Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄ ԹԻՄԸ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է

Դեկտեմբեր 12,2007 00:00

\"\"ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը գաղափարական պայքար չի տեսնում եւ բաց է համագործակցության համար

– Պարոն Մելիքյան, բնակվելով մի պետությունում՝ ՀՀ-ում, ինչպե՞ս եք հաջողել մեկ այլ պետության՝ ԼՂՀ-ի արտգործնախարարի, ապա՝ նախագահի օգնականի պաշտոնները վարել:

– Նախ ես եղել եմ ԼՂՀ մշտական ներկայացուցիչը Հայաստանում. դա ենթադրում էր, որ ես պիտի ապրեմ Հայաստանում: Որպես նախագահի խորհրդական, իմ հիմնական աշխատավայրը եւ բնակավայրը Երեւանն էր: Նույնը՝ արտգործնախարարի պաշտոնում, որովհետեւ քաղաքական որոշում կար, որ հիմնական աշխուժությունը պետք է տեղափոխվի Երեւան: Այսինքն՝ այնպես ստացվեց, որ ես մշտապես ապրել եւ գործել եմ Երեւանում:

– Ըստ Ձեզ, ընտրազանգվածի քանի՞ տոկոսն է ծանոթ Ձեր գործունեությանը եւ ձայների ի՞նչ տոկոս եք ակնկալում:

– Կարծում եմ, որ այդ տոկոսը բավականին բարձր է, որպեսզի իմ մասնակցությունն ընտրություններին արդարացված լինի: Մտնելով ընտրապայքարի մեջ, ես ակնկալում եմ այնքան տոկոս, որ բավարարի հաղթանակի համար:

– Թեկնածուներն արդեն իսկ ի ցույց են դնում սեփական «առավելություններն» ու «բարեմասնությունները»: Տիգրան Կարապետյանը նույնիսկ հայտարարեց, որ ինքն ամենաշատ փող ունեցողն է: Ձեր ո՞ր «բարեմասնության» համար պիտի մարդիկ ձեզ ձայն տան:

– Գիտեք, սա բարեմասնությունների առք ու վաճառքի խնդիր չէ. ես մոտեցումներ եմ առաջարկում, հանրությունը պիտի որոշի, թե դրանք որքանո՞վ են արժանի իր ուշադրությանը, որքանո՞վ են արժանի կյանքի կոչելուն: Օրինակ՝ կցանկանա՞ հայաստանցի ընտրողը տեսնել կոռուպցիոն կառավարման համակարգի շարունակականություն: Կամ՝ Ադրբեջանին փոխանցվեն այն տարածքային ձեռքբերումները, որոնք այսօր ունի ԼՂՀ-ն: Այդ առումով, ես կարծում եմ, որ իմ դիրքերում կանգնած ընտրազանգվածը բազմաքանակ է: Անձնական եւ անձնավորված առավելությունները չեն կարող ծրագրի հետ իրական, անմիջական կապ ունենալ:

– Հմայակ Հովհաննիսյանը հատարարեց, որ Ձեզ ընտրապայքարում ներդրել է Սերժ Սարգսյանը՝ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Դուք չհերքեցիք այդ հայտարարությունը: Ձեզ իսկապե՞ս ներդրել է Սերժ Սարգսյանը:

– Սա ընտրապայքար է եւ գործի են դրվելու տարատեսակ մեթոդներ. դրա համար ես որեւէ մեկին մեղադրանք ներկայացնելու խնդիր չունեմ եւ որեւէ մեկի մեղադրանքներին արձագանքելու խնդիր էլ չունեմ: Սա մեղադրանք է, որը կարող եմ վառ երեւակայության դրսեւորում համարել:

– Իսկ ովքե՞ր են Ձեր թիմում, ովքե՞ր են կանգնած լինելու Ձեր կողքին:

– Իմ կողքին կանգնած են լինելու նրանք, ովքեր դեմ են տարածք հանձնելուն, նրանք, ովքեր դեմ են Հայաստանում կոռուպցիային: Իմ կողքին են լինելու ադրբեջանահայ փախստականները, որոնց խնդիրն առ այսօր անտեսված է բանակցային գործընթացում: Եվ այդ տեսանկյունից իմ թիմը գնալով ընդլայնվում է մարդկանցով, որոնց համար այս խնդիրները հոգեհարազատ են:

– Ես նկատի ունեի Ձեր ստվերային կաբինետը: Կարո՞ղ եք որոշ անուններ հրապարակել:

– Կարծում եմ՝ այսօր դեռ վաղ է այդ մասին խոսելը: Առջեւում լուրջ նախընտրական գործընթաց ունենք եւ առաջին խնդիրը, որ ունենք Հայաստանում լուծելու՝ գաղափարներ եւ մոտեցումներ շրջանառության մեջ դնելն է: Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ Հայաստանում բոլոր քաղաքական թիմերում կան ունակ, հայրենասեր, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ, որոնք կարող են ներգրավվել պետական շինարարության աշխատանքում: Այդ առումով, ես չեմ ուզում բաժանել մարդկանց թիմակիցների եւ հակառակորդների: Իմ եւ իմ թիմակիցների առաջարկած սկզբունքների շուրջ ես պատրաստ եմ համագործակցել ցանկացած քաղաքական թիմի հետ:

– Արդեն իսկ մեկնարկած պայքարը Դուք համարում եք քաղաքական եւ գաղափարների՞ պայքար:

– Երկու բեւեռների միջեւ ընթացող այս պայքարը անձնական առաքինությունների եւ թերությունների նկարագրություն է, որը քաղաքական պայքարի հետ առնչություն չունի: Բայց դա կարող է արդյունքի հանգեցնել՝ բացառապես բացասական. թե հանրային կարծիքի ձեւավորման, թե քաղաքական մշակույթի անկման տեսանկյունից: Ի վերջո, կարող է հանգեցնել երկրի ներսում լուրջ քաղաքացիական դիմակայության, ինչը շատ վտանգավոր է:

– Կարծում եք, որ լուրջ ընտրախախտումնե՞ր են լինելու:

– Որոշ մտավախություններ ունեմ, բայց դրանք այս պահին առարկայական չեն: Որոշ նախանշաններ կան, որոնց կանդրադառնամ ավելի ուշ, որոշակի վերլուծական աշխատանք կատարելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել