մեկ օր: Ապրիլի 25-ին դատարանը տեղում վճիռը կայացրեց, իսկ 26-ին Հայաստանը վավերացրեց եվրոպական կոնվենցիան: Նման զուգադիպություններ չե՛ն լինում եւ եթե վաղը ԵԴ-ն այդ դիմումն էլ չընդունի, պատճառաբանելով, թե ժամանակագրական խնդիր կա՝ չեմ զարմանա: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել