Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյունավետությունը փաստ է»

Հունիս 19,2004 00:00

«Արդյունավետությունը փաստ է» Դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի մասին «Առավոտի» հունիսի 16-ի համարում տպագրված տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանին: «Վարկային միջոցների օգտագործման արդյունավետությունը փաստող Համաշխարհային բանկի կողմից տարածած պաշտոնական հայատարարություններից եւ մեր կողմից տրված շարունակական մեկնաբանություններից հետո՝ նման տեղեկատվության հրապարակումը, մեղմ ասած՝ տարօրինակ է: «Տեղեկատվության աղբյուրը», օգտագործելով ոչ միայն Վերահսկիչ պալատի չարչկված զեկույցը, այլեւ ձեռք բերելով 2004-ի մայիսի դրությամբ կատարողականներին առնչվող տեղեկատվություն՝ անկապ տվյալներ է «քաղել» տարբեր տեքստերից եւ հանձնել խմբագրությանը: Նկատի ունենալով հասարակության հետաքրքրությունը՝ հարկ եմ համարում հնարավորինս համառոտ տալ մի շարք պարզաբանումներ՝ ըստ նախորդ նյութի շարադրանքի տրամաբանության: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի շենքի կառուցման վերաբերյալ նշելով, որ 2002-ի սեպտեմբերին, կնքված պայմանագրի համաձայն, տխրահռչակ «Արբեքս» ՍՊԸ-ն պարտավորվել էր իրականացնել շինարարությունը 238.840.000 դրամով, խմբագրության «աղբյուրը» «անտեսել» է մի շարք կարեւորագույն հանգամանքներ։ Առաջինը՝ նույնիսկ 2002 թ. դրությամբ, շենքի կառուցման իրական նախահաշվային արժեքը կրկնակի գերազանցում էր «Արբեքս» ՍՊԸ-ի կողմից մրցույթի ընթացքում առաջարկված գինը: ՀԲ-ի մրցութային պայմանների իմպերատիվն է՝ ընդունել առավել ցածր գին ունեցող առաջարկը: «Արբեքս» ՍՊԸ-ի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով՝ Ծրագրի իրականացման գրասենյակը (ԾԻԳ) դեռեւս 2003 թ. սկզբին նախաձեռնել էր հիշատակված պայմանագրի լուծման գործընթացը, ինչը եւ կատարվել է ՀԲ-ի համաձայնությունը ձեռք բերելուց հետո: Պայմանագրի լուծման արդյունքում «Արբեքս» ՍՊԸ-ին երաշխավորող «Հայագրոբանկ» ԲԲԸ-ից օրենքով սահմանված կարգով բռնագանձվեց «Արբեքսին» վճարված կանխավճարը, ինչպես նաեւ՝ 23.201.721 դրամ տուգանք, որը ԾԻԳ-ի կողմից փոխանցվել է ՀՀ պետական բյուջե: Երկրորդ՝ ԱԺ ՎՊ հաշվետվության մեջ չհիմնավորված տեղեկություն էր սպրդել, իբր հողային աշխատանքների իրականացման ընթացքում հարեւանությամբ գտնվող առանձնատունը վթարային է դարձել: Այնինչ՝ հիշատակված շինությունը վթարային էր մինչ հողային աշխատանքների սկիզբը, ինչի մասին վկայում է «Հայսեյսմշին եւ ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ8211ի կողմից դեռեւս 31.10.2002թ. տրված մասնագիտական եզրակացությունը: Ավելին՝ հիշատակված շենքի վթարային լինելու փաստը լուրջ խոչընդոտ է հանդիսացել հողային աշխատանքների համար: Ի դեպ, առանձնատան սեփականատեր հանդիսացող քաղաքացին այսօր առնվազն գոհ ու շնորհակալ է: Աշտարակի դատարանի շինարարության հետ կապված տուգանք չկիրառելու վերաբերյալ ցանկացած մեկի կողմից հայտնած տարակուսանքները զուտ իրավական անգրագիտության հետեւանք են: Քանի որ գործող օրենսդրությունը չի թույլատրում ֆինանսական բնույթի որեւէ պատժամիջոց կիրառել այն դեպքերում, երբ պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման ժամկետը դեռեւս չի լրացել: Հիշատակված պայմանագիրը, ՀԲ-ի կողմից սահմանված ուղեցույցների համաձայն, երկարացվել էր մինչեւ 2003-ի հունիսի 16-ը: Պարզ փաստելով, որ վարկային ծրագիրը վավեր ճանաչելու պահից անցել է ոչ թե 2,5, այլ 2 տարի, նշենք, որ «շինարարական աշխատանքներ» հասկացությունը ներառում է մի շարք երկարատեւ պատշաճ գործընթացներ՝ նախագծումից մինչեւ մրցույթների անցկացումը: Անդրադառնալով Գյումրիի, Վանաձորի, Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դատարանների շենքերի կառուցման ընթացքին, որոնց մասին թերթում տպագրված տեղեկատվությունը, ի դեպ, որեւէ առնչություն չունի ԱԺ ՎՊ հաշվետվության հետ, ասեմ, որ խմբագրության «աղբյուրի» կողմից նշված տոկոսային տվյալները արտահայտում են ընդամենը պայմանագրային արժեքի համեմատ ծախսված գումարները, իսկ կապալառուները, որոնք չարամտորեն թերանում են պարտավորությունների կատարման ընթացքում՝ ենթարկվում են տույժերի: Հավելեմ, որ հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության նախարարի շրջաբերական գրությունները ձմեռային ամիսների ընթացքում «թաց պրոցեսներ» պարունակող շինարարական աշխատանքներ չիրականացնելու վերաբերյալ՝ ԾԻԳ-ի կողմից հրահանգվել էր ժամանակավորապես դադարեցնել շինարարական աշխատանքները, ինչի վերջնանպատակն է՝ ապահովել իրականացվող աշխատանքների որակը: Ամփոփելով վերը նշվածը, առաջարկում եմ տարբեր տեսակի «աղբյուրներին»՝ լինել ավելի բարեխիղճ եւ գիտակցել, որ յուրաքանչյուր տեղեկատվության տարածում ենթադրում է սոցիալական պատասխանատվություն»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել