Լրահոս
Օրվա լրահոսը

Միայնակ կնոջը վտարում են

Օգոստոս 08,2007 00:00

80-ամյա Ժենյա Սարգսյանին նորակառույց բնակարանից փողոց են նետում

Գյումրիում «Լինսի» նորակառույցների բնակբաշխման գործընթացը վաղուց ավարտվել է, սակայն գյումրեցիները դեռեւս շարունակում են տառապել Շիրակի մարզպետարանի բնակբաշխման հանձնաժողովի «հանճարեղ» որոշումներից: Ինչպես գյումրեցիներն են ասում, հանձնաժողովի անդամներից ամեն մեկն իր համար բիզնես էր սկսել. աճուրդ- վաճառքի հանելով բարերար Քըրքորյանի միջոցներով կառուցված բնակարանները՝ շատ դեպքերում «օպտիմալ» բնակբաշխում կատարելով՝ նույն բնակարանը միանգամից երկու կամ երեք ընտանիքների հատկացնելով ու քաղաքի բնակիչներին միմյանց դեմ լարելով: Մի փաստ էլ արձանագրվել է վերջերս: Այն անելանելի վիճակի մեջ է գցել նաեւ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանին: 80-ամյա միայնակ, անժառանգ ու անօթեւան Ժենյա Սարգսյանին երեք տարի առաջ Մուսայելյան 76 ա շենքում բնակարան հատկացնելուց հետո, վերջերս որոշել են նրա ձեռքից վերցնել այդ տունը: Մարզպետարանը նրան առաջարկում է ապրել փողոցներում: Բանն այն է, որ վերոհիշյալ շենքը վերանորոգվել է պետական միջոցներով, եւ բնակարանները նախատեսվել են հատկացնել շենքի նախկին բնակիչներին: Նախկին բնակիչներից մեկն էլ՝ Լիլիկ Մկրտչյանը, ընդամենը վերջերս է որոշել տեր կանգնել իր տանը՝ մարզպետարանին դատի տալով ու իր երկու սենյականոցը պահանջելով: Բայց քանի որ Լիլիկ Մկրտչյանի ընտանիքի անդամները պակասել էին՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Ենոքյանը որոշել է հայցվորի չորս անձից բաղկացած ընտանիքին հատկացնել այն մեկ սենյականոց բնակարանը, որն արդեն իսկ հատկացվել էր Ժենյա Սարգսյանին:

Մարզպետարանն առաջին ատյանի դատարա նի վճիռը բողոքարկել է վերաքննիչ դատարան, սակայն այն մնացել է անփոփոխ: Լիլիկ Մկրտչյանն էլ սեփականաշնորհել էր իր նոր բնակարանը:

Ինչպես մեզ բողոքեց Ժենյա Սարգսյանը, այս ամենը, չգիտես ինչու, խիստ գաղտնի էր պահվել իրենից: Այս մասին ինքը տեղեկացել էր պատահաբար, երբ տունը սեփականաշնորհելու համար դիմել էր մարզպետարանի քաղաքաշինության վարչություն: Այստեղից էլ պատասխանել են՝ համբերեք, տունը կալանքի տակ է: Այժմ միայնակ ծեր կնոջ «պատվավոր» հյուրերը դատական ակտերի հարկադիր կատարողներն են, որոնք նրան սթրեսի մեջ են պահում. օրումեջ ներկայանում ու սպառնում են ազատել բնակարանը: Իմիջիայլոց, Ժենյա Սարգսյանը իր այս ապրումներից կորցրել է տեսողությունը: Նրա ասելով՝ տեղ չմնաց, որ չբողոքի, դիմել է թե երկրի նախագահին, թե վարչապետին, սակայն նրանց փոխարեն իրեն պատասխանում են մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից՝ հասկացնելով, որ տեսնի իր գլխի ճարը: «Ես այս բնակարանը օրինական եմ ստացել ու ոչնչով մեղավոր չեմ, որ նոր տերեր են հայտնվել, ես չեմ ասում, թե պարտադիր այս տանն ապրեմ, բայց եթե վտարում են՝ գոնե ինձ փողոցներում չթողնեն»,- ասում է Ժենյա Սարգսյանը, ով ներկա պահին դատի է տվել մարզպետարանին, քանի որի վերջինիս մեղքով է հայտնվել անելանելի վիճակում: Նրա տեղեկացնելով, արդեն երրորդ անգամ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում դատը հետաձգում են՝ չկարողանալով որոշել, թե ինչ տեսակ բնակարանով ապահովել ծեր կնոջը: Պատճառն ակնհայտ է՝ արդեն չորրորդ տարին է՝ Գյումրիում ձեւի համար մի բնակարան չի կառուցվում: Իսկ 80-ամյա կնոջը առաջարկում են հարցի լուծման աբսուրդ տարբերակ. օգտվել ԲԳՎ ծրագրից: «Ես ոչ տեսողություն ունեմ, որ մյուսների պես թաղեթաղ ընկնեմ տուն փնտրելու, ոչ էլ այդքան փող, որ կարողանամ ԲԳՎ-ի վրա ավելացնեմ ու քիչ թե շատ բնակության պիտանի տուն գնեմ»,- դժգոհում է Ժենյա Սարգսյանը՝ խնդրելով վերաքննիչ դատարանին գոնե ժամանակավորապես՝ մինչեւ հարցի վերջնական լուծումը, կասեցնել ԴԱՀԿ-ի «տհաճ» այցերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031