Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇԵՑԻՆՔ «ՍՈՎԵՏԱԿԱՆ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Հունվար 25,2005 00:00

ԱՄՆ
պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի հայտնի հայտարարությունից հետո կոլեկտիվ ընդվզումներին
անդրադառնալով՝ նկատեց «Արմատ» կենտրոնի հիմնադիր անդամ Արա Սահակյանը: –
Պրն Սահակյան, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Է. Ջոնսի հայտնի հայտարարության կապակցությամբ
մեծ դժգոհություն առաջացավ հասարակական ամենատարբեր խավերում: Հիմա միջադեպը կարելի՞
է համարել հարթված: – ՀՀ ԱԳ նախարարը եւ ԱՄՆ դեսպանը տրամագծորեն հակառակ
պնդումներ արեցին: Դեսպանն ասաց՝ ձեզ չենք նկատի ունեցել, իսկ նախարարը հայտնեց՝
մեզանից ներողություն են խնդրել: Եթե Ջոնսը մեզ նկատի չուներ, ուրեմն ներողություն
պետք է խնդրեր ոչ թե ինքը, այլ՝ մենք: Ղարաբաղյան կարգավորման խնդիրը հանգեցվեց այս
միջադեպին: Ոմանք հակված են միջադեպը հարթված տեսնել, սակայն լուրջ հիմքեր ունեմ
կարծելու, որ այս ամենի մեջ խաղ կա, վատ խաղ, եւ այդ խաղը նոր-նոր է սկսվում: –
Ի՞նչ ցույց տվեց այս միջադեպը: – Չափազանց տգեղ ու տխուր տեսարան էր, որ մեզ
վերադարձրեց սովետական անցյալը: Նաեւ՝ ծիծաղելի: Որովհետեւ դպրոցները փակ էին եւ
պոստում միայն բժիշկներն էին: Իհարկե, մեծ դեր ունեցավ այն, որ առողջապահության նախարարը
դաշնակ է: Իսկ թե ինչու դաշնակ գյուղնախարարը չլծվեց այս գործին՝ երեւի պետք է բացատրել
վեգետացիոն սեզոնի անպատեհությամբ: Միջադեպի արձագանքման քարոզչական տեխնոլոգիան
մի ավելորդ անգամ ի հայտ բերեց իշխանության մտադրությունները ԼՂ հիմնախնդրի առնչությամբ:
Եվ դա նրանք գաղտնիք չեն պահում՝ կա՛մ անկախություն, կա՛մ միացում: Թո՛ղ համարվի
միջադեպը հարթված: Բայց ղարաբաղյան կարգավորումը շարունակում է մնալ տագնապի մեջ.
ողջ հասարակությունը պրկված է վերահաս անցանկալիից: – Բայց ինչպե՞ս, ի՞նչ
ճանապարհով հասնել մեզ համար ցանկալի լուծմանը: – Միասնության միջոցով. դրան
է մեզ կոչում իշխանությունը, եւ անգամ հայրական գոհունակություն հայտնվեց, թե «հայերն
ընդդեմ Ջոնսի» գործում այդ միասնությունը երեւաց: Ուզում եմ հարցնել մեր հասարակությունը
զոմբիացնել ձգտողներին՝ որտե՞ղ են ապացույցները, որ կա՛մ անկախություն, կա՛մ միացում
ծրագիրն է իրականը: Չեմ ասում՝ նախընտրելին, քանի որ, իհարկե, Սեւրի դաշնագիրը նախընտրելի
էր, սակայն իրականը Ալեքսանդրապոլի ու Կարսի խայտառակ պայմանագրերը եղան: Իմ հարցը
պատասխան ունի, որովհետեւ խոսքը քաղաքական ծրագրի մասին է, իսկ քաղաքականության վավերականությունը,
ինչպես հայտնի է, չափվում է նրա արդյունքներով, ինչպես հիշատակված պայմանագրերի արդյունքը
եղավ արեւմտահայության ու Արեւմտյան Հայաստանի ամբողջական կորուստը եւ Կարսի, Սուրմալուի,
Արդահանի, Նախիջեւանի, Ղարաբաղի զիջումը թուրքերին ու ազերիներին: Արդ՝ ո՞րն է վերջին
7 տարվա քաղաքականության արդյունք. ժողովրդավարության չափանիշներին չհամապատասխանող
ընտրություննե՞րը, հոկտեմբերի 27-ի սպա՞նդը, միջազգային կազմակերպությունների ու
փորձագիտական կենտրոնների կողմից տրվող անբարենպաստ գնահատականնե՞րը: Թե՞ այն, որ
Ադրբեջանի բյուջեի եկամուտները մոտենում են 2 մլրդ դոլարի սահմանագծին, Վրաստանինը՝
1 մլրդ դոլարի, իսկ Հայաստանինը ծրագրավորվել է հազիվ 650 մլն: Թե՞ Ադրբեջանի առաջանցիկ
ռազմական ծախսերը ու նրա կարծրացող դիրքորոշումը ԼՂ հարցում: – Բայց գրավիչ
է՝ լինենք միասնական, եւ թշնամին մեզ չի հաղթի: Բերվում են Չարենցի հայտնի խոսքերը՝
«Ով հայ ժողովուրդ…»: – Եթե բոլորը մի կերպ են մտածում, ուրեմն իրականում
մտածում է մեկը եւ՝ բոլորի փոխարեն: Դա տոտալիտարիզմ է: Ես անձամբ միասնական չեմ
եղել ու երբեք չեմ լինի խաղաղ ցուցարարներին ջարդողների, ռասիստների, հոմոսեքսուալիստների
ու էլի շատ մարդկային արատների հետ: Ժողովրդավարություն նշանակում է բազմակարծություն:
Դա մեր նվաճումն է, մեր արժանապատիվ զարգացման երաշխիքը: Իսկ հիմա հայտնվել են մենտորներ
եւ, էկրանից էկրան վազելով, մեզ իրենց պես մտածելու կոչ են անում: Մտածելու ազատությունը
մարդկային էությունն է կազմում, իսկ իրենց չափը չիմացող ինչ-որ տխմարներ փորձում
են վերացնել քաղաքացիական հասարակության ինստիտուտներն ու բոլորին քշել անասնաֆերմա:
Իրենց անվանում են ազգայնական եւ քարկոծում ժողովրդավարներին: Ոտնատակ տալով իրավունք
ու ժողովրդի կամք՝ խոսում են եւս 10 տարի տիրապետելու մասին. իբր այս 7 տարին ժողովրդին
բախտավորեցրին… Զորավար Անդրանիկը պատմում է, որ 1919-ին դաշնակները միանձնյա իշխելու
5 տարի էին պահանջում: Իսկ թե ինչ եղավ 1 տարի անց՝ բոլորը գիտեն: Հիմա սրանք ի՞նչ
են պատրաստվում զոհել հանուն ազգայնականության ու եւս 10 տարի անվերահսկելի տիրապետելու՝
Ղարաբա՞ղը, Հայաստանի մի մա՞սը, թե՞ ամբողջ Հայաստանը: Զրուցեց
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել