Լրահոս
Օրվա լրահոսը

Ակունք իմաստնության

Հունիս 03,2004 00:00

Ակունք իմաստնության Օրերս արտասահմանյան լրատվամիջոցներից մեկը, Թուրքմենբաշու հանճարի վերջին «փայլատակումից» ապշած, այսպիսի հարցադրում էր արել. լավ, մի՞թե նրա շրջապատում չկա մի խելամիտ մարդ, որը նրան ետ կպահեր բանականության բոլոր հնարավոր սահմաններն անցնող քայլերից: Հիշեցնենք, որ Թուրքմենստանի ցմահ նախագահ Սափարմուրադ Նիյազովի, կամ այլ կերպ ասած՝ բոլոր թուրքմենների միակ ու անփոխարինելի հոր «հրաշափառ» կարգադրությամբ բոլորովին վերջերս աշխատանքից ազատվել են երկրի բոլոր այն մասնագետները, ովքեր ժամանակին բարձրագույն կրթություն են ստացել ոչ թուրքմենական բուհերում: Դժվար է այս պահին կանխատեսել, թե ինչ հետեւանքներ կունենա Թուրքմենբաշու այս հերթական «ներշնչանքը»: Բավական է սարսափով նշել միայն այն հանգամանքը, որ Թուրքմենստանի բոլոր հիվանդանոցների վիրահատարանները միանգամից զրկվեցին գրեթե բոլոր բարձրակարգ վիրաբույժներից: Վերադառնալով ապշած լրատվամիջոցին, ասենք, որ հենց ինքն էլ պատասխանում է իր հարցադրմանը: «Թուրքմենբաշին իր ժողովրդի արեգակն է, կամ գուցե մի քիչ ավելին, քան արեգակը: Իսկ ու՞մ մտքով կանցնի խորհուրդներ տալ հենց իրեն՝ երկնային լուսատուին: Ո՞վ կհամարձակվի արեւին հասկացնել, որ շատ ուժգին չփայլի, քանզի այդպիսով կխանձի բերքը եւ շատ ուրիշ վնասներ կհասցնի: Միակ բանը, որ կարող են անել եւ անում են նրան շրջապատողները, դա արեւապաշտությունն է», հեգնում է թերթը: Ի վերջո, Աստված թուրքմենների հետ: Դառնանք մեր խնդիրներին: Հունիսի 23-ին սպասվում է Ռոբերտ Քոչարյանի ելույթը Եվրոպայի Խորհրդի Խորհրդանական Վեհաժողովի նիստին: Քանի որ ԵԽԽՎ նիստը բազեների համաժողով չէ, ապա եվրոպացի պատգամավորները դժվար թե նրան նախապես մշակված հարցեր տան Հայաստանի տնտեսական աճի մասին, կամ շրջանցեն մեր երկրի ներքաղաքական իրավիճակին առնչվող խնդիրները: Թե ինչպես կպատասխանի Քոչարյանն այդ կարգի հարցադրումներին, դժվար չէ կանխագուշակել, սակայն դա, մեծ հաշվով, արդեն էական էլ չէ: Էականն այն է, թե Քոչարյանն ինչ ասաց իր երկրի ընդդիմության հասցեին երկու օր առաջ Գյումրիում՝ «իքիբիր»: Վերջին տարիներին Քոչարյանը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իրեն չմեծարող ուժերին մեղմ ասած «սրամիտ» որակումներ տալով: էական է նաեւ այն, որ ՀՀ ԿԸՀ տվյալներով քվեների մոտ 65% -ով նախագահ ընտրված Քոչարյանն իքիբիր է անվանում՝ թող որ նույն ԿԸՀ-ի տվյալներով քվեների 35%-ի արժանացած ընդդիմադիրներին: Այդպիսով նա ուղղակիորեն իքիբիր է անվանում հասարակության առնվազն 35%-ին: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ Քոչարյանի ստացած քվեների քանակը Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից լրջագույն կասկածի տակ է առնված, ապա ստացվում է, որ նա իքիբիր է կոչում ոչ ավել, ոչ պակաս՝ երկրի հասարակայնության մի հսկայական զանգվածի: Եվ սա դեռ ամենասարսափելին չէ: Թուրքմենբաշու օրինակն ամենեւին պատահականորեն չբերեցինք: Բնական հարց կարող է առաջանալ. մի՞թե Քոչարյանի մերձավոր շրջապատում չկա մեկը, որ վերջապես հուշի նրան նման բաներ անելու անթույլատրելիության մասին: Երկուսից մեկը՝ կամ այսպես կոչված «կոալիցիոներները» համամիտ են Ռ. Քոչարյանի որակումներին, կամ Հայաստանում արդեն հաղթականորեն իր համար ճանապարհ է հարթում «թուրքմենական սինդրոմը»: Բայց թուրքմենների գործն անհամեմատ հեշտ է. նրանք ԵԽ անդամ չեն ու չեն էլ պատրաստվում դառնալ: Ուստիեւ ձեւեր չեն թափում: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել