Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՇԱՏ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐ ԿՓԱԿՎԵՆ

Հուլիս 05,2007 00:00

\"\"Ըստ գործարարների, գազի լիցքավորման կետերի հաստատագրված հարկի ավելացումը կհանգեցնի դաշտում մոնոպոլիայի ձեւավորմանը:

Ազգային ժողովն այս շաբաթ երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարոթյան հեղինակած օրինագիծը, որով «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել: Ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեությունը մեր երկրում հարկվում է հաստատագրված վճարով: Հաստատագրված հարկ են վճարում նաեւ բենզինի ու դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի բիզնեսով զբաղվողները: Հաշվի առնելով, որ այս երկու բիզնեսները խիստ եկամտաբեր են, ըստ կառավարության առաջարկած փոփոխությունների, թե՛ բենզալցակայանների, թե՛ գազալցակայանների համար վճարվող հաստատագրված հարկերը պետք է մյուս տարվա հունվարի 1-ից բարձրանան: Այդ որոշումը հարուցել է հատկապես բենզինի վաճառքով զբաղվողների դժգոհությունը, քանի որ, ըստ նրանց, իրենց գործունեությունը բոլորովին էլ շահութաբեր չէ, եւ կառավարությունը պետք է մի բան էլ իրենց համար հարկային նոր արտոնություններ սահմանի, որպեսզի կարողանան դիմանալ գազալցակայանների հետ մրցակցությանը:

Այն, որ գազալցակայան աշխատեցնելը եկամտաբեր է, չեն ժխտում նաեւ իրենք՝ այդ բիզնեսով զբաղվողները: «Հայաստանում ավտոմեքենաների 60 տոկոսից ավելին իսկապես գազով է աշխատում եւ դա բնական է, որովհետեւ գազն ավելի մատչելի է, քան բենզինը: Առնվազն 10-30 տոկոս շահույթ ենք ունենում՝ կախված նրանից, թե որտեղ է գտնվում գազալցակայանը՝ մարզերո՞ւմ, թե՞ Երեւանում, կենտրոնո՞ւմ, թե՞ ծայրամասում, բայց չի կարելի ասել, թե այս ոլորտում գերշահույթներ կան»,- իր բիզնեսի գաղտնիքներն «Առավոտի» հետ զրույցում բացահայտեց ավտոտրանսպորտային միջոցների գացալցման գործունեությամբ զբաղվողներից մեկը՝ Մեխակ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ բենզին ներկրող «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը մի քանի օր առաջ «Առավոտին» ասել էր, որ բենզինի վաճառքից ընդամենը մոտ 2 տոկոս շահույթ են ունենում: Մ. Խաչատրյանի դիտարկմամբ՝ սխալ է համեմատել բենզինի եւ գազի բիզնեսների եկամտաբերությունը, որովհետեւ գազալցակայան ունենալու համար ի սկզբանե մեծ ներդրումներ պետք է անել, թանկ սարքավորումներ տեղադրել եւ երկար սպասել արդյունքի:

Մ. Խաչատրյանը 2 գազալցակայան ունի, մեկը՝ մայրաքաղաքում, մյուսը՝ Լոռվա մարզում: Յուրաքանչյուր լցակայանում տեղադրված 1 լիցքավորող ապարատի համար նա վճարում է 1.5 մլն դրամ՝ ամսական հաստատագրված հարկ եւ քանի որ մարզում տեղադրված լցակայանում 2 սարք է գործում, մայրաքաղաքում՝ մեկը, ընդհանուր առմամբ նա ամսական վճարում է 4.5 մլն դրամ հարկ: «2002-ից առաջ գազալցակայանների հաստատագրված հարկն ընդամենը կես մլն դրամ էր, թանկացրին՝ դարձրին 1 մլն դրամ, 2003-ին նորից վերանայեցին ու դարձրին 1.5 մլն դրամ, այսինքն՝ վերջին տարիներին մոտ 300 տոկոսով հարկը բարձրացրին: Ու հիմա, եթե հարկայինը նորից ուզում է հաստատագրված հարկն ավելացնել, ինձ թվում է՝ դա կբերի նրան, որ այս դաշտում մոնոպոլիա կլինի, քանի որ շատ գործարարներ չեն դիմանա այդքան մեծ հարկերի ճնշմանը ու դուրս կգան դաշտից, արդյունքում՝ կմնան միայն խոշոր բիզնեսմենները: Ներկայումս գազի լիցքավորման բիզնեսում մոտ 70 տարբեր ընկերություններ ու անհատ բիզնեսմեններ են գործում, որոնք աշխատեցնում են 100-ից ավելի գազալցակայան: Հարկը բարձրացնելուց հետո շատ գազալցակայաններ կփակվեն: Օրինակ, ես մարզում իմ երկու լիցքավորման սարքերից կթողնեմ մեկը, չնայած այդ երկուսը պահանջարկը հազիվ են բավարարում, մարդիկ 3-4 ժամ հերթ են կանգնում: Փաստորեն, հարկը բարձրացնելու դեպքում սպասարկման որակն է՛լ ավելի է իջնելու»,- ասաց Մ. Խաչատրյան: Նաեւ վստահեցնում էր, որ իրենք, ի տարբերություն մյուս ոլորտների գործարարների, ստվերում չեն աշխատում, ուստի դրանից ելնելով՝ հարկայինը պետք է իրենց նկատմամբ ավելի մեղմ վարվի. «Մենք գազը գնում ենք «ՀայՌուսգազարդից», ուստի, եթե անգամ ուզենանք էլ՝ չենք կարող գնած գազի ծավալը թաքցնել, որովհետեւ դա ֆիքսվում է «ՀայՌուսգազարդում», բացի այդ, աշխատող էլ չենք կարող թաքցնել, որովհետեւ գազալցակայանների բոլոր աշխատակիցներն ունենում են մի քանի մարմինների կողմից տրամադրված հատուկ թույլտվություն, նոր կարողանում են աշխատել, այսինքն՝ մենք ոչ մի շանս չունենք թաքցնելու»:

Բենզին ներկրողներն ահազանգում էին, որ ավտոմեքենաները գազով աշխատեցնելը հետագայում հնարավոր է աղետալի հետեւանքներ թողնի Հայաստանի շրջակա միջավայրի վրա, քանի որ մեքենաներն արտադրվելիս նախատեսված են բենզինով շահագործելու համար եւ ոչ ոք դեռ չի ուսումնասիրել, թե որքանո՞վ են գազ այրող մեքենաները աղտոտում օդը: «Ֆլեշի» փոխտնօրեն Մ. Էլչյանի խոսքերով՝ «Այն, որ այսօր Երեւանում շնչել չի լինում՝ նրանից է, որ մեքենաների մեծ մասը գազով է աշխատում»: Սակայն գործարար Մեխակ Խաչատրյանը ճիշտ հակառակ համոզմունքն ունի: Ըստ նրա, գազը բենզինի համեմատ էկոլոգիապես մաքուր վառելանյութ է, որի այրման ժամանակ չեն առաջանում կապար, ցինկ եւ նման վնասակար նյութեր: Ըստ նրա՝ «եթե մայրաքաղաքում դեռ մի քիչ շնչել լինում է, պետք է շնորհակալ լինենք այն վարորդներին, ովքեր իրենց մեքենան գազով են շահագործում: Գերմանիայում 3 ավտոմեքենա ունեցող վարորդին պետությունն առաջարկում է երկուսի՝ բնական գազով աշխատեցնելու փողը պետբյուջեից տալ: Այնտեղ գազալցակայանները բնապահպանական հարկից ազատված են: Այդ արտոնությունները հենց այնպես չեն տալիս, պարզապես այնտեղ մտածում են իրենց երկրի էկոլոգիական խնդիրների մասին, իսկ մեզ մոտ ոչ մի տեսակի արտոնություն գազալցակայանների համար սահմանված չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել